Լրահոս
Օրվա լրահոսը

Կոլեգիան հավանություն տվեց քննարկված բոլոր հարցերին

Մարտ 03,2014 11:37

«Միանշանակ այս ծրագիրը ևս պետք է ներդնենք։ Բերված փաստարկները բավական խոսուն են։ Պատվաստման արդյունքում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մենք կունենանք թոքաբորբերի և մենինգիտների նվազում, ինչի շնորհիվ կկանխարգելվի մանկական մահացությունը։ Մենք հպարտանում ենք, որ 2013-ին մանկական մահացության ամենացածր ցուցանիշներն են արձանագրվել մեր պետության գոյության ողջ պատմության ընթացքում։ Ցուցանիշ, որին ձգտել ենք տարիներ շարունակ և որի պահպանումն ու ավելի բարելավումը բոլորիս նպատակը պիտի լինի։ Այս ձեռքբերմանը մենք հասել ենք պատվաստումների, սկրինինգ ծրագրերի, մանկական վերակենդանացման բաժանմունքների ստեղծման ու հզորացման և այլ ծրագրերի շնորհիվ։ Դրանցից մեկն էլ ամենաբարձր վարկանիշ ունեցող արտադրողներից պատվաստանյութերի ձեռքբերումն է։ Այդ նույն պատվաստանյութերն են օգտագործվում եվրոպական զարգացած երկրներում։ Մեզ համար ամեն մի երեխայի կյանքը չափազանց թանկ արժե»,-ասաց Դերենիկ Դումանյանը` ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում պնևմակոկային պատվաստումների ներդրման մասին հարցի քննարկման ժամանակ։
ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով միայն 2008 թվականին աշխարհում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում գրանցված 8,8 մլն մահվան դեպքերից 476 հազարը պայմանավորված է եղել պնևմակոկային վարակներով: Մինչև 1 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային սեպտիցեմիայի դեպքում մահացության ցուցանիշը հասնում է մինչև 20, իսկ մենինգիտների դեպքում՝ մինչև 50%-ի:
Հայաստանում պնևմակոկային հիվանդությունների (թոքաբորբեր, մենինգիտներ, բակտերեմիա, սինուսիտներ, բրոնխիտներ և այլն) վերաբերյալ ընդհանուր համաճարակաբանական տվյալները չկան՝ պայմանավորված լաբորատոր ախտորոշման դժվարություններով։ Այս բացը լրացվել է 2012 թվականի հոկտեմբերին՝ Երևանի երեք հիվանդանոցներում` «Արաբկիր» ԲՀ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, ԱՀԿ օժանդակությամբ մանրէային մենինգիտների դետքային (պարեկային) հսկողության համակարգի ներդրմամբ։
Պնևմակոկային հիվանդությունների կանխարգելման, մասնավորապես թոքաբորբերից և մենինգիտներից մանկական մահացության նվազեցման նպատակով աշխարհի բազմաթիվ երկրներում հաջողությամբ ներդրվել և զգալի արդյունավետությամբ կիրառվում է պնևմակոկային պատվաստանյութը: Մեր երկրում նպատակահարմար է գտնվել պնևմակոկային պատվաստումները ներդնել սեպտեմբերից: Սահուն և հաջող ներդրման նպատակով հունիս-սեպտեմբեր ամիսներին բոլոր պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում կիրականացվի պատվաստումային գործընթացի մոնիթորինգ, բուժաշխատողների համար անհրաժեշտ դասընթացներ կկազմակերպվեն: Մեծ ուշադրություն կդարձվի նաև բնակչության իրազեկմանը:

Կոլեգիայի անդամները միաձայն հավանություն տվեցին ներկայացված ծրագրին։ Հանձնարարվեց այն իրականացնել ըստ ժամանակացույցի։

Այնուհետև Դեղարտադրողների և ներմուծողների ասոցիացիայի տնօրեն Սամվել Զախարյանը, ներկայացնելով Հայաստանի դեղագործության ոլորտի մարքեթինգային գործունեության Կանոնագրքի նախագիծը, նշեց, որ այն մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ։ Մասնավոր հատվածի և պետական մարմնի արդյունավետ համագործակցության արդյունքում ստեղծված փաստաթուղթն արդեն շրջանառության մեջ է դրվել, ստացվել են դրական արձագանքներ։ Բանախոսն ընդգծեց, որ Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության (ԴԱՆ միություն) անդամ ընկերությունները, գիտակցելով իրենց վրա դրված սոցիալական բարձր պատասխանատվությունը, զարգացած երկրների օրինակով փորձում են ինքնակառավարման սկզբունքով մաքրել ու հստակեցնել դաշտը։ Դեղի արտադրության, ներկրման և ողջ շրջանառության գործընթացը, այդ թվում՝ գովազդը, արտադրանքի խթանումն ու վաճառքը, կիրականացվի բարեխիղճ մրցակցության պայմաններում՝ առանց վնաս պատճառելու մրցակիցների հեղինակությանը, դիրքին և տնտեսական շահերին։ Նախատեսված է նաև վեճերի կարգավորման հանձնաժողովի ստեղծում։
Կարևորելով փաստաթղթի արդիականությունը, Դերենիկ Դումանյանը նշեց, որ այս ոլորտում կարգավորիչ նման մեխանիզմները «Դեղերի մասին» օրենքին զուգահեռ բավականաչափ կկարգավորեն դաշտը, հնարավոր կլինի զերծ մնալ առանձին ֆիրմաների կողմից կազմակերպվող ոչ պատշաճ քարոզչությունից ու հակաքարոզչությունից։
Կանոնագրքի նախագիծն արժանացավ կոլեգիայի անդամների հավանությանը։
Կոլեգիան քննարկեց և հավանություն տվեց նաև Հայաստանի Հանրապետությունում առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ռազմավարական ծրագիրը և դրանից բխող առաջնահերթ միջոցառումները։

 ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31