Կոտայքի մարզի Արտավազ համայնքում իրավիճակը լարված է։ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած բնակիչները հայտնեցին, որ մարտի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին ընդառաջ թեկնածուների համախոհների միջեւ ծեծուջարդ է եղել, եւ վերջին օրերին գյուղը վախի մեջ է ապրում։
Տեղեկացնենք, որ գյուղապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու, գործող գյուղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Ռեմ Հովհաննիսյանը եւ անկուսակցական Աշոտ Մարգարյանը։ Ըստ բնակիչների՝ գործող գյուղապետ Ռեմ Հովհաննիսյանը մշտապես այնպես է արել, որ իրենից բացի ոչ ոք համարձակություն չունենա իր թեկնածությունն առաջադրի. «2000 թվականից գյուղապետ է ու միշտ հայտարարել է, թե իր մեջքն ու թիկունքը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն է եւ ինքն եղել է ու կմնա Արտավազի գյուղապետ»։
Սակայն այս տարի անկուսակցական Աշոտ Մարգարյանը որոշել է խախտել «ավանդույթը» եւ առաջադրել է թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում։ Այս հանդգնությունը հանգեցրել է գյուղամիջյան լարվածության։ Ըստ բնակիչների՝ գյուղացիներից մեկը՝ Վարուժանը, ով գործող գյուղապետի թիմակիցներից է, հանդիպել է մյուս թեկնածու Աշոտ Մարգարյանի հորը՝ 60-ամյա Քաջիկ Մարգարյանին, եւ ծեծի ենթարկել նրան՝ ասելով. «Որդուդ ասա՝ թեկնածությունը հանի, թե չէ կմորթենք»։ Մեզ ահազանգած բնակիչը պատմեց, որ սարսափելի հայհոյանքներ են հնչել այդ օրը, մատ են թափ տվել միմյանց, սպառնալիքներ հնչեցրել այնաստիճան, որ գործին խառնվել են ոստիկանները։ «Ով պետք է գործող գյուղապետի մարդկանց կարգի հրավիրի։ Օգնեք, թույլ մի տվեք, որ մեր գյուղը վերածեն բանդայի ու մարդկանց էլ վախի մթնոլորտում պահեն»,- դժգոհեց «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացին։
Եվ այսպես՝ կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արտավազ համայնքի ղեկավար Ռեմ Հովհաննիսյանի հետ։ Նրա խոսքով՝ կատարված միջադեպը ո՛չ իր, եւ ո՛չ էլ առաջիկայում կայանալիք ընտրությունների հետ որեւէ առնչություն չունի. «Դեպքը տեղի է ունեցել 10 օր առաջ։ Աշոտի հայրն ու Վարուժան անունով մեկը երեւի վաղուցվա կռիվ են ունեցել եւ քաշքշել են իրար։ Հետո, երբ ես իմացա կատարվածի մասին, ասացի՝գնացեք բարիշեք, ամոթ չէ՞ սա կապում եք ընտրության հետ։ Մի խոսքով, աբսուրդ բան է։ Հիմա միգուցե իրենց ձեռ է տալիս դա բերել կապել ընտրության հետ, քանի որ գյուղում հիմնականում ապրում են տեղացի փախստականները ու դիվիդենտ են հավաքում հայտարարելով, թե տեսեք՝ տեղացիների գլխին ինչեր են անում»,- ասաց համայնքի ղեկավարը՝ տեղեկացնելով, թե կատարվածից հետո իրեն եւս ոստիկանություն են հրավիրել:
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում