Azatutyun.am. ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում կոչ է արել «Ղրիմում ռուսական ռազմական ստորաբաժանումները վերադարձնել իրենց ռազմակայաններ»։
Սպիտակ տան փոխանցմամբ, Օբաման Պուտինին ասել է, որ «Մոսկվայի կողմից միջազգային օրենքների շարունակական ոտնահարումը կհանգեցնի քաղաքական և տնտեսական հետագա մեկուսացման»։
Պուտինն, իր հերթին, ասել է, որ Ուկրաինայում «ծայրահեղ ազգայնականները Կիևի ներկայիս ղեկավարության խրախուսմամբ կատարում են սադրանքներ և հանցագորժություններ»։ Նա ասել է նաև, որ «Ուկրաինայի արևելքում բռնությունների տարածման դեպքում Ռուսաստանն իրեն վերապահում է ազգային շահերը և հայրենակիցներին պաշտպանելու իրավունք»։
Այսօր Նյու Յորքում գումարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ, որի օրակարգում Ուկրաինայի վիճակն էր։
Կարդացեք նաև
ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Յուրի Սերգեևը Ռուսաստանին մեղադրել է ագրեսիա իրականացնելու մեջ, ասելով, որ Մոսկվան` առանց Կիևի թույլտվության, այս օրերին արդեն մոտ 15 հազար զինծառայող է ուղարկել Ղրիմ։ Միաժամանակ նա պնդել է, որ Ուկրաինան ունի պաշտպանվելու անհրաժեշտ միջոցներ։
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը Ուկրաինայի ներկայիս իշխանություններին մեղադրել է «քաղաքական և էթնիկ ընդդիմախոսների հետ ուժի լեզվով խոսելու» մեջ և ուկրաինացի ընդդիմադիրներին հորդորել է «տարանջատվել ծայրահեղականներից»։
Չուրկինի խոսքերով, ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է «խնդիրը տեղափոխել քաղաքական և սահմանադրական դաշտ, վերադառնալ փետրվարի 21-ի համաձայնությանը և կազմել ազգային միասնության կառավարություն»։
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը Ռուսաստանին մեղադրել է միջազգային պարտավորությունները խախտելու մեջ։
«Ժամանակն է, որ Ռուսաստանը դադարեցնի ռազմական ներխուժումը Ուկրաինա։ Ռուս զինվորականները պետք է կանգ առնեն»,- ասել է Փաուերը։
Արմեն Քոլոյան, Պրահա
Լուսանկարը՝ abcnews.go.com-ի արխիվից
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: