Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում երկու մե՜ծ ամոթ կա

Մարտ 04,2014 14:04

Մեկնաբանում է Հայաստանի գրադարանային  միության նախագահ Ռուզան Տոնոյանը

Գիրք նվիրելու ավանդույթ ձեւավորած երկրում, էլ չասենք՝ այդ երկրի մայրաքաղաքը գրքի համաշխարհային կենտրոն հռչակելու մասին, գրադարանները գտնվում են վատթար վիճակում, բացառությամբ երեւանյան մի քանի գրադարանների: Իսկ Հայաստանում, որն ունի 48 քաղաք, 980 գյուղ, գործում է շուրջ 1400 գրադարան: Վերջին շրջանում «Առավոտի» հետ զրույցում իրենց գործի իսկապես նվիրյալ գրադարանավարները կեսկատակ-կեսլուրջ ասում են, թե Հայաստանում երկու մե՜ծ ամոթ կա՝ աղբարկղից օգտվող քաղաքացիներ եւ 8-ժամյա գրաֆիկով աշխատող ու նվազագույն աշխատավարձ ստացող գրադարանավարներ: Մեր զրուցակիցներից շատերը թեեւ հոգնել են այս մասին բարձրաձայնելուց, այդուհանդերձ ունեն առաջարկներ, օրինակ՝ եթե համայնքը իր գրադարանը «խելքի է բերում» (իսկ նման գրադարաններ կան), ապա պետությունը գոնե հավելյալ վճար սահմանի գրադարանավարներին եւ «Գիրք» հիմնադրամի միջոցով գրքեր հատկացնի այդ մշակութային օջախներին: Կան նաեւ այլ կարծիքներ, թե գրադարանը իր առաքելությանը զուգահեռ, ինչու ոչ՝ թող դառնա ակումբ, որտեղ լինեն փոքր կինոդահլիճ, խաղեր եւ այլն, մի մասն էլ արդեն հույսը կտրած պետությունից, գտնում է, որ համայնքի յուրաքանչյուր ընտանիք, որտեղ կան դպրոցահասակներ, թող ամսական մի քանի հարյուր դրամով պարտադիր մասնակցություն ունենա գրադարանի պահպանման եւ առաջընթացի համար:

«Առավոտն» իր հարցերի սպառիչ պատասխանները լսելու ակնկալիքով հանդիպեց Հայաստանի գրադարանային միության նախագահ, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հետ: Տիկին Տոնոյանը, որ շուրջ 2 տարի ղեկավարում է 1994 թվականին հիմնված Գրադարանային միությունը, ասաց, թե գրադարանավարների աշխատավարձի մասին մշտապես խոսվել է միության համագումարների ժամանակ, հավաստիացնելով, թե ընթացիկ տարվա հուլիսից աշխատավարձերի զգալի բարձրացում է նախատեսվում, ինչը հաստատված է պետական բյուջեով:

Հարցին, թե երկու ազգային կարգավիճակ ունեցող գրադարան՝ մանկականն ու Ազգայինը, քիչ թե շատ ունեն բյուջե, ինչը ենթադրում է, որ նրանք կարող են գիրք ձեռք բերել, իսկ մարզայինները, որոնց տրվում է տարեկան 300.000 դրամ, պարզից էլ պարզ է, որ չեն կարող համալրել ֆոնդերը: Տիկին Տոնոյանը հերքեց այն, թե մարզային գրադարաններին հրահանգված է ձեռք բերել մինչեւ 3000 դրամ արժողությամբ գիրք:

Մեր զրուցակիցը նշեց, որ ժամանակակից գրադարանները 4 հիմնական ուղղություն ունենալով, այն է՝ պահպանում, համալրում, թվայնացում եւ գրադարանավարների որակավորում, իսկապես չեն համալրվում նոր գրքերով: Դրա փոխարեն, ըստ տիկին Տոնոյանի, շուրջ 20 համայնքային գրադարաններում այդ գործառույթը իրականացվում է նվիրատվությունների միջոցով, երբեմն էլ Գրադարանային միությունը այցելում է մազեր, գյուղական ու սահմանամերձ գրադարաններ եւ «մայրաքաղաքային» գրքի սուղ միջոցների հաշվին ինքն է նվիրատվություններ կատարում: «Մարզային շատ գրադարաններ խորհրդային շրջանից ժառանգություն ստացած իսկապես հիանալի ֆոնդեր ունեն, սակայն դա գոնե պետք է պահպանել, իսկ գրքի խնամքը մեզանում իսկապես պատշաճ վիճակում չէ: Տարիների փոշին ու խոնավությունը քայքայում են գիրքը: Օրինակ, Աշոցքի շրջանի սահմանամերձ Ղազանչի գյուղի գրադարանը, որն ունի հսկայական գրականություն, նույնիսկ հայկական եւ համաշխարհային գրականության նմուշներ, որոնք դեռ չեն թերթվել, բայց, ցավոք, այդ գրքերը կործանման եզրին են, քանի որ գրադարանը չունի դուռ, պատուհան…»,- հայտնեց տիկին Տոնոյանը:

Գրադարանավարին հայտնեցինք նաեւ Ապարանի՝ վերջերս վերանորոգված քաղաքային գրադարանի դատարկ գրադարակների մասին, այն դեպքում, երբ հայտնի են մեծ հնարավորություններ ունեցող բազմաթիվ ապարանցիներ… Ասելով, թե ինքը տեղյակ չէ «ապարանյան» դատարկ գրադարակների մասին, մեր զրուցակիցը միայն նշեց, որ Ապարանի գրադարանն ունի հարուստ գրական ֆոնդ:

Ռուզան Տոնոյանը, որ գրադարանային գործի գիտակ է, չկարողացավ կամ զերծ մնաց տալ այն հարցի պատասխանը, թե ինչու ավելի քան 20 տարի է՝ ինչ հայաստանցի ոչ մի գրադարանավար վերապատրաստման նպատակով չի մեկնել արտերկրյա ճանաչված համարժեք օջախներ: Նա հայտնեց, որ դեռեւս խորհրդային տարիներից մարտի 27-ից ապրիլի 3-ը հանրապետությունում անցկացվում է մանկապատանեկան գրքի շաբաթ եւ դրա շրջանակներում գրքի տոնավաճառ: Եռօրյա այդ միջոցառման նպատակներից մեկն էլ ծանոթությունն է հրատարակված առաջին հերթին մանկական, ուսումնական, ապա գեղարվեստական նոր գրքերի հետ:

Հետաքրքրվեցինք նաեւ, իր ամուսինը՝ գրող Վանո Սիրադեղյանը ստեղծագործո՞ւմ է, թե «գրիչը մի կողմ է դրել»: Ռուզան Տոնոյանի պատասխանը հակիրճ էր. «Տեղյակ չեմ, բայց դժվար թե…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31