Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի «բիզնես ծրագիր»

Մարտ 04,2014 13:45

Հայաստանում Գառնու տաճարի նման անտիկ հուշարձաններ չկան, եւ շատ բնական է, որ այդ տաճարը մենք պետք է պահպանենք աչքի լույսի պես: Թե ինչու է կառավարությունը, ի դեմս մշակույթի նախարարության, որոշել այնտեղ բիզնես դնել, անբացատրելի է: Նախ՝ «ժամանակավոր թեթեւ կոնստրուկցիաների մասին», որոնք վկայակոչում է «մշակութային» ՊՈԱԿ-ը: Տարիներ առաջ Օպերայի շրջակայքում եւ Օղակաձեւ զբոսայգում կառուցվող «օբյեկտների» մասին նույնն էին ասում, բայց հետո պարզվեց, որ այդ ռեստորան-սրճարանները ոչ ժամանակավոր են, ոչ էլ թեթեւ: Մենք գիտենք, թե ինչպես է դա լինում. սկզբում աղմուկ է բարձրանում, հետո իշխանության այս կամ այն օղակը կարողանում է, այնուամենայնիվ, շինարարությյունը սկսել, դրանից հետո «օբյեկտի» տերը կամաց-կամաց «առաջ է գալիս», եւ արդյունքում վեր է խոյանում հսկայական բետոնե կառույց:

Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ի մյուս փաստարկն այն է, որ ինչ-որ ռուսահայ բարերար Գառնիի տարածքում սրճարան է սարքում, բայց ամբողջ շահույթը հանձնելու է պետությանը, որպեսզի վերջինս «փակվի» տնտեսական ցածր արդյունավետություն ունեցող Գառնիի լուսային էֆեկտների համար: Բայց եթե բարերարն այնքան բարի է եւ ոչ մի շահ չի հետապնդում, ապա ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե նա պարզապես փող փոխանցեր պետական բյուջե եւ փակեր լուսային էֆեկտների ծախսերը: «Օբյեկտ դնելու» իմաստը ո՞րն է: Ասվում է նաեւ, որ սրճարանի կառուցմամբ բարձրացվում է Գառնու տաճարի գրավչությունը: Շատ հնարավոր է, որ «օբյեկտի» շնորհիվ այցելուների թիվն իսկապես շատանա: Բայց դա այն խնդիրը չէ, որը պետք է լուծել ամեն գնով: Որովհետեւ «գրավչությունը» կարելի է բարձրացնել տարբեր ճանապարհներով, օրինակ՝ տաճարի տարածքում խաղատուն կամ գիշերային ակումբ կառուցելով: Իսկ կարելի է դիմել զուտ մշակութային քայլերի, բայց դրա համար որոշակի ինտելեկտ եւ մտահորիզոն է պետք: Գառնիի տաճարի, ինչպես նաեւ մեր բազմաթիվ այլ հուշարձանների համար փող է պետք: Մշակույթի համար փող գտնելը մեկից մեկ է. այստեղ պետությունները, միջազգային կորպորացիաները, անհատ մեծահարուստները որեւէ քաղաքական սահմանափակում չունեն: Կան պետություններ, որոնց համար մշակույթը (ոչ միայն սեփական, այլեւ համաշխարհային) ամենակարեւոր եւ ամենաթանկ բանն է: Այդպիսին է առաջին հերթին Ճապոնիան: Բայց փող են տալիս նրան, ով աշխատում է, ով լավ իմաստով «դողում է» իր ազգային արժեքների վրա: Իսկ նրան, ով ապականում է դրանք՝ հանուն ինչ-որ անհասկանալի «բիզնես-ծրագրերի», բնականաբար, ոչ մի կոպեկ էլ չեն տա: Հավատացնում եմ ձեզ, սրանք խնդիրներ են, որոնք պակաս կարեւոր չեն, քան քաղաքականությունը, որովհետեւ ներկայիս մոտեցումները կարող են բերել իսկապես անդառնալի կորուստների: Եվ կաեւորը` համապատասխան կամքի պարագայում այս խնդիրները հեշտ լուծվողներից են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Ruben says:

    “Ոչխարները կերան մարդկանց”

  2. sergik says:

    իմ կարծիքով մենք արդեն ծայրահեղությունների գիրկն ենք ընկնում,,ինքս եմ Գերմանիա մի անգամ այցելել ռեստորան, որը գտնվում էր քաղաքից դուրս միջնադարյան ամրոցի մեջ, ավերակների մեջ ռեստորան էր, հիասքանչ հիշողություններ են մնացել, զբոսնեցինք հետո ճաշեցինք, հակառակը ես կարծում եմ տեսարժան վայրի կողքը պարտադիր հանգստի վայր պետք է լինի, ուրիշ բան որ դա պետք է հատուկ պայմանագրերով արվի , որում պետք է ամրագրվեն թե ինչ չի թույլատրվում անել, ինչ շինարարություն պիտի արվի որ չվնասի էտ տեղանքի պատմական արտաքին ու ներքին տեսքը, արժեքները և այլ….

    • Ընթերցող says:

      չգիտեմ ոնց կնայեն հարգելի ադմիները իրենց կանոնների հետ կապված, բայց պետ է ասեմ. Գլուխդ չմտավ, որ մարդն ասում է “Հայաստանում Գառնու տաճարի նման անտիկ հուշարձաններ չկան …” հիմա համեմատում ես Գերմանիայում միջնադարյան կասկածելի անցյալով ամրոցի հետ: Հա ռեստորան սարքես Գառու տաճարի մոտ, քեզ նման, գերմանացին էլ կգա կուտի կխմի ու շատ գոհ կմնա, ու հեչ վեջն էլ չի թե ուրիշի երկրում հուշարձանի հետ ինչ է լինում: Օտարը չպետք է մտածի, որ տուրիստ է գնում գալիս այլ մենք:

      • sergik says:

        ինձ նման գերմանացին? չեմ իմացել որ գերմանացի եմ, գերմանացին ոչ միայն ուտում խմում է, այլ իր մշակույթային արժեքները սրբության նման պահում է, թե չէ էն գովազդի նման ,,միայն արժանավորները իրավունք ունեն խոսել բարձր արժեքներից,,….

        • sergik says:

          իմ ասածն այն է, որ էտպիսի նախադեպեր ուրիշ երկրներում շատ կան, ուրիշ բան է, որ մերոնք ամեն ինչ ծուռ են անում ու ինչոր մեկի բիզնեսն են առաջ տանում…

    • Գրիգոր says:

      Մեր հիմիկվա հաստավիզների կուլտուրան մի համեմատեք գերմանացիների կենցաղային մշակութի հետ: Եթե շատ են ուզում, թող մի 300 մետր հեռու կառուցեն: Թե չե պատկերացնում եք, աբողջ տարածքում բարձր ռաբիզ երաժշտություն,շուրջը աղբակույտեր…Նույն պատկերը կլինի, որը Սևանի թերակզու անվճար մասում է:

  3. Ruzan says:

    Հաջորդ սրճարանը, իսկ գուցե ռեստորանը, Մշակույթի նախարարությունը Մագիլի քարանձավում է պլանավորում… Փոքր ու միջին բիզնեսի խթանումը հասկացանք, տուրիզմի զարգացմանը նպաստելը` նույնպես, իսկ ուր մնաց մշակութային ժառանգության պահպանությունը, որը մշակույթի նախարարության գլխավոր գործառույթն է…

  4. MARD says:

    Բարերարը թող արեվի ենրգիայով աշխատող սարք դնի համ Գառնին կլուսավորվի համ ել էլեկտրաեներգիա կարտահանի. Արեվն ա պակաս.
    Տուրիստին Գառնիի սրճարանը որպես արվեստի նմուշ պիտի ներկայացվի թե ստամոքսի փրկություն. Իսկ ինչու չէ լահմաջուանոց, ինչով է պակաս սրճարանից.
    Տաք սուրճի վրա լահմաջուն դզում ա մանավանդ Գառնու տէսարժան մթնոլորտում.

  5. Արսեն says:

    Ես ունեմ այլ առաջարկ..))).. Կարելի է տաճարի կեսը քանդել, տեղը սուպերմարկետ կառուցել..))).. սուպերմարկետի ռեկլամային լուսավորությունը, ինձ թվում է բավարար է, ամբողջ տաճարի լուսավորման համար ..))).. Ձեռի հետ էլ կլուծվի Գառնու բնակչության մի մասին աշխատանքով ապահովվելու հարցը։ ..)))..
    Սուպերմարկետից առևտուր անողներին կարելի է հաշվառել որպես Գառնու տաճար այցելած տուրիստներ՝ այսպիսով կլավանա տուլիզմի ստատիստիկան, որից հետո հանգիստ կարելի Գառնին հայտարարել Տուրիզմի տարածաշրջանային կենտրոն …)))…

  6. alfred says:

    Մարդիկ հասել են այդտեղ բա մի տեղ չլինի որ հաց ուտեն,

  7. Maxim says:

    Այ՝ alfred, դե արի ու մի ասա։ Հաց ուտելը, մի բաժակ միասին խմելը, ,,էլ չեմ ասում՝ խաշակալած ուղեղների խաշի սեղանների ծիսակատարությունների մասին,, դարձել է մեր ազգի սրբագույն իմաստը, որի շուրջն է պտտվում ամեն բան։ Եթե մեր ժողովուրդը՝ այդ ուտել խմելու վրա ծախսած նյութական,նաև տրամադրած ժամանակը օգտագործի օգտակար աշխատանքի վրա, ապա մենք իրոք կլինենք այն ազգը, որին որ մենք մեզ վերագրում ենք՝ քարից հաց քամող, երկաթից, օդից, ջրից, բայց՝ ոչ հողից։

  8. Անտիբարերար says:

    Իսկ չի՞ լինի, որ էդ բառեռառը սրճարանը կառուցի Գառնի գյուղի մեկ այլ վայրում և չխաթարի Գառնու տաճարի մշակութային տեսքը։ Թե էդ բառեռառը մի քանի մլյոն էլ մշնախի ո*նա կոխել, որ իռան լյաաաաաավ տեղ տա։

  9. harut says:

    ՀՀ-ում անիմաստ է պատճառաբանել օրէնքի,սկզբունքի եւ գեղագիտութեան մասին։
    Մարդիկ ԲՌՆԱՒՈՐ ԵՆ եւ ինչ ուզում են անում են (ԽՕՍՔԻ ԵՒ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ
    ԵՐԵՒՈՅԹՆԵՐԸ ՓՐԿԵԼՈՎ) ։ արեւմտեան կեղծաւոր աշխարհը դրանով բաւարարւում է եւ
    տարուէ տարի հայաստանի ժողովրդավարութեան հորիզոնականը մի քանի աստիճանով
    լաւանում է իրենց աչերին ։

  10. sergik says:

    նորից եմ ասում մերոնք իսկապես աղավաղում են ամեն ինչ և ինչոր մեկի բիզնես շահերն են առաջ տանում, բայց օրինակ եթե օրենքը մեր մոտ գործեր , պատկերացրեք մեր ավերված միջնադարյան եկեղեցիներից մեկի մոտ սրճարան լիներ, քաղաքից հեռու բնության մեջ, որտեղ մատուցվեր միայ տեղային ազգային ինչ որ ուտեստներ, էտ սրճարանը ազատված լիներ հարկերից, փոխարենը պարտավորություն ստանձնած լիներ պահպանել տարածքը վանդալներից ու մաքուր պահեր տարածքը, ես որ ասում եմ ծայրահեղություն ի նկատի ունեմ որ սրճարան բառից մեր մոտ միանգամից ուտել խմելուն էք տանում, միայն պետությանը մեղադրել իմաստ չունի պետությունը չէ որ պատերին փորագրում է Ա+Բ =Ս

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31