Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ազգային կոնգրեսում չափազանց զգուշավոր են դարձել Ռոբերտ Քոչարյանի հարցում. «Հայկական ժամանակ»

Մարտ 04,2014 11:05

Մարտի 1-ին Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը խոստանում էր լինել աննախադեպ եւ եղավ աննախադեպ։ Սա թերեւս առաջին մարտիմեկյան հանրահավաքն էր, որտեղ վեց տարի առաջ տեղի ունեցած սպանդի պատասխանատուների մասին խոսակցությունը լղոզվեց։

Ռոբերտ Քոչարյանի անունը, օրինակ, հանրահավաքում ոչ մի անգամ չհնչեց։ Վերջին շրջանում Հայ ազգային կոնգրեսում չափազանց զգուշավոր են դարձել Ռոբերտ Քոչարյանի հարցում, եւ սա չի կարող պատահականություն լինել։ Եվ ուրեմն պատասխանի կարիք է զգում հարցը, թե որն է նման նրբանկատության պատճառը։ Ամենատրամաբանական պատասխանը կարող է լինել այն, որ Կոնգրեսը մտավախություն ունի, թե Քոչարյանին արժանի գնահատականներ տալով՝ կարող է փչացնել հարաբերությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որոնք, փաստորեն, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու տարիների ասելիքի առանցքն են կազմում։

Եթե այսպես է, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չափազանց կարեւոր նշանակություն ունի ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի համար, այլապես իմաստ չէր ունենա նրան խնայել ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունների սիրույն։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը որպես ֆիգուր եւ նրա կարծիքները բարձր են գնահատվում «Բարգավաճ Հայաստանում» եւ մասնավորապես՝ նրա առաջնորդի կողմից: Իսկ թե ինչպիսին են նրա կարծիքների ազդեցությունը ԲՀԿ-ում կայացվող որոշումների վրա կարելի է պատկերացում կազմել արդեն վերը շարադրվածից։ Ու սա չափազանց երկիմաստ վիճակի մեջ է դնում Հայ ազգային կոնգրեսին ու նրա առաջնորդին։ Փաստորեն, Մարտի 1-ից վեց տարի անց, Կոնգրեսն ու նրա առաջնորդը, թեկուզ անուղղակի, պարտնյորական հարաբերություններ են հաստատել մի մարդու հետ, ում Հաագայի դատարանում դատելը համարում էին կենսական անհրաժեշտություն եւ որին Լեւոն Տեր-Պետրոսյանը երկար տարիներ անվանում էր քաղաքական դիակ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31