Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաշխարհային առաջնորդներն ապօրինաբար ընտրված պետությունների ղեկավարներին չեն շնորհավորում»

Մարտ 01,2014 14:42

Էդուարդ Շարմազանովը` ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի մասին

«Անշուշտ, ԱՄՆ պետդեպարտամենտի՝ աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցները բավականին հետաքրքիր են եւ արժանի ուշադրության, սակայն հարկ է նշել, որ գոյույթուն ունեն ավելի իրավասու միջազգային կազմակերպություններ, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության եւ տարածքային հակամարտությունների կարգավորման հարցերով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի գնահատականները ԱՄՆ պետդեպարտամենտի 2013 թվականի զեկույցում:

Անդրադառնալով Պետդեպարտամենտի այն գնահատականին, որ 2013 թվականին Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի հիմնական խնդիրներից մեկը հանրապետության քաղաքացիների՝ իշխանափոխության իրավունքի սահմանափակումն էր, մեր զրուցակիցը նկատեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանում նախագահական ընտրություններից անմիջապես հետո տվել է դրանց գնահատականը` շնորհավորելով Սերժ Սարգսյանին եւ դրանով իսկ ճանաչելով նրա լեգիտիմությունն ու ընտրական գործընթացների օրինականությունը: «Ինչպես հայտնի է, համաշխարհային առաջնորդներն ապօրինաբար ընտրված պետությունների ղեկավարներին չեն շնորհավորում»,- ասաց ԱԺ փոխխոսնակը` հավելելով, որ Օբաման ոչ միայն Սերժ Սարգսյանին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ, այլեւ նրան համարել է այն առաջնորդը, որն ի զորու է շարունակել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրագործումը. «Կարծում եմ՝ այլ գնահատականներն ու մեկնաբանություններն այստեղ ավելորդ են»:

Անդրադառնալով զեկույցի այն դրույթներին, որոնցում նշվում է կոռուպցիայի առկայությունը Հայաստանի կառավարման ոլորտում, դատական իշխանության ոչ բավարար անկախությունը, ինչպես նաեւ մարդու իրավունքների խախտումները տարբեր ոլորտներում՝ Շարմազանովն ասաց, որ այդ ամենն ընդունում են նաեւ իրենք` Հայաստանի իշխանությունները: Եվ ոչ միայն ընդունում են, այլեւ համապատասխան միջոցներ են ձեռնարկում գոյություն ունեցող թերություններն ու բացթողումները շտկելու համար: «Գլխավորը խնդիրները լուծելու ցանկությունն է եւ կամքը: Հայաստանի իշխանություններն այն ունեն, եւ դա ընդունում են միջազգային կառույցները, այդ թվում` նաեւ ԵՄ-ն»,- կարծում է Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով զեկույցում տեղ գտած` Լեռնային Ղարաբաղին առնչվող դիտարկումների մասին, որում Պետդեպարտամենտը, մասնավորապես, նշում է, թե «անջատողականները Հայաստանի աջակցությամբ առաջվա նման վերահսկում են Լեռնային Ղարաբաղի եւ ադրբեջանական յոթ այլ տարածքների մեծ մասը», Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այդ հարցում վճռորոշ է ԱՄՆ նախագահի խոսքը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետության ղեկավարի, քանզի ԵԱՀԿ-ն ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող միակ իրավասու կազմակերպությունն է: «Իսկ Բարաք Օբաման Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հետ միասին Հյուսիսային Իռլանդիայում Մեծ ությակի գագաթնաժողովում հայտարարել է Հելսինկյան սկզբունքների (ժողովրդի ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում, պետությունների տարածքային ամբողջականություն-Ն. Գ.) հիման վրա խնդրի կարգավորմանը ղարաբաղյան հակամարտության կողմերի հավատարմության անհրաժեշտության մասին: Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է»,- խոսքն ամփոփեց Էդուարդ Շարմազանովը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31