Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ աղջիկները ծխում են՝ սկսած 16 տարեկանից

Մարտ 01,2014 14:37

Այն մասին, թե ինչպես կանայք սկսեցին հրապարակայնորեն ծխել

«Կանայք ծխախոտը ասոցացնում էին տղամարդկանց սեքսուալ հատկանիշների, մասնավորապես, առնանդամի հետ: Այդ իսկ պատճառով շատ քչերն են համարձակվում հրապարակայնորեն ծխել: Եթե հնարվի մի այնպիսի միջոց, որով այս կարծրատիպը կկոտրվի, ապա կանայք կսկսեն անկաշկանդ ծխել հանրության շրջանում»,-ասել է հայտնի հոգեբան Բրիլը:

Պարզվում է, որ ծխող կանանց թվի աճի եւ նրանց հրապարակայնորեն ծխելու համար «պարտական» ենք այդ հոգեբանին, ով օգնեց հասարակայնության հետ կապերի խորհրդատու Էդվարդ Լ. Բերնայզին իրականացնել իր PR արշավը` ստիպել կանանց ծխել: Այդ արշավն արվում էր մասնագետի հաճախորդներից մեկի՝ ամերիկյան ծխախոտային կորպորացիայի նախագահ Ջորջ Վաշինգտոն Հիլլի պատվերով, ում բիզնեսն անկում էր ապրում: Բերնայզը հոգեբանի օգնությամբ միջոցներ մտածեց պատվիրատուին օգնելու եւ նրա բիզնեսին զարկ տալու համար: Ամեն տարի Նյու Յորքում շքերթ էր իրականացվում:

Շքերթներից մեկի ժամանակ Բերնայզը բեմադրեց հետեւյալը. նա մի քանի բարձրաշխարհիկ կանանց խնդրեց մասնակցել շքերթին, ազդանշանը լսելուն պես, որն էր «ազատության ջահը» բացականչությունը, զուգագուլպաների միջից հանել ծխախոտն ու սկսել ծխել: Բերնայզը այդպիսով տարածեց այն գաղափարը, որ եթե կինը ծխում է, ապա ավելի ուժեղ է, ինքնավստահ եւ ազատ (այս գաղափարն արդիական է առ այսօր): Նրանք, ովքեր կողմ էին կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությանը, աջակցեցին գաղափարին:

Շքերթի հաջորդ օրը բոլոր թերթերում այդ մասին խոսվեց:
Հայաստանում, եթե 1900-ական թվականների սկզբին կանանց՝ հրապարակայնորեն ծխելը ամոթ էր, ապա կարճ ժամանակ անց այն դարձավ նորաձեւ: Երեւույթը տարածվեց նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից դուրս: Այսօր Հայաստանում ծխախոտի հանդեպ «թուլություն» ունեն ոչ միայն հասուն տարիքի կանայք, այլեւ անչափահաս աղջիկները: Այդ մասին փաստում է ուռուցքաբան, ընդհանուր եւ կրծքային վիրաբույժ Արմեն Քոչարյանը: «15-20 տարեկանից բարձր կանանց մոտ 80 տոկոս դեպքերում օգտագործում են ծխախոտ»,- ասում է նա: «Առավոտի» հարցին՝ ինչպես են անչափահասները հիմնավորում իրենց այդ վարքը, գուցե նրանով, որ կախվածություն ունեն եւ չեն կարողանում հրաժարվել ծխախոտից, պատասխանում է. «16,17, 18 տարեկան աղջիկը չի կարող իր այդ հիմարությունը հիմնավորել նրանով, թե ինքը ծխախոտի հանդեպ կախվածություն ունի: Նա ի՞նչ պետք է հասկանա կախվածությունից եւ ոչ կախվածությունից, եւ առհասարակ, թե ինչ է նշանակում ծխել…»:

Ըստ ուռուցքաբանի, անչափահասներից շատերը ծխախոտ օգտագործում են ժամանակակից երեւալու համար, մինչդեռ ինչպես զրուցակիցս է ասում, ժամանակակից է այն անձնավորությունը, ում ատամները դեղին չեն, ում վրայից ծխախոտի հոտ չի գալիս: «Ժամանակակից է առողջությունն ու այն մարդը, ով պահպանում է դա»,- նշում է մասնագետը: «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով ծխախոտային արտադրատեսակների վաճառքն արգելվում է 18 տարին չլրացած անձանց կողմից եւ 18 տարին չլրացած անձանց: Մինչդեռ քաղաքի տարբեր վայրերում տեղակայված ավտոմատ սարքավորումները մի քանի հարյուր դրամների դիմաց առաջարկում են շահել ծխախոտ: Սարքավորումների մոտ գրեթե չենք կարող հանդիպել վերահսկող-վաճառողների, ովքեր կկանխեն դրանց իրացումն անչափահասների կողմից, ինչն օրենքով արգելված է:

Սույն օրենքով կարգավորվում է, որ եթե ծխախոտի վաճառքով զբաղվող վաճառողի մոտ կասկածներ են առաջանում գնորդի տարիքի վերաբերյալ, ապա նա կարող է պահանջել ներկայացնել որեւէ փաստաթուղթ, որից պարզ կլինի գնորդի տարիքը, եւ միայն այդ դեպքում ծխախոտային արտադրատեսակի իրացմամբ զբաղվողը կարող է կատարել ծխախոտի վաճառք։ Առանց վերահսկող-վաճառողի՝ ավտոմատ սարքավորումներն ի զորու չեն գուշակել, թե գնորդը քանի տարեկան է: Անչափահասների ծխելուն որոշ առումով նպաստում է նաեւ այդ հանգամանքը: Թոքաբան Արտյոմ Գասպարյանը եւս փաստում է այն մասին, որ այսօր ավելի վաղ տարիքում ծխելու միտում է նկատվում: «Մեծամասամբ երիտասարդներն են ծխում՝ սկսած 16-17 տարեկանից: Նրանք մասնագետներին դիմում են հիմնականում այն ժամանակ, երբ առողջական խնդիր է առաջանում. վատ են շնչում, հազում են, առկա է խորխարտադրություն կամ բրոնխների հետ կապված խնդիր: Ընդ որում, այցելում են միայնակ կամ ընկերուհիների հետ, բայց ոչ ծնողի »,- տեղեկացնում է նա: Իսկ ուռուցքաբանը հավելում է՝ հիվանդների մի մասը չի խոստովանում, որ ծխում է, բժիշկն այդ հանգամանքը «բացահայտում» է նրանց հետ հաճախակի շփման արդյունքում: «Երիտասարդ տարիքում ծխելն ազդում է օրգանիզմի աճի եւ զարգացման վրա,- զգուշացնում է թոքաբան Արտյոմ Գասպարյանը եւ ասում,- առաջին հերթին ախտահարվում են շնչառական օրգանները, երկրորդ՝ իմունային համակարգը, ծխելն անուղղակի կերպով ազդում է նաեւ վերարտադրողական օրգանների վրա»: Իսկ ուռուցքաբանը զգուշացնում է, որ ծխելը նպաստում է քրոնիկական հիվանդությունների, կրծքի, ստամոքսի, թոքերի քաղցկեղի առաջացմանը:

Ըստ նրա՝ ծխախոտի այրման ժամանակ առաջանում է բարձր ջերմություն, որի հետեւանքով էլ առաջանում են քաղցկեղածին նյութեր, առկա է նաեւ պոլոնիում-210 միացությունը: Դրանք, շփվելով շնչառական ուղիների, լորձաթաղանթի հետ, նպաստում են թոքերի քաղցկեղի առաջացմանը: «Շատ մարդիկ ուտելու ժամանակ ծխելու սովորություն ունեն, մինչդեռ ծխախոտի մեջ առկա վնասակար նյութերը սննդի հետ անցնում են ստամոքսի լորձաթաղանթ եւ կարող են առաջացնել ստամոքսի քաղցկեղ»,- հավելում է նա: Ըստ մասնագետի՝ կանանց դեպքում ծխելն առավել վնասակար է հատկապես այն պատճառով, որ ինչպես ինքն է ասում, նրանք կատարում են մանկատվության գործառույթ: Ուռուցքաբանի տեղեկացմամբ, հղիների դեպքում ծխելը հակացուցված է. «Ծխելու հետեւանքով հղի կանանց մոտ կարող է առաջանալ հիպոքսիա, թթվածնային քաղց, երեխան կարող է ծնվել տարբեր արատներով, իսկ հետագայում ավելի խոցելի դառնալ տարբեր հիվանդություններ ձեռք բերելու առումով»: Արմեն Քոչարյանը խորհուրդ է տալիս բոլորին չծխել, ըստ նրա՝ դա կործանման տանող գլխավոր ճանապարհն է:

Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31