Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Չի բացառվում, որ Ռուսաստանը ակտիվ գործողություններ ձեռնարկի նաև մեր տարածաշրջանում»

Մարտ 04,2014 12:43

«Ուկրաինայում նկատվում է իշխանության և պետության կոլապս»,-այսօր «Մեդիա կենտրոնում» ուկրաինական և, մասնավորապես Ղրիմի վերաբերյալ զարգացումներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա համար Ղրիմում գոյություն ունեցող իրավիճակը ակնկալելի էր, և պարոն Իսկանդարյանը կանխատեսում է, որ Ռուսաստանն իր խաղն է ունենալու, որի մի մասն էլ կազմելու է Ղրիմը:

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի կարծիքով` իրավիճակը դեռ շատ հեռու է լիցքաթափումից: Պարոն Շահնազարյանը չբացառեց այն հանգամանքը, որ Ռուսաստանը ակտիվ գործողություններ ձեռնարկի նաև մեր տարածաշրջանում:

Անդրադառնալով Ուկրաինայի ղեկավարության վարած քաղաքականությանը` պարոն Շահնազարյանը նկատեց. «Ուկրաինայի ներկայիս լեգիտիմ ղեկավարությունը բավական խելամիտ է իրեն պահում և ամեն ինչ անում է, որպեսզի բախում չլինի Ուկրաինայի զինվորականների և Ռուսաստանի զավթիչների միջև»: Մյուս կողմից էլ պարոն Շահնազարյանը կարծում է, որ ՌԴ-ն մինչև այսօր պատերազմի պատրվակ էր փնտրում, որը տեղի չունեցավ:

Պարոն Շահնազարյանի դիտարկմամբ` այս պահին ակտիվորեն ոչ բացահայտ երկխոսություն է ընթանում Արևմուտքի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, որի արդյունքում, սակայն, ըստ պաշտոնական տեղեկատվության` դեռ չեն եկել ընդհանուր հայտարարի: Դավիթ Շահնազարյանը հավելեց. «Ռուսաստանն, ըստ էության, փորձ է անում ձևավորել նոր աշխարհակարգ: ՌԴ-ն մարտահրավեր է նետել ոչ միայն Ուկրաինային, այլև գոյություն ունեցող աշխարհակարգին: Սա միջազգային հանրության դեմ է: Հետևանքները ակնհայտ է, որ լինելու են շատ ծանր, ռազմավարական առումով` Ռուսաստանի համար կործանարար»:

Ալեքսանդր Իսկանդարյանի տպավորությամբ ևս երկխոսության գործընթացը հենց այս պահին է ընթանում, և նախապես Ռուսաստանն իր համար ցանկանում է ինչ-ինչ արտոնությունների երաշխիքներ ստանալ` մինչև խնդրի հանգուցալուծումը:

Հարցին` պատերազմի պարագայում ճնշման ներքո Հայաստանը` որպես ՀԱՊԿ անդամ հնարավոր է ստիպված լինի միջամտել գործընթացին, պարոն Իսկանդարյանն այսպես պատասխանեց. «Ոչ մի պատերազմ էլ չի լինի: Մյուս կողմից էլ ես չեմ պատկերացնում մի իրավիճակի, երբ Ռուսաստանն ասենք հայկական կամ ղրղզական զորքերի օգնության կարիքն ունենա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31