Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասվում են ցնցող բացահայտումներ»,- խոստանում է ՀՀ գլխավոր դատախազին, ՀՔԾ պետին դատի տված Սամվել Հարությունյանը

Մարտ 03,2014 13:58

Գորիսի 1992-1994թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ, Սամվել Հարությունյանը դատի է տվել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:

Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պարոն Հարությունյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազի եւ ՀՔԾ պետի անգործությունը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա «բանդայի» կողմից մի շարք հանցագործությունների մասին իր հրապարակումների հիման վրա քրեական գործ չհարուցելու վերաբերյալ:

«Իմ մի քանի տասնյակ հրապարակումները ներկայացրել են մեր ժամանակների արտասովոր ոճրագործ Սուրիկ Խաչատրյանի` տխրահռչակ Լիսկայի եւ նրա բանդայի կատարած բազմաթիվ հանցագործությունները, որոնց մեծ մասը առանձնակի ծանրության հանցագործություններ են, ճչացող փաստ- ապացույցներ: Հերթական անգամ հայտարարում եմ` Հայաստանի իրավապահ համակարգի ղեկավարները Լիսկայի արտասովոր քրեական ընթացքի մասին իմ կողմից հրապարակված ավելի քան 60 փաստ-ապացույցի նկատմամբ շարունակում են դրսեւորել հանցավոր անգործություն` դրանով դառնալով մեր ժամանակի հակահերոսի կատարած առանձնակի ծանրության բազում ոճիրների մեղսակից»,- Aravot.am-ին ասաց պարոն Հարությունյանը:

Պարոն Հարությունյանի բողոքի քննությունը Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 5-ին  14.30-ին է նշանակված:

«Պահանջել եմ, որ դատարանը ոչ միայն վերացնի գլխավոր դատախազի ու ՀՔԾ պետի անգործությունը, այլեւ պարտավորեցնի նրանց քրեական գործ հարուցել իմ կողմից հրապարակված փաստերի հիման վրա եւ Սուրիկ Խաչատրյանին ու նրա հանցակիցներին վերջապես կանգնեցնեն քրեական պատասխանատվության առջեւ»,- ասաց պարոն Հարությունյանը:

Նա նաեւ ՀՔԾ պետին ու գլխավոր դատախազին առաջարկեց անձամբ դատարան ներկայանալ. «Կոչով դիմում եմ իրավապաշտպաններին, քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, միջազգային կառույցներին, Ինտերպոլի ներկայացուցիչներին, մեր երկրում հավատարմագրված դեսպաններին, արդարադատության ձգտող քաղաքացիներին, ԶԼՄ-ներին ներկա լինել այդ դատավարությանը, որի ընթացքում սպասվում են նոր, ցնցող բացահայտումներ: Շատ լուրջ անակնկալներ են սպասվում այդ դատավարության ընթացքում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31