Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ 4 քաղաքական ուժեր բարձրացնելո՞ւ են Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը

Մարտ 01,2014 17:09

ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը արդեն  կատարյալ քաղաքական մեկուսացման մեջ է:

Նրա խոսքով, ՀՀ հիմնական քաղաքական ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն, միասնական ճակատ են ստեղծել այս իշխանությունների դեմ և համագործակցության այս ձևաչափը թույլ է տալիս հավաքել անհրաժեշտ ստորագրություններ՝ ԱԺ-ին պատադրելու ընդունել ժողովրդի օրակարգը: Նա հիշեցրեց, թե չորս ուժերի համախմբվածությունը թույլ է տվել խորհրդարանում քննարկման դնել գազի, Մարտի մեկի հարցերը,  կատարել բազմաթիվ աղմկալի բացահայտումներ. «Հերթի մեջ է կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը, և ես այլևս չեմ բացառում, որ ինչ-որ պահի չորս ուժերի միասնական ձևաչափը դնի նաև Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Ամեն դեպքում, ակնհայտ է,  որ ԱԺ-ում և Ազատության հրապարակում պայքարի համակցումը էլ ավելի խեղճ վիճակի մեջ է դնելու իշխանությանը և թույլ կտա էլ ավելի նոր բարձունքներից գրոհել ռեժիմի դիրքերի վրա»:

Պարոն Զուրաբյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում հանրության գրեթե բոլոր հատվածները՝ գործարարների աշխատակիցներ, մտավորականներ, գյուղացիներ, բժիշկներ, ուսուցիչներ. «Բոլորը հասկացել են, որ Սերժ Սարգսյանը կատարելապես ձախողել  է ՀՀ պետական կառավարումը, զբաղված է բացառապես թալանով: Սերժ Սարգսյանի և նրա բարեկամական շրջապատի ագահության պատաճռով նա կորցրել է անգամ խոշոր ձեռնարկատերերի աջակցությունը, որոնք տարիներ շարունակ եղել են ռեժիմի հենարանը»՚:

Ըստ պարոն Զուրաբյանի, Սերժ Սարգսյանն այնքան թույլ չի եղել, որքան հիմա, և ստեղծվել են բոլոր նախադրյալները նրա  հեռացման գործընթացը սկսկելու համար.  «Այսօրվա հանրահավաքի հզորությունը իսկապես ցույց է տալիս, որ եկել է նրա հեռանալու պահը»:

Հետո ՀԱԿ փոխնախագահը հարցրեց հրապարկի մասնակիցներին. «Ես կարո՞ղ եմ ասել, որ սա Ազատության հրապարակում հավաքված ողջ ժողովրդի անունի՞ց է»: Հնչեց հավաքվածների դրական պատասխանը, ինչից հետո Զուրաբյանը շարունակեց. «Ձեր այո-ն նշանակում է, որ ՀՀ-ում բոլորի համար եկել է կողմնորոշման պահը, բոլորը պետք որոշեն՝ ժողովրդի հե՞տ են, թե՞ Սերժ Սարգսյանի: Այսօրվանից մեկնարկող քաղաքական գարունը դառնալու է Հայաստանի ճշմարտության պահը: Եվս մեկ երկու նման հանրահավաք, ու մենք Սերժ Սարգսյանին կուղարկենք պատմության գիրկը: Հանուն ազատության, իրենց կյանքը տված հերոսների, Մարտի մեկին զոհվծան մեր եղբայրների, եկեք երդվենք, որ նրանց գործը հասցնելու ենք հաղթական ավարտի և Հայաստանը դարձնելու ենք ազատ, ժողովրդավականա երկիր: Դժվար է գտնել նրանց հիշատակը հարգելու ավելի լավ ձև»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31