Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինան չի ցանկանում պատերազմել. Կարեն Վրթանեսյան (Տեսանյութ)

Մարտ 04,2014 13:58

Երբ ուկրաինական երկնքում հայտնվեց ռուսական ինքնաթիռ, տեղի հակաօդային պաշտպանության համակարգը ոչ մի արձագանք չտվեց, եւ դա ցույց տվեց, որ ուկրաինական զորամասի ամեն մաս այսօր փաստացի թողնված է բախտի քմահաճույքին, այսինքն՝ հստակ հրահանգներ կարծես թե չկան: Այսօր «Զորակն» գիտակրթական հիմնադրամում լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոց» դասընթացի կազմակերպիչ, քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը:

«Եթե նույնիսկ բախում էլ լինի, դիմադրություն լինի, այդ դիմադրությունը շատ արագ կճնշվի»,- ասաց նա եւ ավելացրեց, որ Ուկրաինայում տեղի ունեցածը կարող է մեզ համար եւս դաս լինել: «Մեր համար սա դաս է, որ նույնիսկ ամենախաղաղ, նույնիսկ ամենահանգիստ տարածաշրջանում հնարավոր է իրավիճակը փոխվի այնպես, որ երկրի գոյության հարց դրվի, ու հնարավոր է՝ հարց տրվի՝ այդ երկիրը գոյություն կունենա՞, թե՝ ոչ: Առավել եւս մեր դեպքում, որ մենք ունենք կոնֆլիկտներ, մենք շատ ավելի անկայուն տարածաշրջանում ենք, մեր համար ազգային անվտանգության խնդիրը պետք է լինի առաջնայինը»,- ասաց պարոն Վրթանեսյանը:

Խոսելով Ղրիմից Ռուսաստանի ռազմաբազայի դուրս հանման մասին՝ նա հիշատակեց, որ Ուկրաինան տարիներ շարունակ ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա՝ փորձելով դուրս մղել Ռուսաստանի ռազմանավերը Սեւաստոպոլից՝ վարձակալության գումարը անընդհատ ավելացնելով, բացի այդ, ժամկետը երկարացնելու քաղաքական ճնշում կա, եւ այլն:

«Ղրիմի կորուստը ընդհանրապես կվատթարացնի Ռուսաստանի ռազմական ներկայությունը Սեւ ծովում, դա նաեւ ինչ-որ չափով արդեն մեզ համար է խնդիր դառնում, որովհետեւ, օրինակ, խաղաղ պայմաններում երեւի չէ, բայց եթե հայ-ադրբեջանական հակամարտությունը սրվի, խնդիրներ կարող են առաջանալ Հայաստանի մատակարարման Վրաստանի նավահանգստի միջոցով: Թուրքիան շատ հանգիստ կարող է նավեր կանգնեցնի եւ ստուգի»,- ասաց պարոն Վրթանեսյանը:

Թուրքագետ, «Ռազմինֆո» ռազմական վերլուծական-լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գեւորգ Պետրոսյանն էլ Թուրքիան համարում է Սեւ ծովի երկու հիմնական խաղացողներից մեկը: «Ռուսաստանի ռազմական ուժերի դուրս բերումը միայն Թուրքիայի օգտին է»,- ասաց նա: Նշում է, որ այդ երկրի գլխավոր խաղաքարտը թաթարներն են, որոնք այժմ էլ որոշակի թուրքամետ դիրքորոշում ունեն: «Թուրքիայում մոտ 200 000 Ղրիմի թաթար է ապրում, որոնք արդեն ցույցերի են ելել հակառուսական տրամադրություններով»,- ներկայացրեց նա:

Խոսելով տարբեր երկրների՝ Ղրիմի նկատմամբ եղած նկրտումների մասին՝ Կարեն Վրթանեսյանն ասաց, որ Ղրիմը երբեք չի եղել զուտ ուկրաինական, զուտ ռուսական տարածք, այն զուտ բուֆերային գոտի, ճանապարհների, առեւտրային կենտրոն է: «Այստեղ, ինձ թվում է, առաջին հերթին ռազմաքաղաքական շահերն են դեր խաղում, այստեղ ոչ մի կողմի կողմից հանուն հայրենիքի պայքար չկա»,- ասաց նա:

Հարցին, արդյոք Ուկրաինայում այս ընթացքում տեղի ունեցող զարգացումները կբերեն պատերազմի, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Դատելով Ուկրաինայի ռեակցիայից՝ Ուկրաինան ոչ միայն պատրաստ չէ պատերազմի, այլեւ չի ցանկանում պատերազմել, շատ արագ Ուկրաինայի հռետորաբանությունը փոխվեց, նաեւ, եթե նայենք նույն ԱՄՆ-ի, Եվրոպայի ռեակցիաները, ապա այնպիսին չեն, որ իրենք պատրաստ են ինչ-որ լուրջ ռազմական գործողությունների մասնակցել»:

Մանրամասն տեսանյութում


Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31