Վերջերս առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ այս տարվա մարտի 1-ից առաջնային բուժօգնության օղակներում լաբորատոր-գործիքային հետազոտությունները դառնալու են վճարովի: Նախարարության սահմանված կարգը գործելու է ամբուլատոր-պոլիկլինիկաներում: Իսկ ծառայությունների համար չեն վճարելու միայն սոցիալապես անապահով կամ հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիները:
Սակայն ուրբաթ օրը՝ փետրվարի 28-ին, առողջապահության նախարարության կայքը հրապարակեց, որ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, խորհրդակցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որոշում է կայացրել Երևանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում լաբորատոր- գործիքային հետազոտությունների համավճարի ներդրման մասին հրամանի կիրառումը հետաձգել մինչև հուլիսի 1-ը։
Aravot.am-ը հարցում անցկացրեց՝ ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները տվյալ ծառայությունների՝ վճարովի դառնալու մասին:
Հարցվածների մեծ մասի կարծիքով, առաջնակարգ բուժօգնությունը պետք է լինի անվճար. «Առանց այդ էլ ցածր աշխատավարձ ենք ստանում, իսկ նման բաների համար վճարելն արդեն ոչ բոլորի գրպանին է հարմար»:
Կարդացեք նաև
Մեծահասակները նույնպես բողոքում են. «Ցածր թոշակ են տալիս ու պահանջում, որ վճարենք: Մեզ էլ անընդհատ պետք է ստուգվել: Էսքան ծախսերի մեջ, անալիզների համար վճարելու գումար արդեն ո՞րտեղից գտնենք»:
Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ է, որ անվճար լինելու դեպքում, այնուամենայնիվ, քաղաքացիների մեծ մասը գումար են վճարում անալիզներ հանձնելիս, հարցվածների մեծ մասը պատասխանեց, որ դա առողջապահության ոլորտում աշխատողների նկատմամբ անվստահությունից է գալիս. «Եթե չենք էլ վճարում, ապա, թերահավատորեն ենք մոտենում իրենց տված պատասխաններին: Հնարավոր է, որ կեղծեն կամ լիարժեք չլինեն»:
Մանրամասները՝ տեսանյութում
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ