Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հեղինակները հեղափոխական են համարում փոփոխությունները

Մարտ 04,2014 14:16

ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ «Էյջ Էմ» իրավախորհրդական գրասենյակը կազմակերպել էր երկօրյա սեմինար Աղվերանում: Օրակարգում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծն էր, լրագրողների վերապատրաստման ծրագիրը: Օրակարգը ներկայացրին ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նորա Սարգսյանը, «Էյջ Էմ» խորհրդատվական գրասենյակի տնօրեն Զարուհի Հարությունյանը: Զեկուցողները եղել են հիմնականում երկուսը՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը եւ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով նյութերի նախապատրաստման փուլը՝ վարույթը, սկսվում է հաղորդում ստանալուց հետո: Չկա կասկածյալ, ոչ պարտադիր փուլ է դառնում հետաքննությունը: Ըստ օրենսգրքի հեղինակների՝ հետաքննությունը եւ նախաքննությունը զուգահեռ ընթացող գործողություններ են: Պաշտպանական կողմին իրավունք է վերապահվել ապացույց ներկայացնել, եթե գտնում է, որ գործի համար ունեն էական նշանակություն: Նոր օրենսգիրքը թույլ է տալիս այլընտրանքային խափանման միջոցների կիրառում միաժամանակ, ի տարբերություն գործող օրենքի, ուր կար մեկ մեղադրյալ, մեկ խափանման միջոց: Փաստաբանին թույլ է տրվել բացի ապացույց ներկայացնելուց, ձեռք բերել փորձագիտական եզրակացություն, ինչը գործող օրենքով կատարվում էր դատարանի միջոցով, երբ պաշտպանական կողմը ներկայացնում էր միջնորդություն: Ի դեպ, խափանման միջոցի հարցը պետք է լուծվի 60 ժամվա ընթացքում, իսկ 12 ժամը իրավունք է վերապահված դատարանին, որպեսզի ծանոթանա այն հիմքերին, որը ներկայացնելու է վարույթն իրականացնող մարմինը: Պաշտպանական կողմին հնարավորություն է տրվել իր պաշտպանյալի համար զննություն իրականացնել իրենց կողմից ներկայացված բժշկի կողմից:

Նոր օրենսգրքով հարկադրանքի միջոցները մի քանիսն են՝ ձերբակալություն, «այլ միջոցները»՝ հոգեկան խնդիրներ ունեցողների նկատմամբ եւ խափանման միջոցները (տնային կալանք…):

Այլեւս մեր լեզվամթերքում կկիրառվի «հանրային մասնակիցներ» եւ «մասնավոր մասնակիցներ» բառակապակցությունները: Ըստ նոր օրենսգրքի՝ մինչդատական վարույթում «հանրային մասնակիցներ» են համարվում դատախազը, քննչական բաժնի պետը, քննիչը, իսկ «մասնավոր մասնակիցները» գործող օրենքով հայտնի պաշտպանական կողմն է՝ մեղադրյալները, փաստաբանները: Վկան վարույթին օժանդակող անձն է:
Փոփոխություններ են եղել քրեական դատավարությունում. մինչ օրս հայտնի էր, որ քաղաքացիական գործերով հրավիրվում է նախնական դատական նիստ, ապա սկսվում է դատաքննության փուլը, քրեական գործերով նույնպես նախատեսվում են նախնական դատալսումներ: Հանրային մասնակցի՝ դատախազի մեղադրական եզրակացությունը ներկայացնելուց հետո մասնավոր մասնակցին՝ պաշտպանական կողմին իրավունք է վերապահվում հանդես գալ բացման խոսքով: Այլեւս չեն լինի «մեղադրական ճառ» կամ «պաշտպանական ճառ» բառակապակցությունները. «ճառ» բառը փոխարինվել է «ելույթ» բառով: Ավելացել են իրավական գործիքները, մասնավորապես՝ պաշտպանական կողմին իրավունք է վերապահվել դատարանի դեմ հակընդդեմ հարց տալ:

Ամենակարեւոր փոփոխություններից մեկը. կալանքին վերաբերող նիստերը դռնբաց են լինելու: Դռնփակ կլինի այն նույն հիմքերով, որպիսին կա գործող օրենքով:
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը մեր հարցին, թե օրենսգրքի «պիտանիության» որքան ժամկետ է նախատեսում՝ որպես աշխատանքային խմբի անդամ, նա ասաց, որ փոփոխություններ կլինեն, իսկ պիտանիության ժամկետը մինչեւ 15 տարի է: Ի դեպ, ներկայացվեց դատաքննության նոր մոդելը եւ դատական նիստի հրապարակայնության նոր չափանիշները: Ըստ հեղինակների՝ լրատվամիջոցների գործունեության շրջանակը ընդլայնվել է, դռնփակ նիստեր սպասվում են միայն այն ժամանակ, երբ «որոշ դեպքերում» հաշվի կառնվի «մասնակիցներ առանձնահատկությունները»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31