Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը
եւ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Արամ Աբրահամյան.– Այս պահին Ուկրաինայում կան նշաններ, որ ռուսներին, ռուսալեզու բնակչությանը ինչ-որ բան սպառնում է: Թե՞ դա զուտ պատրվակ է՝ ներխուժելու համար:
Ստեփան Սաֆարյան.– Նարնջագույն հեղափոխության շրջանում նույնպես կար ազգային գործոնը՝ երկիրը հստակ բաժանված էր արեւմտյան եւ հարավարեւելյան հատվածների: Բայց ես հիմա շատ էական տարբերություն տեսա. Ռուսաստանը իր գործողություններով իր դեմ է հանել բազմաթիվ մարդկանց հենց արեւելյան շրջաներում: Ուկրաինայի արեւելքում այսօր կան բազմաթիվ մարդիկ, ովքեր նույնպես դժգոհ են Ռուսաստանի գործողություններից: Հետեւաբար այնտեղ բավականին բարդ պատկեր է, եթե մենք վերցնենք արտաքին քաղաքական ուղղությունները, ապա մենք Ուկրաինային կբնութագրենք դիզֆունկցիոնալ պետություն:
Ա. Ա.– Սպառնալիքներ կա՞ն ռուսալեզու մարդկանց կյանքին, իրավունքներին ուղղված:
Կարդացեք նաև
Ս. Ս.- Երկու կողմերում էլ ծայրահեղական խմբավորումներ կան: Եթե «Աջ սեկտոր» կա մայդանականների մեջ, ապա դա չի նշանակում, որ բոլորը «բենդերականներ» են կամ ֆաշիստ, ես կարծում եմ՝ դա ոչ ադեկվատ գնահատական է, որը ռուսական պրոպագանդան է տալիս: Հետեւաբար, կարծում եմ, երկու կողմից միմյանց վախերը մեծացնող խմբեր կան: Բայց ես չեմ կարծում, որ ռուսական բնակչության ֆիզիկական գոյության խնդիր կա Արեւելքում կամ Ղրիմում, ինչի պատրվակով ռուսական ռազմական ուժերը մտել են այնտեղ, ես չեմ կարծում, որ Ուկրաինայում կա նման սպառնալիք:
Արամ Սարգսյան.– Առաջին իսկ նիստերից մեկում նոր՝ մայդանական ռասան որոշում կայացրեց ռուսաց լեզվի դեմ: Մթնոլորտ է ստեղծվում, դա կոչվում է ազգայնական, ազգայնամոլ մթնոլորտ, սա էլ է պատճառ, որ Ռուսաստանում առաջանա այդպիսի տրամադրություն: Այսինքն՝ տարբեր տրամադրություններ են, եւ դա բերում է նրան, որ հակառակ կողմը` միգուցե ոչ ադեկվատ, բայց համապատասխան միջոցների է ուզում դիմել, որպեսզի այդ ամենը չեզոքացնի: Սա իրավիճակ է, որը հիմա պահանջելու է շատ ճշգրիտ քաղաքական գիծ եւ բոլոր դերակատարների կողմից` եւ Արեւմուտքի, եւ Ռուսատանի, եւ ներսի իշխանության, որը եթե չգնա երկխոսության ճանապարհով, երկիրն է վտանգի տակ դնելու:
Ս. Ս.- Համաձայնեք՝ ռուսաց լեզվով ռուսական զինվոր չեն պահելու, ռուսական զինվորով ռուսական դպրոց չեն պահելու, եւ ամեն մի ռուսախոս բնակչի կողքին Խարկովում կամ այլուր մի զինվոր չեն դնելու անվտանգության առումով:
Ա. Ս.– Տարբեր բաներ են, եթե կա այդ վտանգը, ռուսները իրոք թեքվելու են դեպի Ռուսաստան, այդ մտավախությունը կա: Ղրիմը իրոք չի եղել ուկրաինական տարածք, ինչպես, օրինակ, Ղարաբաղը չի եղել ադրբեջանական տարածք, նվիրել են: Այնտեղ հիմնական բնակչությունը ռուսներն են: Կա վտանգ, որ թուրքերը, եթե տեսնեն հնարավորություն, որ կարելի է այդ տարածքը տնօրինել, անպայման դա կանեն: Եթե Ուկրաինայում իսկապես իրական փոփոխություններ կատարվեն ոչ ի նպաստ ուկրաինական ժողովրդի եւ պետության, աշխարհաքաղաքական այնպիսի գործընթաց է սկսվելու, որ քարտեզը անկանխատեսելի ձեւով է փոխվելու:
Ա. Ա.– Ղրիմը, ենթադրենք, անցկացնում է հանրաքվե ու որոշում է դուրս գալ Ոկրաինայի կազմից, դա մեզ` հայերիս, ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ:
Ս. Ս.- Անկեղծ ասած` ես խնդիր չունեմ, եթե որեւէ տարածք խաղաղ ճանապարհով ինքնորոշվում է: Բայց եթե գալիս ենք 1994թ. Բուդապեշտյան համաձայնագրին, ապա այս անջատողականության թիկունքում չի կարող լինել Ռուսաստանը, որովհետեւ ինքն է անվտանգության, ըստ էության, տարածքային ամբողջականության երաշխավորը: Այսինքն՝ տվյալ պարագայում միեւնույնն է՝ խնդիր կա: Այս առումով, իհարկե՝ Ուկրաինայում եւ Ղրիմում տեղի ունեցողը խարխլում է միջազգային իրավունքի հիմքերը:
Ա. Ս.- Ղրիմում այդպիսի իրավիճակ չի: Հանրաքվեն ուրիշ հարցադրումով է արված` ոչ թե դուրս գալ Ուկրաինայի կազմից, այլ ունենալ այն պետական մակարդակով ինքնավարությունը, որն իրենք ձեւավորել էին 1994թ. դեռ՝ իրենց Սահմանադրությանը համապատասխան, այսինքն՝ խոսք չի գնում դուրս գալ պետության կազմից, միանալ Ռուսաստանին: Այլ հարց է, թե ինչպես կզարգանան այդ հարաբերությունները: Եկեք չմոռանանք, վերջապես, Սեւաստոպոլում կանգնած է ռուսական նավատորմը, իհարկե ռուսները զուտ իրենց աշխարհաքաղաքական շահերից ելնելով երբեւիցե չեն զիջի Սեւաստոպոլը:
Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
Քննարկումն ամբողջությամբ
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։