Լրահոս
Օրվա լրահոսը

2200 համակարգիչ հանրապետության 105 ավագ դպրոցներին

Մարտ 01,2014 17:21

Այսօր՝ մարտի 1-ին, Երևանի թիվ 105 ավագ դպրոցում բացվեց ժամանակակից համակարգչային լսարան: Բացմանը ներկա էր ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Մինչ պրն Աշոտյանի գալը՝ աշակերտները փորձարկեցին համակարգիչները, լրացրին աշխարհագրության թեստ, որն անգլերենով էր և ուներ ժամանակային սահմանափակում:SAM_1520

«Այս ծրագիրն իրականացվում է Կրթության և գիտության նախարարության կողմից: Կառավարության համար գերակա է դպրոցներում ժամանակակից կրթական միջավայրի ապահովման հարցը: Համաշխարհային բանկի աջակցությամբ նախարարությունը Հայաստանի բոլոր ավագ դպրոցների համար ապահովել է գերժամանակակից համակարգչային լսարաններ: Այդ լսարաններն իրենցից ներկայացնում են շարժական համակարգչային տեխնիկա՝ նոութբուքեր, որոնք և′ ներքին ցանց են ստեղծում իրար մեջ, և′ ունեն հնարավորություն դուրս գալու արտաքին ցանց: Միաժամանակ, այդ ամբողջ տեղեկույթն ամփոփվում է այսպես կոչված «խելացի տախտակների»՝ «smartboard»-երի վրա: Ուսուցիչը ինտերակտիվ ձևով հնարավորություն ունի հետևելու երեխաների առաջադիմությանը, աշխատանքի կատարման տեմպին, հասկանալու, թե որ երեխան ինչ խնդիր ունի կամ ինչ առավելություն, և ամփոփելու»,- ասաց պրն Աշոտյանը:

Նա կարևորեց այն հանգամանքը, որ այդ ամենը չպետք է մնա «դպրոցի կահույք» կարգավիճակում: Նա նաև նշեց, որ Հայաստանի դպրոցներն ունեն համակարգչային տեխնիկայի օգտագործման աննախադեպ ցուցանիշ: «Եթե 2006 թվ.-ի վիճակագրությամբ ՀՀ պետական դպրոցներում մեկ համակարգչի բաժին էր հասնում 350 աշակերտ, այսօր մենք ունենք վիճակագրություն, որտեղ մեկ համակարգչին բաժին է հասնում 18 աշակերտ: Սա այն ցուցանիշն է, որը շատ մոտ է Եվրամիության միջինացված ցուցանիշին»,- ասաց նախարարը:

Ծրագրի շրջանակներում 2200 համակարգիչ են մատակարարելու ՀՀ 105 ավագ դպրոցներ: Եվ ամեն համակարգչային լսարան ունենալու է իր «խելացի գրատախտակը»: Հիմնական բաշխումն արդեն ավարտել են, վերջնական կավարտեն մինչև ապրիլ: Մնացել են միայն Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերը: Ծրագրի արժեքն էր 2 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլար:

Իսկ ինչ վերաբերում է թեստերին, որոնք առայժմ անգլերենով են, պրն Աշոտյանն ասաց, որ իրենք «ArmTab»-երի կիրառման ծրագրերի շրջանակներում պատվիրելու են հայալեզու կրթական «էփլիքեյշններ»: Բացի այդ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերություններ իրենք իրենց կողմից ստեղծում և նվիրում են կրթական հայալեզու բովանդակություն:SAM_1526

Նախարարը նաև նշեց, որ սրանով չեն սահմանափակվելու: Նա ասաց, որ տեխնիկան ամեն տարի փոփոխություններ է կրում, ավելացումներ են լինում: «Ասել, որ մենք լուծել են հարցը և 4-5 տարի կարող ենք քնել, սխալ է: Ամեն տարի նման ծրագիր պետք է անել»,- ասաց պրն Աշոտյանը:

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31