Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Մնում է՝ Վարդան Օսկանյանին էլ նշանակենք ժամանակավոր հանձնաժողովի նախագահ». «Հայոց աշխարհ»

Մարտ 04,2014 12:53

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հարցազրույցից:
   
   -ՀԱԿ լիդերները չէին թաքցնում՝ «Մարտի 1»-ի 6-րդ տարելիցին նվիրված միջոցառումը «լակմուսի թղթի» նման մի բան է, որը պետք է ցույց տար՝ Հայաստանում մայդան կլինի՞, թե՞ ոչ։ Ձեր կարծիքով, հանրահավաքը տվե՞ց այդ հարցի պատասխանը։

-Ցավոք, մեր որոշ քաղաքական ուժեր այնքան սնանկ են, որ սրտի թրթիռով սպասում են մարտի 1-ին, որպեսզի ասելիք ունենան ժողովրդին։ 6 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետեւանքով 10 զոհ ունեցանք, որոնց ընտանիքներին իսկապես ցավակցում եմ եւ մաղթում համբերություն. նրանց կորուստն անդառնալի էր։ Մյուսների համար, ինչպես ասում են, կյանքը շարունակվում է։

Նույն հանրահավաքում տեսանք, թե ՀԱԿ-ի որոշ առաջատար գործիչներ ի՜նչ ուրախ տրամադրության մեջ էին. հարթակին կանգնած՝ աշխուժորեն ինչ-որ հարցեր էին քննարկում, կարծես գլխապտույտի մեջ էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, քաղաքական այլ ուժեր այնտեղ էին՝ իրենց կողքին։

Առհասարակ նրանք, ովքեր երազում են մայդանի մասին, այսքան ժամանակ պետք է որ հասկացած լինեին՝ հայաստանյան զարգացումները այս կամ այն երկրում, այդ թվում՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորելը, մեղմ ասած, տեղին չէ։ Ուկրաինայի նման մեծ պետությունը, որը մեզանից շատ ավելի շահեկան վիճակում է թե՛ տարածքային, թե՛ ազգաբնակչության, թե՛ նպաստավոր աշխարհագրական դիրքի, թե՛ տնտեսության առումով, Կիեւի նման գեղեցիկ քաղաքը տեսեք, թե ինչի է վերածվել, եւ Աստված գիտի՝ երբ կվերականգնվի։ Անդառնալի կորուստների՝ մարդկային զոհերի մասին արդեն չեմ խոսում։ Եթե նրանք դա՛ են ուզում մեր երկրի համար՝ թող այդպես էլ ասեն։

   -ՀԱԿ-ի առաջնորդը առնվազն դրա հետ կապված՝ պատրանքներ չունի, ավելին՝ սաստեց «կտրուկ քայլերի» սիրահարներին՝ ասելով. հույսներդ կտրեք մայդանից՝ Հայաստանը այն երկիրը չէ, որ կարող է իրեն քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշվելու ճոխություն թույլ տալ։ 

-Քիչ թե շատ ողջամիտ ցանկացած մեկը, կարծում եմ, հասկանում է՝ այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, ուղղակի հակացուցված է Հայաստանին. մենք պարզապես չունենք դրա իրավունքը։ Բոլորի համար պետք է պարզ լինի, թե այդ ճանապարհով գնալը ինչ կործանարար հետեւանքներ կարող է ունենալ, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման առումով։

Երկրորդ՝ արդյոք ՀԱԿ-ը այն քաղաքական թի՞մն է, որին ժողովուրդը հավատում է, որի հետեւից ժողովուրդը կգնա, արդյոք վերջին 4-5 տարիների ընթացքում ճի՞շտ է օգտագործել, թե՞ մսխել է վստահության այն ռեսուրսը, որ ձեռք էր բերել 2008թ. նախագահական ընտրությունների հետեւանքով։ Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է։ Սա է նաեւ պատճառը, որ Լ.Տեր-Պետրոսյանը հանդես եկավ նման հայտարարությամբ։

Ընդհանրապես մեզանում բավական տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, մասնավորապես խորհրդարանում։ Ամեն ինչ կարծես թե գլխիվայր շուռ է եկել. «Մարտի 1»-ը ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնության տակ ստորագրել էին մարդիկ, քաղաքական ուժեր, որոնք լուրջ դերակատարություն են ունեցել Սամվել Նիկոյանի ղեկավարած ժամանակավոր հանձնաժողովում, ամեն ինչ արել են, որ հանձնաժողովը հնարավորինս լիարժեք ուսումնասիրի եւ անաչառ եզրակացություն ներկայացնի մարտիմեկյան իրադարձությունների եւ դրանց պատճառահետեւանքային կապերի մասին։

Եթե դժգոհ էին հանձնաժողովի աշխատանքից, կարող էին չստորագրել ամփոփիչ եզրակացությունը, բայց եթե այն ժամանակ ստորագրել են, հիմա, միանալով այդ նախաձեռնությանը, ի՞նչ են ուզում ասել. որ այսօր ավելի հետեւողական են, որովհետեւ ընդդիմադիր կեցվա՞ծք ունեն։ Այս առումով պետք է համաձայնել Ալիկ Արզումանյանի հետ, որն ասաց՝ այստեղ նստած է մի արտգործնախարար, որն այդ օրվա հրամանագրերը թարգմանում էր անգլերեն եւ բաժանում դեսպանատներին։ Մնում է՝ Վարդան Օսկանյանին էլ նշանակենք ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, եւ ամեն ինչ տեղը կընկնի։

   -Ինչպես ասում են՝ կեցությունն է որոշում գիտակցությունը. «չորսի համագործակցությունն» ի՛ր կանոններն է թելադրում ընդդիմադիր դաշտի հիմնական խաղացողներին։ 

-Այդ համախմբումն ազնիվ, անկեղծ կլիներ, եթե «Մարտի 1»-ի նորահայտ «պահանջատերերը» կետ առ կետ թվարկեին նախորդ հանձնաժողովի բացթողումները։ Չի կարելի քաղաքականությունը կառուցել ժողովրդի «կարճ հիշողության» վրա։
Եթե մարդիկ մոռացել են, կարող ենք թարմացնել նրանց հիշողությունը, մեջբերումներ անել ԲՀԿ որոշ առանցքային գործիչների ելույթներից, որտեղ գովերգում էին հանձնաժողովի կատարած աշխատանքը՝ նշելով, որ հաշվետու զեկույցը համապարփակ է եւ ամբողջական։
Երկրորդ՝ եթե 5-6 տարի անց նորից «Մարտի 1-ի» իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարց են բարձրացնում, պետք է ունենան լուրջ հիմնավորումներ, կոնկրետ ապացույցներ։ Այլապես անբարո է խաղալ զոհերի հարազատների նուրբ լարերի հետ, ինչպես նշեց Ա.Արզումանյանը։
Եթե կան 10 սպանությունների հետ կապված նոր հանգամանքներ, փաստեր, թո՛ղ բարի լինեն ներկայացնել իրավապահ մարմիններին, օգնել քննչական խմբին։ Եթե դրանց ընթացք չտրվի, թող ասեն՝ ներկայացրել ենք այս, այս, այս փաստերը, դրանց պատշաճ ընթացք չի տրվել։ Չի՛ կարելի քաղաքական դիվիդենտներ հավաքել՝ շահարկելով ողբերգությունը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31