Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան Եւ մենք. «Գարուն» ռազմասպորտային տոնախմբություն

Մարտ 04,2014 14:59

Վասիլի Աքսյոնովի մարգարեական վեպը

1979 թվականին 20-րդ դարի ամենանշանավոր ռուս գրողներից մեկը՝ Վասիլի Աքսյոնովը, ավարտեց «Ղրիմ կղզին» իր «ֆանտաստիկ» վեպը: «Ֆանտաստիկը» վերցնում եմ չակերտների մեջ, որովհետեւ բոլոր մեծ գրողների նման՝ նա շատ բան էր կանխատեսել: Այնքան շատ, որ այսօր նույնիսկ փոքր-ինչ վախենալու է:

«Ֆանտաստիկան», հիշեցնեմ, հիմնված էր հետեւյալ ենթադրության վրա. ինչ կլիներ, եթե 1920 թվականին «կարմիրները» չգրավեին այդ թերակղզին, եւ հետագա տասնամյակների ընթացքում Ղրիմը զարգանար «արեւմտյան» ուղիով, իսկ մնացած Խորհրդային Միությունը մնար, ինչպես որ կար: 1970-ական թվականներին Ղրիմում ապրող ռուսները իբր կհասկանային՝ որքան էլ Սովետը վատը լինի, միեւնույն է՝ նրանք չպիտի առանձին ապրեն իրենց ժողովրդից, որի արդյունքում սկսվում է «վերամիավորման» շարժումը: Այդ շարժումից օգտվելով՝ Խորհրդային Միությունը Ղրիմ է մտցնում իր զորքերը եւ թերակղզում սկսում է այն «բարդակը», որը մեզ բոլորիս քաջ ծանոթ է: Ստեղծվում է այն վիճակը, որը կար մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզվելը, որում ապրում ենք մենք, Ռուսաստանը, ԱՊՀ այլ երկրներ, որից փորձում են ազատվել Բալթյան երկրները, Վրաստանը, Ուկրաինան:

Ռուս գրողը չի կարող «հակառուս» լինել: Ըստ նրա՝ նույն իր հայրենակիցները, ընտրելով Սովետից տարբերվող ճանապարհ, ապրում էին բոլորովին այլ կյանքով, որը, ճիշտ է, ուներ բազմաթիվ արատներ, բայց փոխարենն այնքան անհեթեթ չէր, որքան Սովետում էր: Խոսքը, հետեւաբար, ոչ թե ազգային առանձնահատկությունների, այլ կյանքը կազմակերպելու ձեւերի մասին է, որոնցից մեկն իրեն սպառել է: Բացահայտ կոռուպցիայի, միլիարդատեր ղեկավարների, գորշ եւ տգետ վերնախավի, բութ եւ կացնային պաշտոնական քարոզչության ժամանակն անցել է: Այն անցել էր արդեն 1970-ականներին:

Ինչո՞վ է հնարավոր հնազանդության մեջ պահել ժողովուրդներին, այդ թվում նաեւ՝ սեփական՝ ռուս ժողովրդին, եթե նրանք չեն ուզում ենթարկվել այդ «բարդակային» կանոններին: Համոզելով, որ Եվրոպայում բոլորը ֆաշիստ են եւ միասեռակա՞ն: Այդ քարոզչությունն էլ, իհարկե, կա: Բայց գլխավոր փաստարկը զենքն է, դրա վաճառքը, մատակարարումը, ռազմաբազաները, եւ եթե անհրաժեշտ է՝ ներխուժումը: Աքսյոնովի վեպում խորհրդային քարոզչությունն այդ ներխուժումը անվանում է «Գարուն» ռազմասպորտային տոնախմբություն: Գրողը դա նկարագրում է այսպես՝ տանկերը, որոնք մտել են Ղրիմ, չգիտեն, թե ով ինչի համար եւ ուր է գնում, հույսը դրվում է քանակի վրա: Մարդիկ, որոնք առաջ հերթ էին կանգնում բենզալցման կայանում, հիմա արդեն ուրախանում են՝ եկել են խորհրդային զորքերը, եւ իրավունքն ուժեղինն է: Եվ այլն:

Այդպիսի ներխուժումներ եղել են Հունգարիայում, Չեխոսլովակիայում, Վրաստանում: (Նման դեպքերում ռուսական կայսրության կողմնակիցներն ասում են՝ բա Միացյալ Նահանգնե՞րը: Այո, այդ երկիրը նույնքան վատ է վարվում՝ եթե մենք լինեինք Իրաքի, Սիրիայի կամ Աֆղանստանի բնակիչներ, դա մեզ ավելի շատ կհետաքրքրեր: Բայց մեկի սխալները մյուսի սխալներով արդարացնելը, ինձ թվում է, անիմաստ է): Հիմա նույնը տեղի է ունենում Ուկրաինայի հարցում: Փոքր-ինչ վերաձեւակերպելով Ստալինի հայտնի խոսքը՝ կարելի է ասել՝ ներխուժելու ցանկություն լինի, իսկ պատրվակ միշտ էլ կգտնվի:

Հայաստան ներխուժելու խնդիր, ինչպես հասկանում ենք, չկա: Նախ՝ ներխուժած-պրծած են, երկրորդ՝ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերն այնպիսի հրճվանքով են ընդունում Ռուսաստանի բոլոր գործողությունները, որ մեր ռազմավարական գործընկերը մեզնից նեղանալու տեղ չունի: Հետաքրքիր է, որ մեր քաղաքական ուժերից ոչ մեկն առայժմ Ուկրաինայի հարցով հայտարարություն չի արել: Ճիշտ է, անցած տարի Ռուսաստանը թեթեւակի նեղացել էր, երբ մեր իշխանությունն ուզում էր ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիր ստորագրել, եւ այդ նեղացածությունն արտահայտվել էր Ադրբեջանին զենքի վաճառքով: Բայց այդ միջադեպը հարթվեց, ԵՄ-ի հետ ոչ մի բան չստորագրվեց, ճիշտ է՝ զենքը մնաց ադրբեջանցիների մոտ:

Սակայն հավերժ այդպես չի կարող շարունակվել: Ռուսաստանը, Հայաստանը, Ուկրաինան, ամբողջ տարածաշրջանը մոլորակից դուրս չեն գտնվում, ու վաղ թե ուշ վերը թվարկած բոլոր երկրների բոլոր ժողովուրդները միակամ կհայտարարեն, որ չեն ուզում ուզում ապրել Գոգոլի եւ Սալտիկով-Շչեդրինի նկարագրած անհեթեթ բարդակի պայմաններում: Կարծում եմ՝ դա տեղի կունենա իմ կյանքի օրոք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31