Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գալիս ենք փոխելու». Երիտասարդական Կառավարության նախագծի համակարգող

Մարտ 02,2014 17:50

Հայաստանի Երիտասարդական կառավարությունը կառույց է, որը համախմբում է տարբեր երիտասադների, ովքեր երկիրը զարգացնելու հարցում միևնույն նպատակներն ու հեռանկարներն ունեն: Այն կոչված է աջակցելու , թարմ մտքեր «մատակարարելու» գործող կառավարությանը: Հայաստանի Երիտասարդական կառավարության անելիքների և ծավալած գործունեության մասին խոսեցինք  Երիտասարդական Կառավարության նախագծի համակարգող Ռաֆայել Հունանյանի հետ:

 Ինչպե՞ս ծնվեց Երիտասարդական կառավարություն ունենալու գաղափարը:

Երիտասարդական Կառավարություն նախագծի գաղափարը ծագեց 2010թ.: Հաշվի առնելով, որ մեր քաղաքական դաշտում երկար տարիներ, կարելի է ասել, լճացում է քաղաքական դեմքերի առումով և կա անհրաժեշտություն առողջ սերնդափոխության, առաջացավ նման կառույց ստեղծելու գաղափար:

Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ ունեն ՀՀ կառավարությունն ու Երիտասարդական կառավարությունը:

Կառուցվածքային առումով Երիտասարդական կառավարությունը հանդիսանում է գրեթե իրական կառավարության կրկնօրինակը` բացառությամբ որոշ նոր նախարարությունների, որոնք Երիտասարդական կառավարությունը համարում է անհրաժեշտ և ժամանակի հրամայական, ինչպես օրինակ բարձր տեխնոլոգիաների զարգացման կամ տուրիզմի նախարարությունները:

Ինչո՞վ է առանձնանում Երիտասարդական կառավարությունը երիտասարդական հասարակական կազմակերպություններից:

Այստեղ համեմատության եզրերը բավական քիչ են: ՀԿ-ները սովորաբար զբաղվում են ինչ-որ կոնկրետ ոլորտի խնդիրներով, իսկ Երիտասարդական կառավարությունը ինտելեկտուալ երիտասարդների հավաքատեղի է, որի խնդիրն է երկրում իրավիճակ փոխել բոլոր ոլորտներում, մասնակցել երկրի կառավարմանը, վեր հանել առկա թերություններն ու առաջարկել լուծումներ:

Ի՞նչ գործունեություն է ծավալում կառավարությունը:

Մեր գլխավոր խնդիրներից է երիտասարդության համախմբումը, նրանց որակապես նոր մակարդակի բարձրացնելը և այդ նպատակով նրանց հետ տարվում են լուրջ աշխատանքներ, կազմակերպվում են տարբեր դասընթացներ, ֆորումներ, հանդիպումներ տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ, որպեսզի մեր անդամները ձեռք բերեն երկրի կառավարմանը մասնակցելու համար անհրաժեշտ գիտելիքներ և փորձ:

 Ի՞նչ ծրագրեր են իրականացվում կառավարությունում:

Իրականացվող ծրագրերը բավականին բազմազան են, ելնելով հենց կառույցի` բազմաթիվ ոլորտներ ընդգրկելու հանգամանքից, այսինքն` յուրաքանչյուր ոլորտով զբաղվող նախարարություն առաջարկում է իր ոլորտին համապատասխան ծրագիր-բարեփոխում, որոնք կարող են լինել և′ առաջնային, և′ անգամ շատ հեռանկարային: Օրինակ բնապահպանական ծրագրով նախատեսվում է կազմակերպել ծառատունկ և փոքր ինչ մեղմել ոլորտի աղետալի վիճակը, իսկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը առաջարկում է հողմային էլեկտրակայանների կառուցման ծրագիր, որը զգալիորեն կարող է նվազեցնել էներգիայի ինքնարժեքը: Իհարկե առայժմ դժվար է շատ լուրջ և մասշտաբային ծրագրեր իրականացնելը, քանի որ պետական բյուջեն, այնուամենայնիվ, տնօրինվում է ՀՀ կառավարության կողմից, սակայն երիտասարդները այսօր ուզում են ցույց տալ և ապացուցել, որ ունեն հստակ պատկերացում երկրի ապագայի ու զարգացման ճանապարհների մասին:

Ի՞նչ պայմաններով են ընտրվում կառավարության անդամները:

Ծրագրի դռները բաց են բոլորի առջև, ովքեր ունեն իրենց երկիրն ավելի լավը դարձնելու ցանկություն և այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն, ինչպես նաև այդ քայլերն իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ: Ցանկացած ինտելեկտուալ երիտասարդ կարող է դիմել և ծրագրի համակարգողների հետ հարցազրույց անցնելուց հետո ընդգրկվել երիտասարդական կառավարության կազմում: Այսինքն` հնարավորություն տրվում է գրեթե բոլորին, սակայն թե հետագայում ով ինչպես իրեն կդրսևորի, կախված է բացառապես իրենցից:

 Իսկ կառավարության ղեկավար պաշտոններում գործող անձիք ինչպե՞ս են ընտրվում:

Այստեղ գործում է լիովին ազատ և դեմոկրատական սկզբունք, ղեկավար պաշտոններում երիտասարդներն ընտրվում են բաց, ազատ և շատ թափանցիկ ընտրությունների միջոցով, որին մասնակցում են Երիտասարդական կառավարությունում ընդգրկված բոլոր անդամները: Առաջադրվում են թեկնածուներ, անցկացվում է քարոզարշավ և հաղթող թեկնածուները 3 ամիս ժամկետով և ռոտացիոն սկզբունքով դառնում են նախարարներ: Ժամկետի ավարտից հետո անցկացվում են նոր ընտրություններ, որին արդեն նախկին նախարարը չի մասնակցում, ինչն ապահովում է նոր կադրերի առաջխաղացումը և մշտական ստիմուլը: Սրանով երիտասարդները նաև ընտրական պրոցեսներին մասնակցելու փորձ են ձեռք բերում:

 Կա՞ն երիտասարդներ, ովքեր որպես կառավարության ներկայացուցիչներ լուրջ հաջողություններ են գրանցել:

Ինչպես վերևում նշվեց, ծրագրի խնդիրն է վեր հանել առկա թերություններն ու առաջարկել լուծումներ: Բնականաբար, հաշվի առնելով թերությունների առկայությունն ու առատությունը երկրի գրեթե բոլոր բնագավառներում, դրանց բարձրաձայնումն ու ի շահ քաղաքացու առաջարկվող լուծումներն այնքան էլ ջերմությամբ չեն ընդունվում գործող կառավարության կողմից: Այնուամենայնիվ, լավագույն երիտասարդներին տրվում են որոշակի հնարավորություններ, ոմանք աշխատանքի են անցել ՀՀ Ազգային Ժողովում, տարբեր պետական մարմիններում, ունենք արտասահմանում ուսումը շարունակելու մեկնած երիտասարդներ, ովքեր ավարտելուց հետո վերադառնալու են և իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն ի նպաստ պետության զարգացման:

Կառավարությունը համագործակցու՞մ է տեղական և միջազգային այլ կառույցների հետ:

Անշուշտ, ունենք համագործակցության բավական մեծ փորձ և դրական արդյունքներ: Մասնավորապես ԱՊՀ երկրների երիտասարդական կառավարությունների հետ լինում են հաճախակի հանդիպումներ, փորձի փոխանակում, համատեղ մի քանի միջազգային ֆորումներ ենք կազմակերպել ու անցկացրել, մեր երիտասարդներն ամեն տարի մասնակցում են Ռուսաստանում անցկացվող Սելիգեր միջազգային ճամբարին, ստորագրվել են համագործակցության հուշագրեր և, իհարկե, չենք կարող չնշել նաև հենց Հայաստանի Երիտասարդական կառավարության նախաձեռնած «Ծաղկաձոր 2011» միջազգային ֆորումը, որը հսկայական հետաքրքրություն էր առաջացրել ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում: Այստեղ մեր հրավերով մասնակցեցին 1000-ից ավելի երիտասարդներ տարբեր երկրներից, որոնք փոխանցեցին նաև իրենց պետությունների ղեկավարների ողջույնի խոսքերը, այդ թվում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձը:                                                                                                      Ունենք համագործակցության փորձ նաև մի շարք տեղական երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ, նախապատրաստվում է համագործակցության պայմանագրի ստորագրում «Պետական գործիչների երիտասարդական դպրոցի» հետ, որտեղ մեր երիտասարդները կստանան անհրաժեշտ գիտելիքներ և կծանոթանան կառավարման հմտություններին:

 Որքանո՞վ է անհրաժեշտ Հայաստանում Երիտասարդական Կառավարություն ունենալը:

Այդ հարցի պատասխանը ստանալու համար կարող եք ուղղակի կազմակերպել սոցհարցում և քաղաքացիներից պարզել՝ որքանո՞վ են նրանք գոհ գործող կառավարության աշխատանքից, կա՞ արդյոք փոփոխությունների  կարիք, թե՝ ոչ: Վստահ ենք, որ դրա կարիքը ավելի քան կա: Մենք ունենք բազմաթիվ երիտասարդներ, ովքեր ունակ են և պատրաստ են իրենց ողջ կարողությունները ներդնել ի նպաստ մեր երկրի զարգացման, և մենք գալիս ենք փոխելու:

 

Էմմա  Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սյուզաննա says:

    Այս կառույցը իր շուրջ համախմբելով որակյալ և ազնիվ երիտասարդների, նրանց կոկղմից ինտենսիվ աշխատանքի դեպքում հավակնում է դառնալ լուրջ կշիռ և սպասվածից ավելի շուտ բարի համբավ ու վարկանիշ ունեցող ինստիտուտ: Այս պահին կարևորագույն առաքելությունն է հնարավորություն ընձեռել խմբերի ղեկավարներին և գործառնական կազմին՝ իրենց աշխատանքները առավել գործնական և լուրջ դիրքորոշային դաշտ բերելով փորձել փոփոխություն մտցնել մեր՝ առաջին հայացքից անելանելի վիճակում գտնվող պետությունում:
    Ուստի ողջունում և հաջողություն եմ մաղթում թիմին, բարեբեր աշխատանք և լավ արդյունքներ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31