Գյումրու տնակային ավաններում «Շիրակ կենտրոնի» ամենօրյա ուսումնասիրություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ մի շարք անօթևան ընտանիքներ բնակվում են ոչ թե սեփական վագոն-տնակներում, այլ վարձով:
Նրանց թվում կան այնպիսիները, որոնք Գյումրի են տեղափոխվել այլ համայնքներից, այդ թվում նաև այլ մարզերից: Կան նաև ընտանիքներ, որոնց վագոն-տնակները վաղուց շարքից դուրս են եկել ու դարձել են բնակության համար ոչ պիտանի, և նրանք ստիպված տեղափոխվել են բնակվելու համեմատաբար բարվոք վիճակում գտնվող այլ ժամանակավոր կացարաններ:
Այդ անօթեւանները հիմնականում ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում և երբևէ բնակարան ունենալու հույս չունեն: Ներկայացվող տեսանյութը բազմազավակ մի ընտանիքի մասին է, որն 8 անձով, իր վագոն-տնակն ամբողջովին շարքից դուրս գալուց հետո վարձակալել և տեղափոխվել է նույն տնակային ավանում գտնվող մեկ ուրիշ ժամանակավոր կացարան, որի իրական տերը վաղուց գտնվում է արտերկրում: