Այսօր «Տեսակետ» ակումբում ՀՀ գիդերի միության նախագահ Լիա Բախշինյանը խոսելով Գառնու տաճարի տարածքում կառուցվող սրճարանի թեմայով , ասաց, որ Գառնու տաճարը մշակութային մեծ արժեք է եւ, երբ ասում են Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, նախ եւ առաջ նկատի ունեն հենց Գառնու տաճարը: «Չեմ պատկերացնում, որ թանգարան մտնես ու կենտրոնական մասում տեսնես սրճարան: Գառնին դա թանգարան է, իսկ այդ սրճարանը գտնվում է Գառնու կենտրոնում, սրտում: Դա այն վայրն է, որտեղ նաեւ դպրոցականներին ենք բերում, սովորեցնում: Այս հարցով մենք նաեւ ՀՀ վարչապետին ենք նամակ պատրաստել: Սրճարանը լավ բան է, բայց ոչ հոգեւորի հաշվին»: Լիա Բախշինյանը նաեւ նշեց, որ Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանը իր հետ համակարծիք է, եւ երեկ իրեն ասել է, որ կանչել են մարզպետարան ու ասել, որ առանց մարզպետի թույլտվության ոչ մեկ իրավունք չուներ այնտեղ սրճարան կառուցել, գյուղապետն էլ նշել է, որ իրեն բավարարել է այդ պատասխանը, բայց դա հարցի լուծում չէ:
«Եթե մենք մտնում ենք թանգարան, այնտեղ չենք կարող սրճարան տեսնել, չի կարելի, ինչքան էլ, որ այն գեղեցիկ կառուցված լինի: Եթե մեկ հատ թույլ տան, հետո կլինի երկրորդը, երրորդը…»,- նշեց Լիա Բախշինյանը, ավելացնելով, որ
գյուղապետն ասել է, որ մարզպետարանն իրեն համոզել է, որ ոչ մի միջամտություն չի լինի, եւ եթե այսպես շարունակվի նա նորից կմիանա իրենց, չնայած, որ ասել են, թե հարցը մարզպետարանի մակարդակով կլուծվի: «Ես հավատով եմ լի, որ մարզպետարանն իրոք թույլ չի տա այդ սրճարանի կառուցումը: Այս հարցով պետք է դիմել բոլոր բուհերին, երիտասարդությանը, ոտքի հանել, որ թույլ չտան այդ կառուցապատումը, որովհետեւ Գառնի գնում են ոչ թե սրճարանի համար: Նորավանքն էլ Յունեսկոն չնդունեց, որովհետեւ այնտեղ ռեստորան կառուցեցին, Գառնուն էլ է այդ ամենը սպառնում»,- ավելացրեց Լիա Բախշինյանը:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության բաժնի ղեկավար Ինգա Սարգսյանն էլ նշեց, որ Գառնիում ջուր վաճառելը ավելի կոմերցիոն է, քան սրճարանը ու ըստ նրա, դա ավելի լավ է անի գյուղապետը, քան մշակույթի նախարարությունը`«Մենք Հայաստանը ներկայացնելու մեծ կապիտալ ունենք ու ես դեմ եմ այդ սրճարանի կառուցմանը»:
Գառնու տաճարի աղավաղման հարցով մտահոգվածները վստահ են, այսօր ասում են, թե այնտեղ միայն թեյ ու սուրճ են խմելու, բայց իրենք համոզված են, որ եթե այսօր թույլ տան, որ սրճարան կառուցվի, ապա վաղն էլ` շաուրմա կսարքեն:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ