«Ինչո՞ւ չի բացահայտվում մարտի 1-ի հանցագործությունը» թեմայով բանավեճը վերափոխվեց քննարկման: Բանավեճին հրավիրված ՀՀԿ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Մկրտիչ Մինասյանը վերջին պահին հրաժարվեցին մասնակցությունից: Քննարկումն անցկացվեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի, փաստաբան Սեդա Սաֆարյանի եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյան միջեւ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով՝ մարտի 1-ի հանցագործությունը կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո:
«Գործող իշխանությունը մեղավոր է եւ երբեք չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Իշխանությունը ոչ միայն արել է [մարտի 1-ը], այլեւ կոծկելու, պարտակելու ամբողջ պարտականությունն իր վրա է»,- ասում է նա:
Մարտի 1-ի գործով լուծարված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը կարծում է, որ այս հանցագործության չբացահայտումն իշխանությունների ցանկության բացակայության հետևանք է:
Կարդացեք նաև
«Ես համակարծիք եմ, որ ինչքան հեռանում ենք մարտի 1-ից, այնքան դժվարանում է մարտի 1-ի բացահայտումը, բայց նաեւ մեկ այլ տեսակետ ունեմ, որ մարտի 1-ն ի սկզբանե բացահայտված է: Փաստահավաք խումբը բազմաթիվ հարցերի գնահատականը տվել է, եւ այդ գնահատականով ամեն ինչ ասվել է»,- ասում է նա:
«Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ ղեկավար Վարդան Հարությունյանը գտնում է, որ հանցագործությունը բացահայտված է, այլ բան է, որ մեղավորները պատժված չեն:
«Մարտի 1-ի գործը ոչ միայն բացահայտված է, անգամ մեղավորները դատապարտված են: Այն, որ նրանք վախենում են գալ, կանգնել ինձ հետ՝ տեսախցիկների առաջ, եւ խոսել մարտի 1-ից, արդեն դատապարտում է: Նրանք դատապարտված են անընդհատ փախչել տեսախցիկներից, հրապարակայնությունից, այստեղ կանգածներիցս եւ լրագրողներից»,- ասում է նա:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով՝ եթե իշխանությունները ցանկություն հայտնեն բացահայտել մարտի 1-ի հանցագործությունը, հազարավոր մարդիկ կհավաքվեն վկայություն տալու:
«Մարդիկ վախենում են ցուցմունք տալուց, որովհետեւ գիտեն՝ ում են ցուցմունք տալու, ով կազմակերպել է այդ գործը»,- ասում է ՀԱԿ պատգամավորը:
Արամ Մանուկյանը վստահ է, որ կգա ժամանակ, եւ ՀՀԿ պատգամավորները կմիանան ընդդիմությանը՝ բացահայտելու մարտի 1-ի հանցագործությունը:
«Եթե ինչ-որ մեկը հրաման է տվել, ինչ-որ մեկը կրակել է, դա չի նշանակում, որ խորհրդարանում նստած բոլոր պատգամավորներն անմիջական մասնակցություն ունեն: Ով մեղքի զգացում ունի, ով ճշմարտությունը բացահայտելու ցանկություն ունի, քայլ է անելու դեպի այս կողմ»,- կարծում է նա:
Սեդա Սաֆարյանը գտնում է, որ քաղաքական երկու կողմերն էլ պետք է պատասխանատվություն կրեն մարտի 1-ի համար:
«Ես միշտ ուզեցել եմ, որ ճշմարտությունը բացահայտվի՝ անկախ նրանից, թե որ թեւից ով կբացահայտվի»,- ասում է նա:
Փաստաբանի խոսքով՝ ինքը «թեւերը չի փռի պաշտպանելու», եթե բացահայտվի, որ ՀԱԿ-ից էլ են եղել անձինք, ովքեր ջարդերով են զբաղվել:
«Փառքն էլ է առաջնորդինը, պատասխանատվությունն էլ է հետո դառնում առաջնորդի խնդիրը: Եթե մարտի 1-ը բացահայտվեր, մենք կիմանայինք, թե ընդդիմության սխալը որն է եղել, իշխանության սխալը՝ որը»,- ասում է նա:
ԱԺ-ում մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հետ փաստաբանը մեծ հույսեր չի կապում:
«Եթե փաստահավաք խումբը կազմելու ժամանակ, երբ կար անգամ միջազգային կառույցների զգոնությունը, քիչ բանի ենք հասել, այսօր պիտի այլ ճանապարհով գնանք: Այսօր հանձնաժողովի ստեղծելը ողջունում եմ այն առումով, որ չեմ ուզում այդ արյունը մոռացվի, ուզում եմ, որ մարդիկ գոնե մխիթարվեն՝ իրենց երեխաներին սպանողին հայտնաբերելով եւ պատժելով»,- ասում է Սեդա Սաֆարյանը:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյան նույնպես չի կարծում, որ խորհրդարանական նոր հանձնաժողովը մեծ հաջողություններ կարող է գրանցել, բայց վստահ է, որ արյունը չի կարող մոռացվել, եթե նույնիսկ տարիներ շարունակ լռության մատնվի:
Երեք բանախոսներն էլ վստահ են, որ թեեւ դժվարությամբ, բայց կհասնեն մարտի 1-ի հանցագործության բացահայտմանը:
Փետրվարի 28-ին «Մեդիա կենտրոնը» նախաձեռնել էր քննարկում «Ինչո՞ւ չի բացահայտվում մարտի 1-ի հանցագործությունը» թեմայով: Բանախոսներն էին՝ Արամ Մանուկյան՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, Սեդա Սաֆարյան՝ Մարտի 1-ի գործով լուծարված փաստահավաք խմբի անդամ, Վարդան Հարությունյան՝ «Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ ղեկավար:
Քննարկմանն իրենց մասնակցությունն էին հաստատել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Մկրտիչ Մինասյանը և Մարգարիտ Եսայանը, սակայն նրանք վերջին պահին հրաժարվեցին մասնակացել:
«Մեդիա կոնտրոն»