ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով ոչ թե նախաքննությունն, այլ՝ կոնկրետ անձի քրեական հետապնդումն է ունենալու ժամկետներ: Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ լրագրողների համար վերապատրաստման ծրագրի շրջանակում անցկացված քննարկմանն այս մասին հայտնեցին նախագիծը մշակած աշխատանքային խմբի անդամներ, արդարադատության նախարարի ներկա և նախկին տեղակալներ Արման Թաթոյանը և Ռուբեն Մելիքյանը:
Նրանք նշեցին, որ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում քրեական հետապնդման ժամկետը երկու ամիս է, միջին ծանրության, ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում՝ համապատասխանաբար՝ 4, 8 և 10 ամիս: Բացառիկ դեպքերում վերադաս դատախազը կարող է ժամկետը երկարացնել առավելագույնը երկու ամսով: Ըստ նոր կարգավորումների, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվածին ազատությունից փաստացի զրկելու պահից ոչ ուշ, քան 6 ժամվա ընթացքում պետք է հանձնվի նրան ձերբակալելու կամ ազատ արձակելու վերաբերյալ որոշում: Ձերբակալումը չի կարող տևել 72 ժամից ավելի, սակայն ձերբակալվածին պետք է մեղադրանք ներկայացվի և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը լուծելու համար մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 60 ժամվա ընթացքում: Եթե ձերբակալվածը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Փաստացի ազատությունից զրկվելու պահին բանավոր, իսկ հետաքննության մարմնի կամ վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի՝ վարչական շենք մուտք գործելու պահին նաև գրավոր անձը տեղեկացվում է նվազագույն իրավունքների և պարտականությունների մասին. անձն իրավունք ունի իմանալ իրեն ազատությունից զրկելու պատճառը, պահպանել լռություն, իր ընտրած անձին տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին, հրավիրել փաստաբան, իր պահանջով ենթարկվել բժշկական զննման (այդ թվում՝ սեփական բժշկի կողմից):
Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում