«Իշխանափոխության միջավայրը, պահանջարկը վաղուց կար, դա նոր բան չի: Դա սկսվել է դեռեւս 2003-ին, գուցե ավելի շուտ: Պարբերաբար այդ պրոցեսը ընդդիմությունը հասարակության հետ տարել է ու ավարտել անհաջողությամբ: Հիմա որ 4 այսպես կոչված ոչ իշխանական ուժերով փորձում են կառավարություն փոխել…ես ինչքան հասկացա, իրենց նպատակը կառավարությունը փոխելն է, ապա ասեմ, որ վարչապետին փոխելը դեռեւս իշխանափոխություն չի նշանակում: Ավելին, ես կարծում եմ՝ ոչ մի բան չի նշանակում»,- Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ ասաց ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Նա հայտարարեց, որ ՀԱԿ կուսակցությունը այսօր կրկին հիասթափեցրել ու մոլորեցրել է ժողովրդին. «Ես ինֆորմացված եմ, որ իրենք մարզերում ներկայացրել են, թե սկսվելու է իշխանափոխությունը, Մայդանն այսօրվանից սկսվելու է Հայաստանում: Այդ բանի տակ ժողովրդին տեղափոխել են Երեւան: Հիմա ո՞նց են իրենք մարսելու: Չնայած մարսելու խնդիր չի, այս 3 տարի է՝ իրենք ժողովրդի տրամադրության մեջ մտցրել են, ժողովուրդն էլ ստիպված եկել է՝ մտածելով որ կարող է ինչ-որ բան փոխվի»:
Մենք ճշտեցինք, այսինքն, ըստ ձեզ դրանո՞վ է պայմանավորված, որ այսօրվա հանրահավաքը բազմամարդ էր՝ նա պատասխանեց. «Իհարկե: Ուկրաինայի Մայդանի գործընթացները աջակցեցին հոգեբանական առումով, իսկ իրենք արդեն շաբաթներ շարունակ ասում են, թե իշխանափոխություն ենք սկսելու, հեղափոխություն ենք սկսելու մարտի 1-ից: Մարդկանց այդպես թյուրիմացության մեջ գցելով՝ բերել են Երեւան»:
Մեր հարցին՝ հնարավոր չի՞ այս անգամ իսկապես իշխանափոխություւն լինի, որովհետեւ Լեւոն Զուրաբյանը չբացառեց, որ 4 քաղաքական ուժերի ձեւաչափը դնի նաեւ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը՝ Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Այնտեղ Լյովիկ Զուրաբյանը կարող է ամեն ինչ խոսել, բայց հարցրե՞լ է Բարգավաճին կամ Դաշնակցության կարծիքը: Ասելով չի»:
Կարդացեք նաև
Ըստ Պետրոս Մակեյանի` ԲՀԿ-ն իր ուղղությունը փոխողը չէ, ուստի թե ինչ խնդիր է լուծում ՀԱԿ կուսակցությունը, ըստ նրա՝ Աստված գիտի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ