Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիի «Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում»

Մարտ 04,2014 14:00

Լույս է տեսել կինոգետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանի «Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում» պատմությունների ժողովածուն: Երկու տասնյակից ավելի պատմությունները, ինչպես հեղինակն է անվանում իր փոքրիկ, բայց կոլորիտային գրվածքները, կարդացվում են հետաքրքրությամբ եւ թեթեւությամբ: Նկարագրվածը մեր կյանքն է`առանց չափազանցությունների, անպաճույճ մերկությամբ, լավ ու վատ կողմերով: Հերոսներն էլ մենք ենք, մեզ ծանոթ մարդիկ՝ մեր սովորական իրավիճակներում: Դա իհարկե նոր ոճ է հեղինակի բազմապրոֆիլ գործունեության մեջ, մտավորական, ում աշխատանքին ծանոթ էի Վ. Մատթէոսեանի համահեղինակությամբ գրված «Շամախեցի պարուհին» (2007թ.) աշխատությունից: Ու եթե «Շամախեցի պարուհին» աշխատության մեջ տեսնում ենք զգայական տպավորություններով չառաջնորդվող գիտնական վերլուծողին, «Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում» ժողովածուն ասես բոլորովին այլ Արծվի Բախչինյան է հեղինակել:

Հեղինակը չպարտադրող նրբանկատությամբ գլխի է գցում, որ ինչ-որ ջերմ, կարեւոր բան է պակասել մարդկային հարաբերություններում, որ ֆուտբոլի դաշտը պատած ձնծաղիկներին տրորվելու բախտին արժանացնելը, տարբերակներից լավագույնը չէր:
Նույնիսկ այն դեպքերում, երբ չզայրանալը, չարհամարհելը անհնարին է թվում, օրինակ՝ կնոջը ծեծող Գրիշին, քաղքենի Լիլիկին կամ թաղի «օրենքները պահող, գողական» տղաներին, ատելություն չէ, որ ծնվում էր ներսումս, այլ` խղճահարություն տգիտության եւ դրանից բխող բոլոր թշվառությունների հանդեպ: «Ներիր նրանց, հայր, քանզի չգիտեն, թե ինչ են անում»: Երեւույթի այս մեծահոգի ընկալումն է մեզ հրամցնում Արծուին ու նաեւ լավատես, կառուցողական այն մղումը, որ բուռն ցանկություն է ծնում փոխել, ներել… Ու ես ցանկացա, որ երկիրս բուժվի այդ ախտերից, դառնա առողջ ու լուսավոր, այնպիսին, որ ժպիտով բարեւող մարդը չըկալվի որպես շեղում նորմայից: Լայնաժպիտ կյանքը դառնա բնական ապրելաոճ, ինչպես բնական ենք համարում «հացլետներն» ու վերմիշելը քրոջը հասցնել շտապող կնոջը. վեհագույն մի քայլ, մարդու մի տեսակ, որի գոյությամբ երկրի վրա արդարացվում է մեր ապրելու իրավունքը: Ահա նաեւ իր ուրույն ձեւով աշխարհի անարդարության դեմ բողոքող, Լոռվա համուհոտով բուրող Սիրամարգ հոքիրը, քանի-քանի մարդ կարդալով նրա մասին կժպտա, մտածելով, որ ինչ-որ տեղ էլ կա իրենց հորաքրոջ նմանակը: Ահա տեսնում եմ ազգային թասիբ ունեցող, այն պարսկահայ տղաներին, ովքեր իրենց համար դժվար, անչափ դժվար, կռիվ անելուց դժվար, բայց միակ սրտացավ ու խելացի որոշումն են կայացնում՝ հայ բակընկերուհու արժանապատվությունն անաղարտ պահելու համար: Կերպարներ` այնքան ծանոթ ու հայկական, սիրելի ու ջերմ, չհորինված եւ այս դեպքում նույնպես` չգունազարդված:

Գրքում տեսա նաեւ հեղինակի կերպարը`անչար, աննախանձ, լուսավոր, աշխույժ հումորով եւ ճկուն մտքով, ինչպիսին լինում է իրական մտավորականը…

ՀԱՍՄԻԿ ԻՍՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նուշիկ Միքայելյան says:

    Շնորհավորում եմ Արծվիին: Չի կարող լավ գիրք չլինել: Անհամբեր եմ և անպայման շուտով կընթերցեմ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31