Ջերմուկում մարտի 2-ին՝ Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ տեղի ունեցավ Ջերմուկի դեսպանների ակումբի հանդիպումը։
Դեսպանների ակումբը հիմնադրվել է անցյալ տարի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նախաձեռնությամբ։ Ակումբի նախագահն է ի պաշտոնե Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայեն (ավագ) Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը։
Ավանդույթի համաձայն` ակումբի ամենամյա հանդիպումները հյուրընկալվում են Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի կողմից։
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ արտգործնախարարի տեղակալները, Հայաստանում հավատարմագրված դեսպանները։
Կարդացեք նաև
Էդվարդ Նալբանդյանն ակումբի անդամների հետ քննարկեց 2013 թ. Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած զարգացումները, միջազգային կազմակերպություններում ներգրավվածության խորացման և համագործակցության սերտացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող քայլերը, միջազգային և տարածաշրջանային օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Էդվարդ Նալբանդյանը և դեսպանները մտքեր փոխանակեցին Հայաստանի և ներկայացված երկրների միջև հարաբերությունների զարգացման նպատակով իրականացված ծրագրերի և ընթացիկ տարվա անելիքների վերաբերյալ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ