Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց տեսլականի, առանց իրար նկատմամբ վստահության, առաջ գնալ չենք կարող». Վազգեն Մանուկյան

Մարտ 02,2014 20:20

vazgenmanukyan.am. Փետրվարի 28-ին ՀՀ Հանրային խորհուրդը` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, հանդիպել է ՀՀ վարչապետի և կառավարության որոշ անդամների հետ` քննարկելու հանրությանը հուզող մի շարք հարցեր: ՀԽ նախագահն իր խոսքում անդրադարձել է ոչ միայն սոցիալ-տնտեսական որոշակի հարցերի, այլև բարձրացրել պետության, հասարակության, հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող համընդհանուր խնդիրներ:  Վազգեն Մանուկյանի ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելիʹ պարոն վարչապետ, կառավարության անդամներ, գործընկերներ,

Հայաստանն ունի բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց մի մասը պահանջում է շուտափույթ լուծումներ: Մենք մեր կողմից այսօր կներկայացնենք մի շարք խնդիրներ, որոնք առաջ են քաշված հասարակության կողմից: Դրանց մի մասի վերաբերյալ Հանրային խորհուրդն ունի իր հստակ կարծիքը և լուծումներ է առաջարկում, և կան հարցեր, որոնք դեռ պահանջում են համատեղ մասնագիտական քննարկումներ: Բայց Հանրային խորհուրդը մտահոգված է ոչ միայն այդ որոշակի խնդիրների լուծմամբ. խնդիրներ լինելու են միշտ: Դրանց լուծման համար պետք են բանիմաց մասնագետներ, արդյունավետ կառավարություն, բայց հնարավոր չի լինի դրանք լուծել, եթե հասարակության շրջանում չկա համապատասխան մթնոլորտ` վստահություն, էներգետիկա, լավատեսություն: Նման պայմաններում խնդիրների լուծումը որևէ մասնագետի միջոցով հնարավոր չէ: Ցավոք, մեր կարծիքով, Հայաստանում այսօր այդպիսին է մթնոլորտը, և մենք կարծում ենք, որ իշխանության քայլերն էլ, ցավոք սրտի, միշտ չէ, որ նպաստում են այդ մթնոլորտի փոփոխմանը, ընդհակառակը` երբեմն նույնիսկ խորացնում են: Հասարակության մի մասի շրջանում, արդարացի, թե ոչ արդարացի, տպավորություն է ստեղծվում, որ իրենց մասին մտածող չկա, իրենք մնացել են միայնակ, և բոլոր որոշումները, որ ընդունվում են, այս կամ այն ձևով իրենցից գումար վերցնելու նպատակ ունեն: Անկախ այն հանգամանքից, թե տնտեսական ինչ հեռանկարային խնդիրներ ու համակարգ է ներդրվում, ամեն մի որոշման մեջ փող վերցնելու գաղափարը կա, և դա կարծես դոմինանտ է որոշումների մեջ:Այդ տեսանկյունից ուզում եմ անդրադառնալ մի քանի հարցերի, որոնց վերաբերյալ մենք մեր կարծիքը հայտնել ենք և´ մամուլով, և´ նախագահի մոտ, և´ կառավարությունում: Դրանցից մեկը պարտադիր կենսաթոշակային համակարգին է վերաբերում: Ընդ որում, պետք է ասեմ` մեր քննարկումների ժամանակ մենք որպես մոդել դրական ենք գնահատել այդ համակարգը կենսաթոշակային հարցերը լուծելու համար:Բայց ի՞նչ էր առաջարկում Հանրային խորհուրդը: Մենք առաջարկում էինք, օրինակ, նվազեցնել 5% դրույքաչափը, սահմանված գանձումն իրականացնել հարկված աշխատավարձից, կամ եթե նույնիսկ 5% դրույքաչափը պահպանվի,  2014 թ. գանձումը սկսել 2%-ից` մինչև 2020 թ. այն աստիճանաբար հասցնելով 5%-ի (հնարավորություն տալով նաև այդ տարիների ընթացքում գնահատելու առաջարկվող մոդելի արդյունավետությունը):  «Պարտադիր» բաղադրիչի մասով առաջարկում էինք, որ փոքր չափի աշխատավարձերի (ասենք` մինչև 80.000 դրամ) դեպքում գործատուն կամ պետությունը (եթե բյուջետային աշխատող է) ամբողջ ծավալով իր վրա վերցնի վճարումները, նշված չափից բարձր աշխատավարձի դեպքում (ասենք` 80.000-ից մինչև 150.000 դրամ), աստիճանաբար աշխատողի կողմից վճարումը մեծացնելով, հասցվի մինչև 5%-ի, 500.000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար «պարտադիր» բաղադրիչը տարածել միայն 500.000-ի հատվածի վրա, իսկ դրանից բարձր հատվածի դեպքում թողնել աշխատողի կամավոր ցանկությանը: Այսինքն` մենք խոսում ենք ոչ թե մոդելի փոփոխման մասին, այլ մոդելն այնպես անելու, որ ընկալելի լինի հասարակության կողմից: Երկրորդ հարցը, որ բարձրացրել ենք, և անկեղծ ասած, չգիտենք, թե դրա պատասխանը որն է, «Զվարթնոց» օդանավակայանի աշտարակի հարցն է: Մենք շատ հստակ ենք հարցը դրել. չենք պնդում, որ դա պատմամշակութային արժեք է, ասում ենք` կա համապատասխան հանձնաժողով և կա ճարտարապետների կարծիք: Թող միասին քննարկեն, եթե այն համարվի պատմամշակութային արժեք, այդ դեպքում կգործի համապատասխան օրենքը: Սակայն այդ հարցը չի քննարկվել:
Երկրորդ առաջարկն այն է, որ եթե օդանավակայանը զարգացման համար շարունակում է ինչ-որ ուղղությամբ ընդլայնվել, եթե այլընտրանքային տարբերակ կա, ապա դրա բիզնես պլանն էլ ներկայացնել, տարբերությունը հասկանալ: Առաջարկել ենք նաև քննարկել, թե կարելի՞ է հին համալիրն օգտագործել: Սակայն դրա վերաբերյալ նույնպես որևիցե լուրջ քննարկում չի եղել: Կառավարության որոշումից մենք տպավորություն ստացանք, որ այդ հարցը հետաձգվել է և ճարտարապետների հետ դեռ պետք է քննարկվի, բայց քաղավիացիայի գլխավոր վարչության պետն իր բոլոր ելույթներում ասում է, որ աշտարակը պետք է քանդվի, կարծես ինչ-որ անձնական շահագրգռվածություն ունի աշտարակը քանդելու հարցում: Այդ աշտարակը մեր ժողովրդի համար դարձել է խորհրդանիշ: Եթե այդ խորհրդանիշը պահելը շատ թանկ է կամ անհնար է, պետք է բացատրել ժողովրդին, իսկ եթե լուծում կա, ապա այդ լուծումը պետք է տալ: Այս ամենը հանգեցնում է նրան, որ հասարակության մեջ դժգոհությունը կուտակվում է, մարդկանց մեջ անվստահություն է առաջանում ոչ միայն երկրի ապագայի, այլև իրենց ընտանիքների, իրենց ապագայի նկատմամբ: Անորոշություն է, թե ուր ենք գնում: Հայաստանն ո՞ւր է գնում, ի՞նչ է հռչակել, ի՞նչ է անում: Այդ անորոշությունը հանգեցնում է նրան, որ ամեն մի կեղտոտ բամբասանք հեշտությամբ տարածվում է ժողովրդի մեջ, և կա մամուլ, որը լավ օգտագործում է դա: Մարդու միակ հույսը մնում է այն, որ թողնի, փախչի էս երկրից: Եթե մենք կարողանայինք ապահովել կտրուկ տնտեսական աճ Հայաստանում, դա կառաջացներ և´ ոգևորություն, և´ վստահություն ապագայի նկատմամբ: Բայց կարծում եմ` և´ արտաքին պայմանները, և´ այս ներքին լճացումը չեն նպաստում, որ Հայաստանում կտրուկ տնտեսական աճ լինի: Այդ դեպքում վերադառնում եմ Ձեր բարձրացրած հարցին, պարոն վարչապետ: Անցյալ անգամ Դոʹւք այդ հարցը բարձրացրիք, և ես նույնպես շատ եմ կարևորում: Ասացիք, որ իսկապես Հայաստանում պակասում է տեսլականը: Եթե ուշադիր նայենք, ոչ մի երկիր չի կարողացել ծանր վիճակից դուրս գալ և ոտքի կանգնել, եթե չի ունեցել նպատակներ, երազանքներ ու տեսլական: Ո՞րն է մեր տեսլականը: Դա պիտի լինի մի տեսլական, որը համախմբում է մարդկանց, որի մեջ վեհություն կա, թիմային զգացողություն, բայց միաժամանակ իրականացումն ապահովում է ամեն մեկի ընտանիքի բարեկեցությունը: Այսինքն` ոչ միայն անձնազոհություն է պահանջում, այլև ապահովում է յուրաքանչյուրիս ընտանիքի, երեխաների ապագա բարգավաճումը: Սակայն դրա հետ մեկտեղ պետք է լինի իշխանություն, որն անկեղծորեն դրանով տարված է: Երբ մենք շարժումով եկանք իշխանության, այդ շարժման մեջ ազգային և ժողովրդավարական մեծ հոսանք կար: Հետզհետե պարզվեց, որ ազգայինը «կեղծ կատեգորիա» է, և միայն դեմոկրատիան է կարևոր: Դեմոկրատիան էլ հանգեցրեց նրան, որ նրանք, ովքեր հռչակում էին այդ դեմոկրատիան, հենց դրա անվան տակ էին փող աշխատում: Հետո ամեն ինչ փոխվեց: Դեմոկրատիան դարձավ մի քիչ երկրորդական, առաջ մղվեց ազգայինը, և այդ անվան տակ թալանվեց ինչ կար-չկար, վաճառքի հանվեց այն ամենը, ինչ որ ազգային արժեք էր: Այսինքն` ստացվեց, որ այդ գաղափարն էլ մարդիկ օգտագործեցին անձնական հարստացման համար: Հիմա էլ, եթե տեսլական ունենանք, այն ներկայացնենք, բայց որպես իշխանություն սկսենք օգտվել դրանից, այդ տեսլականը ոչ մի արժեք չի ունենա: Ես կարծում եմ, որ իշխանության պարտքն է, հասարակության լայն շերտերին հավաքելով, միասին ներկայացնել, ձևակերպել այդ տեսլականը; Հասարակությունը պետք է մասնակից լինի, որ դա լինի ոչ թե իշխանության տեսլականը, այս կամ այն կուսակցության տեսլականը, այլ ողջ ժողովրդինը: Մենք հանդիպումներից մեկի ժամանակ ողջունեցինք նախագահի` Սահմանադրությունը վերամշակող աշխատանքային մարմին ստեղծելու նախաձեռնությունը և առաջարկեցինք, որ ստեղծվի մի հասարակական խումբ, որում ներգրավված լինեն բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, հասարակության տարբեր շերտեր: Մենք ուզում էինք, որ հասարակությունը, ներգրավվելով դրա մեջ, հասկանար, թե ինչու է այդ բարեփոխումն անհրաժեշտ, որն է դրա նպատակը, այսինքն` հասարակությունը մտներ այդ բանավեճի մեջ: Դրա փոխարեն, ցավոք, ստեղծվեց մի մասնագիտական խումբ, որը փոխում է Սահմանադրությունը, բայց թե ինչի համար, չենք հասկանում: Հասարակությունն օտարված է զգում իրեն բոլոր որոշումներից: Ես անձամբ կարող եմ առաջարկել այդ տեսլականը: Դա առաջարկել եմ 1990 թվականին ու առաջարկում եմ հիմա: Այդ տեսլականը համաշխարհային ազգն է: Դա նշանակում է, որ աշխարհով մեկ սփռված հայությունը` իր ողջ բազմազանությամբ, իր բազմակարծությամբ, ձևավորվի որպես մի խումբ, մի թիմ, որը մրցակցության մեջ մտնի ուրիշների հետ: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ միայն պետություններն էին իրար հետ մրցում: Հիմա մրցում են ոչ միայն պետությունները, այլև մարդկանց տարբեր խմբեր` աշխարհով մեկ սփռված, տրանսնացիոնալ խոշոր ընկերություններ: Օրինակ` Իտալիան որոշում ընդունեց, որ իր սփյուռքից 20 հոգու դարձնում է խորհրդարանի անդամ: Նույն որոշումն ընդունեց Հունգարիայի խորհրդարանը: Մինչև հիմա լուրջ սփյուռք ունեին հրեաները և հայերը, բայց արդեն բոլորը հասկացել են, որ նոր մրցակցության ժամանակաշրջան է սկսվել` գլոբալ մրցակցության ժամանակաշրջան, և այդ ժամանակաշրջանում աշխարհի ամեն կետում է մրցակցություն ընթանում, և պետության հետ միասին պետք է կարողանալ համախմբել աշխարհով մեկ սփռված մարդկային ցանցը: Ես կարծում եմ, որ սա կարող է դառնալ քննարկան ձող: Բայց առանց տեսլականի, առանց վստահության իրար նկատմամբ` իշխանությունը հասարակության, հասարակությունն իշխանության, մենք առաջ գնալ չենք կարող: Իմ ասածը մի քիչ շեղվում է այն տնտեսական հարցերից, որոնք հավաքվել ենք քննարկելու, բայց ես կարծում եմ, որ առանց հիմնարար քաղաքական հարցեր լուծելու, շատ դժվար կլինի տնտեսական հարցեր լուծել, մանավանդ որ աշխարհը փոխվել է և շատ բարդ իրավիճակում է: Մենք պետք է ադեկվատ լինենք այդ աշխարհին: Շնորհակալություն»: Անկախ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31