Ռուսաստանի` միգրացիոն օրենքների խստացումը Հայաստանում իսկական խուճապ է առաջացրել: Պատճառն այն է, որ հունվարի 1-ից սկսած՝ առանց մուտքի վիզայի Ռուսաստան մեկնելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են այդ երկրի տարածքում մնալ 90 օր, յուրաքանչյուր՝ 180 օրվա ընթացքում և հետևաբար ՌԴ-ում մնալու երեք ամսվա ընթացքում միգրանտն արդեն պետք է ձեռք բերի աշխատանքային պայմանագիր կամ, այսպես կոչված, Ռուսաստանում աշխատելու համար պատենտ։
Նշենք, որ այս պահի դրությամբ, շուրջ 220 հազար մարդ լուրջ խնդրի առաջ է կանգնած ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացման պատճառով: Մասնավորապես՝ «Շուրջ 50 հազար մարդու մուտք Ռուսաստան մոտակա երեքից հինգ տարիների ընթացքում արգելափակված է: Եվս 170 հազար մարդ, գտնվելով ՌԴ-ում, ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտելով, հայտնվել է որոշ մարմինների ուշադրության կենտրոնում: Նրանք հիմնականում աշխատանքային միգրանտներ են»:
Սակայն հակասական է այն, որ մի կողմից իշխանությունը խոսում է արտագաղթի ծավալների նվազեցման մտադրվածության մասին, մյուս կողմից այդ գործին նպաստող` ՌԴ օրենսդրության խստացումից չեն օգտվում, որպեսզի նվազեցնեն արտագաղթի ծավալները: Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանն այս հարցն այլ տեսանկյունից է դիտարկում. «Չմոռանանք, որ երկու տարբեր երևույթների հետ գործ ունենք, որոնք խառնում ենք միմյանց: Մշտական արտագաղթը, երբ մարդը մշտապես գնում է երկրից, և աշխատանքային միգրացիայի երևույթը այլ բաներ են: Հիմա մենք խոսում ենք աշխատանքային միգրացիայի մասին, այլ ոչ թե այն մարդկանց մասին, որոնք ցանկանում են մշտական բնակություն հաստատել ՌԴ-ում»:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Եգանյանի` այն, որ մեզ մոտ մշտական միգրացիայի ծավալները թռիչքապես չեն աճել, ապա հենց աշխատանքային միգրացիայի երևույթի հետևանքով է: Նա հստակեցրեց. «Մարդը վաստակում է դրսում, իր ընտանիքը պահում: Եթե այս 220 հազարը չկարողանա դա անել, ապա նրանք մտածելու են արտագաղթելու մասին: Նրանց մի մասը կմտածի իր տունը վաճառել, մի քանի կոպեկ ձեռք գցել, փորձել մշտական բնակություն հաստատել Եվրոպայում»:
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն այն տպավորությունն ունի, որ արտերկիր գնալը Հայաստանում խրախուսվում է: Այս առիթով նա պատմեց հետևյալ միջադեպը. «Ես Ռուսաստանում ծանոթներ ունեմ, որոնք տարբեր խախտումներ են արել, բայց այժմ նրանց պարտադրում են ՌԴ քաղաքացիության հետ կապված հարցերը լուծել, այլ ոչ թե վերադառնալ Հայաստան»:
Զարգացնելով այն տրամաբանությունը, որ ՀՀ-ում «քաղաքական էլիտայի և ժողովրդի շահերը տրամագծորեն հակադարձ են», գեղանկարիչը նկատեց. «Մեր քաղաքական էլիտայի, պետական պաշտոնյաների երեխաները դրսում են սովորում, աշխատում: Նկատվում է միտում` խրախուսել դուրս գնալը: Սա մի խնդիր է, որ ոչ միայն կառավարության կամ այլ կուսակցությունների խնդիրն է, այլ՝ ազգային անվտանգության խնդիր»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ