Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյան. «Մեծ Պահքի շրջանը ստամոքսապահության շրջան չէ»

Մարտ 04,2014 13:46

Այսօր «Ազդակ» մամուլի ակումբի հյուրն էր Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Հանդիպման թեման Մեծ Պահքն էր: Հայր սուրբը հանդիպումը սկսեց աղոթքով: «Մեծի Պահոց շրջանը ապաշխարության միակ շրջանը չէ: Տարվա կեսը պահքի շրջան է: Ամեն մեծ տոներից առաջ մեկ շաբաթ պահեցողություն է լինում, որը մարդուն ինքնազննման հնարավորություն է տալիս: Քրիստոնեության մեծությունը կայանում էր նրանում, որ մարդուն հնարավորություն էր ընձեռում լինելու այնպիսին, որ կարողանար ինքն իր մեջ աստվածային կերպարն ապրեցներ: Բայց ոչ կենդանական կերպարը: Այսօր տենդենց կա մարդուն վերադարձնել անասնականություն: Սա նշանակում է, որ արհեստականորեն մարդուն դարձնում են բնության ոչ մեկ անդամ, այլ ինչ-որ յուրահատուկ մի էակ, որը ձևավորում է նոր աշխարհ»,- ասաց Հայր սուրբը:

Նա նաև խոսեց պահքի հիմնական խորհրդի մասին: «Բոլոր բացասական երևույթները, որոնք մարդուն հեռացնում են բնությունից, ինչպես պետք է ասեն աթեիստները, Աստծուց, ինչպես պետք է ասեն քրիստոնյաները, շատ վտանգավոր են: Վտանգավոր են այն առումով, որ մարդը հայտնվում է անորոշության մեջ: Մարդու մեջ առկա է թե′ ֆիզիկականը և թե հոգևորը: Այս երկուսի զուգահեռ անքակտելիությունը մարդուն կմոտեցնի դեպի հավիտենականություն: Մարմինը մնում է որպես անոթ էության մարդկային, որն արժեւորում է մարդու մարդ լինելը: Այստեղ է, որ Մեծի Պահոց շրջանը գալիս է մարդու մոտ այդ կերպարը ձևավորելու»,- ասաց Հայր սուրբը: «Ինչպես Սողոմոն իմաստունն է ասում՝ «Ով է մարդը, որ ապրում է և մեղք չի գործում», խնդիրը մեղք չգործելու մեջ չի, խնդիրը հետո ճիշտ անդրադարձն է»,- ասաց Հայր սուրբը:

Տեր Կոմիտասը անդրադարձավ նաև պահքի այն հատվածին, երբ մարդիկ պահպանում են պահքի կերակրային հատվածը: «Շատ մարդիկ քրիստոնեությունն իրենց են համապատասխանեցնում»,- ասաց Հայր սուրբը: Նա ասաց, որ միայն չուտելով կենդանական ծագում ունեցող ուտեստներ, պահք չի կարելի պահել: «Այս շրջանը ստամոքսապահության շրջան չէ: Նրանք տրվում են ձեւին: Երբ ձևն է արժեւորվում, իմաստը կորում է»,- ասաց Տեր Կոմիտասը:

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31