Գարնան առաջին օրը Հովհաննես Շարամբեյանի ժողովրդական արվեստի կենտրոնում իր յուրօրինակ պատկերացմամբ ներկայացավ կոլաժիստ Նելլի Գևորգյանը: Արդեն քանի տարի է` տիկին Գևորգյանը տարբեր նյութերից պատրաստում է կոլաժներ: «Սա արդեն իմ տասնմեկերորդ ցուցահանդեսն է, որին հիմք հանդիսացավ ծառերի հետ անփույթ վերաբերմունքը, երբ կտարատում և դեն էին նետում ծառերը, իմ մեջ միտք արթնացավ երկրորդ կյանք տալ ծառերին»,-ասաց կոլաժիստը:
Տիկին Գևորգյանի համար ոգեշնչման առարկա կարող է դառնալ յուրաքանչյուր իր: Ցուցահանդեսին ներկայացված կոլաժները պատրաստված էին տարբեր նյութերից՝ հայելի, կոճակներ, շշի խցաններ: Կոլաժիստն անկեղծանում է, որ այս աշխատանքներն արվում են մեկ կամ մեկուկես ամսում, այն էլ՝ գիշերային ժամերին: Իր կոլաժները հանրությանն է ներկայացնում ամեն տարի մարտի մեկին՝ ազդարարելով գարնան սկիզբը. «Իմ ցուցահանդեսը նվիրում եմ մարտի մեկին՝ գարնան առաջին օրվան, ինչպես նաև կանանց»:
Ամեն ցուցահանդեսից հետո տիկին Գևորգյանն իրեն բավարարված է զգում: Իր խոսքով՝ շատ հաճելի է ուրախացնել ընկերներին: Թե՛ գովասանքները , թե՛ դիտողություններն ընդունում է ժպիտով: Սակայն առավել շատ սիրում է, երբ քննադատում են: «Իմ աշխատանքները նվիրում եմ բոլորին, թող բոլորն իրենց լավ զգան», -ասաց տիկին Գևորգյանը:
Կարդացեք նաև
Ցուցասրահի այցելուներից մեկը՝ ուսանողուհի Նելլին, վաղուց գիտի Նելլի Գևորգյանին, սակայն առաջին անգամն էր այցելում իր ցուցահանդեսին: Ուսանողուհու խոսքով՝ սա կարծես գարնան առաջին օրվա ազդակը հադիսացավ. «Շատ թարմ տպավորություններ ստացա ցուցահանդեսից, հավաքածուն թարմ էր, ծաղկային: Կարծես կենդանի լիներ ամեն ինչ: Թվում է, թե սրանք ընդամենը պատկերն են, բայց իրենց մեջ կա շարժ: Բավականին ուրախ, վառ գույներով ցուցահանդես էր»:
Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ