Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաթղթերը կեղծել է եւ հարազատ որդուն թողել անտուն

Մարտ 01,2014 14:17

Երկու տարի առաջ (13.03.2012) «Առավոտի» խմբագրություն էր դիմել քաղաքացի Գուրգեն Միրզոյանը եւ հայտնել, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող տան՝ Հ. Էմին 52 հասցեի փաստաթղթերը կադաստրային գործի միջից անհետացել են եւ կեղծվել: Եվ քննչական մարմինը դեռ մի բան էլ Գուրգեն Միրզոյանին է մեղադրել կեղծիքի ու խարդախության մեջ:

Գ. Միրզոյանը դժգոհություն էր ներկայացրել, որ 1997թ.-ին որպես նվիրատվություն ստացած տունը կադաստրը 2007թ.-ից սկսած՝ տարբեր պատճառաբանություններով չի գրանցում: Նա այդ գործում մասնավորապես՝ մեղավոր էր համարում եղբոր կնոջը, որը բաժանվելուց հետո պահանջ է ներկայացրել իրեն հատկացնել արդեն ավելացված գույքի եւ հողամասի ուղիղ կեսը: Նա նշում էր, որ նվիրատվությամբ ստացված տան եւ հողամասի 19/20-րդ մասը պատկանում է իրեն, իսկ 1/20-րդ մասը՝ եղբոր որդուն, որը հետագայում ամրագրվել էր դատարանի վճռով: Սակայն կադաստրը տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է կատարել պետական գրանցում իր մասնաբաժնով՝ այն պարագայում, երբ նա ուներ դատարանի վճիռ: Բայց քանի որ ուժի մեջ մտած վճիռ կա, թե գույքի որքան հատվածն է օրենքով նրա որդուն պատկանում, եղբոր կնոջ պահանջը մերժվում է, ուստի, Գ. Միրզոյանի խոսքերով՝ իրենց նպատակին հասնելու համար իր նախկին հարսը կեղծիքի հիմքով դիմում է Արաբկիրի քննչական բաժին: 2008-ին տան սեփականության վկայականը, դատարանի վճիռը եւ կադաստրի արխիվային գործը քննչական բաժինն առգրավում է, գույքի վրա էլ կալանք է դրվում:

Օրերս «Առավոտին» էր դիմել Արեւիկ Ղարիբյանը՝ Գ. Միրզոյանի նախկին հարսը՝ տեղեկացնելով, որ երկու տարի անց ճշմարտությունը բացահայտվել է, եւ Գ. Միրզոյանն ու նրա եղբայրը՝ Արսեն Միրզոյանը, դատապարտվել են՝ նախնական համաձայնության գալով փաստաթղթեր կեղծելու համար: Ա. Ղարիբյանի խոսքերով՝ դատաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Միրզոյանին եւ նրա եղբորորդուն պատկանող տունը եւ հողամասը ընդհանուր համատեղ սեփականություն է առանց բաժնեմասերի: Բաժնեմասերը հետագայում ավելացվել է նրանց կողմից: Նրանք Հ. Էմին 52 հասցեի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի քաղաքացու կեղծված օրինակով ՀՀ ԱԳԿ Արաբկիր տարածքային ստորաբաժանումից ստացված՝ իրականությանը չհամապատասխանող միասնական տեղեկանքով ու գույքի բաժանման սխեմայով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում խաբեությամբ, շինծու հաշտության համաձայնություն կնքելու եղանակով ստացել են վճիռ, որով 23.06.2008թ.-ից սկսած՝ բազմիցս փորձել են տիրանալ իր եղբորորդուն պատկանող առանձնապես խոշոր չափերի հասնող 9/20 բաժնեմասին, սակայն ՀՀ ԱԳԿ տարածքային ստորաբաժանումը չի կատարել իրավունքի պետական գրանցում, ինչի հետեւանքով Միրզոյան եղբայրները, իրենց կամքից անկախ, չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը եւ դատապարտվել են, Ա. Միրզոյանը՝ 5 տարի 3 ամիս, իսկ Գ. Միրզոյանը՝ 4 տարի ժամկետով: Սակայն Գ. Միրզոյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 3 տարի փորձաշրջան: Ըստ Ա. Ղարիբյանի՝ «Գ. Միրզոյանի նկատմամբ կիրառված մեղմացուցիչ հանգամանքը թույլ է տվել, որ նա շարունակի իր կեղծիքը առաջ տանել եւ շարունակում է հանցագործություն կատարել՝ այն ավարտին հասցնելու համար: Այս ամենի մեջ ամենազարմանալին եւ ցավալին այն է, որ հանցագործությունը կատարվել է հոր եւ հորեղբոր կողմից՝ սեփական որդու եւ եղբորորդու նկատմամբ, որը մինչ օրս շարունակում է մնալ առանց տանիքի՝ ունենալով իր անվամբ անշարժ գույք եւ սեփականություն»:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31