Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կազդեն Ուկրաինական դեպքերը Հայաստանի վրա. «168 ժամ»

Մարտ 04,2014 11:49

Անկախ փորձագետ Հայկ Բալանյանի գնահատմամբ՝ ուկրաինական դեպքերի հետ կապված ՌԴ տնտեսությունում առաջացած խնդիրներն, իհարկե, կազդեն ՀՀ տնտեսության վրա, քանի որ վերջինս սերտորեն կապված է ռուսական տնտեսության հետ, և այն խնդիրները, որ կառաջանան Ռուսաստանում, իրենց հետևանքը կունենան նաև մեր երկրի համար։ Նրա խոսքով՝ առաջին հերթին դա վերաբերում է տրանսֆերտների հոսքի նվազմանը, ինչպես գումարային արտահայտությամբ՝ ռուբլիով, այնպես էլ՝ տարադրամային, քանի որ ռուսական ռուբլու փոխարժեքը մինչ այս դեպքերը նվազում էր, իսկ առճակատման շարունակման դեպքում է՛լ ավելի կնվազի, ուստի ռուբլիով եկամուտներ ստացող և Հայաստան փոխանցումներ անող հայերը նույն քանակի ռուբլիով ավելի քիչ դոլար կամ եվրո կկարողանան գնել։

ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի կանխատեսմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի տնտեսություններին շատ բարդ ժամանակներ են սպասվում, և այդ հարաբերությունների սրացումը բացասական ազդեցություն կունենա նաև ՀՀ տնտեսության վրա, ինչը տարբեր ձևով կդրսևորվի՝ թե՛ տրանսֆերտների, թե՛ այնտեղ հայազգի աշխատողների առումով. «Այս իրավիճակը բոլոր ոլորտների վրա կանդրադառնա։ Ռուսական տնտեսության վատթարացումը կազդի նաև մեր սպառման վրա։ Բայց այս փոփոխությունները ժամանակի ընթացքում կզգացվեն՝ մոտ 6 ամսվա կտրվածքով։ Թեև, եթե բացասական զարգացումներն արագանան, ու ավելի վատանա վիճակը, այդ ազդեցությունն ավելի արագ կզգանք նաև մենք։ Ամեն դեպքում, լավ բան չի սպասվում։ Շատ լուրջ փոփոխությունների ու իրադարձությունների նախաշեմին ենք կանգնած»։

ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի բնորոշմամբ՝ Ուկրաինայի և՛ տնտեսական, և՛ քաղաքական դրությունը կոլապսային վիճակում է, իսկ ՌԴ-ի հետ նրա հարաբերությունների ապագան՝ անորոշ. «Հայաստան տրանսֆերտները ոչ միայն ՌԴ-ից, այլ նաև Ուկրաինայից են գալիս։ Կլինի որոշակի խոցելիություն՝ արժույթների հետ նրանց դրամական միավորների կուրսի փոփոխության ազդեցությամբ, նաև սպասվում է փոխադարձ մատակարարումների կրճատում և եկամուտների նվազում։ Խոշոր առումով Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերով պայմանավորված՝ և ուղղակի, և անուղղակի կտրվածքով, ՀՀ-ն կունենա որոշակի կորուստներ»։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31