Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ՀՀ դատական դեպարտամենտի նախկին աշխատակից, Վճռաբեկ դատարանի դատավորի նախկին օգնական Արմեն Դավթյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, և 200 հազար դրամ տուգանքի: Դատարանն ամբաստանյալին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, և 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթուղթ կեղծելը: Ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու ստորագրությունը, կմնա անփոփոխ մինչև դատավճռի` օրինական ուժի մեջ մտնելը: Ըստ Ա.Դավթյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակից, Վճռաբեկ դատարանի դատավորի օգնական, դատական գործի ծանոթացման փուլում տեղեկանալով, որ 11.07.2012թ. վճարման հանձնարարագրով «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ կողմից որպես վերաքննիչ բողոքի պետական տուրք փոխանցվել է 5.154.484 ՀՀ դրամ, նպատակադրվել է խաբեությամբ հափշտակել այդ գումարը: Ամբաստանյալը, ըստ մեղադրական եզրակացության, կեղծել և ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացրել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի անունից 17.06.2013 գրությունը, որով ՀՀ ֆինանսների նախարարությանը հայտնվել են անիրական տեղեկություններ, թե իբր դատական վեճը լուծվել է կողմերի հաշտությամբ և անհրաժեշտ է որպես պետական տուրք վճարված գումարը գանձապետարանից փոխանցել «ԱԳԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ընկերության կողմից սպասարկվող Նաիրա Խաչատրյանի անձնական հաշվեհամարին:
Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո» -ի կայքում