Լրահոս
Օրվա լրահոսը

5 ամիս առաջ հանդիսավոր բացված սոցիալական կենտրոնը չի կայացել «Մեկ պատուհանի» սկզբունքը չի գործում

Մարտ 04,2014 13:48

Ավելի քան 5 ամիս է, ինչ Նոյեմբերյան քաղաքում գործում է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն: Դրա հանդիսավոր բացման ժամանակ՝ 2013 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հայտարարեցին, որ կենտրոնում գործելու է «մեկ» պատուհանի» սկզբունքը, ինչը դյուրացնելու է բնակիչներին սոցիալական ծառայությունների մատուցումը: Սակայն «մեկ պատուհանի» սկզբունքն այդպես էլ չի ներդրվել, համալիր կենտրոնը կազմող տարբեր ծառայությունները գործում են նույն՝ հին ձեւով, առանձին-առանձին: Համալիր կենտրոնի բացման ժամանակ նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեցինք, թե ինչպե՞ս է լուծվելու կենտրոնի ջրամատակարարման հարցը, չէ՞ որ նորաստեղծ հիմնարկի սանիտարական հանգույցներից օգտվելու են ոչ միայն դրա աշխատակիցները, այլեւ այցելուները, այդ թվում՝ հաշմանդամներ: Նոյեմբերյան քաղաքում խմելու ջուր է մատակարարվում օրական մի քանի ժամ՝ վաղ առավոտյան եւ երեկոյան: Նախարարն ասաց, որ կտեղադրվի ջրի բաք, եւ այդ ձեւով ջրի խնդիրը կլուծվի: Համալիր կենտրոնի գործարկումից անցել է ավելի քան հինգ ամիս, սակայն ջրի բաք չի տեղադրվել:

Լուծված չէ շենքի տանիքից անձրեւաջրերի հեռացման հարցը: Տեղումներից հետո ջրհորդաններից թափվող ջրերը լցվում են շենքի հիմքերը՝ խարխլելով կառույցը: Համալիրի կենտրոնի ջեռուցման համակարգը խափանվել է , այն չի գործում, կենտրոնի աշխատողները ցրտից կուչ են գալիս: Չեն գործում կենտրոնում տեղադրված հեռախոսները, շենքը չունի պահակ, հավաքարարներ: Կենտրոնի փաստաթղթերի արխիվը տնօրինելու համար չկա աշխատող, ինչը շատ բարդացնում է փաստաթղթերի պահպանության գործը, կենտրոնի միջանցքում դրված են փաստաթղթերով մեծ ցելոֆաններ:

Համալիրի հանդիսավոր բացման ժամանակ նախարար Արտեմ Ասատրյանը մեր հարցին պատասխանելով՝ ասաց, որ կենտրոնի գործարկման համար ծախսվել է 100-150 հազար դոլար, որի մեծ մասը՝ վարկային միջոցներից, մնացածը ՝ պետական բյուջեից: Փաստորեն 100-150 հազար դոլար ծախսվել է միայն նախկինում՝ 1998թ. որակյալ կերպով հիմնանորոգված շենքը նորից նորոգելու եւ այն կահավորելու համար: Մեր տեղեկություններով՝ Հայաստանում գործում են թվով 19 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Նա ճառ ասի, թե*զանգ կախի…
    Մահն է չոքել դռանը,
    Ձեր գնդապետ մռռանը,
    Նմանակն է գազանի,
    Մարզը լափի, տազ անի,
    Պատերազմում շախ անի,
    Վերջը հաստատ ճոխ լինի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31