Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Սարգսյանին խորհուրդ կտայի, որ կողմնորոշվի».168.am

Մարտ 02,2014 16:27

«168 ժամ». Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ

– Օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանում Մայդան լինել չի կարող, թվարկեց չորս պատճառ, թե ինչու ՀՀ-ում ուկրաինական սցենարն իրականություն չի դառնա:

 Ինչո՞վ է պայմանավորված Տ. Սարգսյանի այսչափ վստահությունը:

– Եթե ուսումնասիրեք վերջին տասնամյակում աշխարհում տեղի ունեցած բոլոր հեղափոխությունները, բռնապետների աքսորումը, ապա կտեսնեք, որ մեկ շաբաթ առաջ, անգամ մեկ-երկու օր առաջ այդ բռնապետները, իրենց սպասարկող ուժերը հայտարարում են, թե մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, մեզ մոտ նման զարգացումներ հնարավոր չեն: Սա ընդունված նորմ է, ուստի ես խորհուրդ կտայի, որ Տիգրան Սարգսյանն ավելի շատ մտածեր հասարակության առօրյայի մասին, փորձեր քայլեր ձեռնարկել` արտագաղթը կասեցնելու համար, աղքատության շեմը բարձրացներ, աշխատատեղեր ստեղծեր, և ոչ թե` քաղաքական գնահատականներ տար, նաև ավելի հետևողական լիներ արտաքին, ներքին քաղաքական գործելաոճում, որ մարդիկ տեղյակ լինեին` ո՞ւր է գնում Հայաստանը, ի՞նչ ուղղություն է բռնել, ոչ թե ամիսը մեկ` Մաքսային միությունից` Եվրամիություն, Եվրամիությունից` Մաքսային միություն, հետո` Շանհայան կազմակերպություն, և այլն: Խորհուրդ կտայի, որ կողմնորոշվի, հստակ քաղաքական գիծ ներկայացնի, իսկ հասարակությունն ինքը կորոշի` երբ ազատվի Տիգրան Սարգսյանից, Տիգրան Սարգսյանի տերերից. դա այնպիսի բան է, որ իշխանությունները չեն որոշում, մարդիկ են որոշում, ինչպես որոշեց ուկրաինական ժողովուրդը:

– Սակայն Տիգրան Սարգսյանը հակառակի մասին է պնդում. ասում է, որ գոնե արտաքին քաղաքականության հարցում հասարակությունն իրենց է վստահում: Այդպե՞ս է:

 

– Հասարակութունը ո՞նց կարող է վստահել որևէ իշխանության, որն ամիսը մեկ շրջադարձներ է կատարում իր արտաքին քաղաքական կուրսում. այսինքն` անկանխատեսելիին վստահել հնարավոր չէ: Ինքը հավանաբար ենթադրում է, որ հայ ժողովրդի մոտ ենթագիտակցորեն դեպի ՌԴ-ի հետ բարիդրացիական, ՌԴ-ի հետ հավերժ բարեկամության հիշողություններ կան, որոնց առումով գուցե նա իրավացի է: Բայց հենց Ուկրաինայի ժողովուրդը, որն իրեն համարում էր ռուս ժողովրդի մի մաս, նույն էթնոսի ներկայացուցիչ, բայց, այնուամենայնիվ, երբ դանակը հասավ ոսկորին, էթնիկ պատկանելությունը որոշիչ չդարձավ, նրանք ուզում էին լավ ապրել, իսկ լավ ապրելու ճանապարհները տարբերվում են Ռուսաստանի հետ խաչվելու ճանապարհից:

– Ամենատարբեր հարցերով այսօր բողոքներ կան մարդկանց շրջանում, այդ դեպքում ինչո՞ւ դրանք լայն դժգոհության չեն վերածվում:

 – Ցավոք սրտի, հատվածական են մեզանում այդ բողոքները, ընդհանուր ցասում, ցավոք, չի առաջանում. այստեղ թե՛ կուսակցությունների մեղքը կա, թե՛ քաղաքացիական հասարակության թերզարգացածության խնդիրը կա: Կարծում եմ` վերջին զարգացումները ցույց են տալիս, որ քաղաքացիական հասարակությունը ոտքի է կանգնում, կարողանում է փոքր-փոքր հաղթանակներ գրանցել, ամենօրյա հաղթանակների շրջանակը ժամանակի ընթացքում կմեծանա, իսկ մենք կհասնենք այն արդյունքներին, որոնց հասել են այլ երկրներ:

– Ե՞րբ կգա այդ օրը:

– Ժամը` ժամից է կախված: Այնքան ժամանակ, քանի դեռ մենք հանդուրժում ենք ապօրինությունները մեր երկրում, մենք իրավունք չունենք երազելու անգամ նման զարգացման մասին: Եթե մեզնից յուրաքանչյուրն իր տեղում չհանդուրժի անօրինականությունը, իշխանությունն ինքն այլևս որևէ անելիք չի ունենա Հայաստանում:

 

 – Այսինքն` Մայդանից խուսափել հնարավոր չի՞ լինի, մո՞տ է դժգոհությունների պայթյունի օրը:

– Այո, անշուշտ: Մայդանը ձեռնոց էր Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումներին, ու Ռուսաստանում էլ շատ բաներ դեռ կփոխվեն Մայդանից հետո: Բայց Մայդանը դեռ հեղափոխության առաջին փուլն է, դեռ որևէ բան վերջնականապես լուծված չէ, Ուկրաինայի հասարակությունը երկար ճանապարհ պետք է անցնի, մենք էլ` իրենց հետ: Ուկրաինան այսօր հանդիսանում է լոկոմոտիվը հետխորհրդային հանրապետություններում պրոեվրոպական, համամարդկային արժեքների վրա խարսխված պետականության կայացման ճանապարհին, ինչը ստիպում է Ռուսաստանին վերանայել իր մոտեցումները հետխորհրդային տարածքում: Անշուշտ, մենք զգալու ենք արձագանքները շարժման, բայց պարտադիր չէ, որ այդ արձագանքները լինեն հեղափոխության տեսքով, նույն հեղափոխության ալիքը տարածվի Հայաստանում: Իշխանություններն էլ պետք է գիտակցեն, որ պետք է այլևս շարժվեն այլ մոտեցումներով, գուցե դիալոգի միջոցով, չգիտեմ: Այն, որ փոխվելու է հետխորհրդային ամբողջ քաղաքական քարտեզը, ինձ համար կասկած չի հարուցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31