«Ապագա ամուսնական զույգերը միասին են այցելում սեքսապաթոլոգի եւ հարցնում՝ արդյո՞ք ավելի լավ եւ հանգիստ չէ, որ առաջին սեռական հարաբերությունը լինի ալկոհոլի ազդեցության ներքո: Տղան կասկածելով, որ միգուցե ընկերուհու մոտ վախեր լինեն, նրա հետ միասին դիմում է մասնագիտական խորհրդատվության»,- ասում է սեքսապաթոլոգ Մարիաննա Բեգլարյանը: Նա հավելում է, որ մինչ մասնագետին դիմելը՝ զույգերը միասին քննարկում են իրենց ապագա սեռական կյանքը, ինչը, սեքսապաթոլոգի կարծիքով, անհրաժեշտ քայլ է: Աշխարհի տարբեր երկրներում ընդունված է, որ մինչ ամուսնությունը զույգերն ընդհանուր զննություն անցնեն` իմանալու՝ արդյո՞ք ունեն սեքսուալ խնդիրներ, արդյո՞ք կարող են ստեղծել առողջ ընտանիք եւ այլն: Պարզելու համար, այս մեթոդը տարածված է Հայաստանում, թե ոչ, զրուցեցինք սեքսապաթոլոգ Մարիաննա Բեգլարյանի հետ:
Նա նշեց, որ այդպիսի դեպքերը շատ քիչ են, գրեթե աննշան: «Երեւի թե 0.1 տոկոսն է, որ մինչ ամուսնությունը սեռական կյանքի հետ կապված հարցերով այցելում է մասնագետներին, սովորաբար համացանցի միջոցով են հարցեր ուղարկում՝ մտածելով, թե դա այն խնդիրը չէ, որի համար արժե այցելել բժիշկներին,-ասում է նա եւ հավելում,- հիմնականում գալիս են 20- 25 տարեկան այն զույգերը, ովքեր դեռ չեն ամուսնացել, բայց փորձել են սեռական հարաբերություն ունենալ: Խնդիրներ հիմնականում եղել են աղջիկների շրջանում՝ վագինիզմ, անօրգազմիա եւ այլն»: Տղամարդկանց շրջանում սեքսուալ ի՞նչ խնդիրներ են եղել հարցին էլ՝ պատասխանում է՝ սեռական ցանկության նվազում, սեռական թուլություն, էրեկցիայի խանգարում: «Երբ որոշ ժամանակ նրանք ապրում են սեռական կյանքով, իսկ հետո որոշակի «ճգնաժամ» է լինում կամ մտահոգվում են, որ կարող են սեռավարակ լինել եւ իրենց ապագա կնոջը վարակել, դիմում են մասնագետներին եւ նախքան ամուսնությունը ստուգումներ անցնում»,-տեղեկացնում է Մարիաննա Բեգլարյանը:
Զույգերն իրավունք ունեն մինչ ամուսնությունը տեղեկացված լինել միմյանց առողջության մասին:
Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 3-րդ գլխի 12-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ամուսնացող անձի հետազոտության արդյունքները համարվում են բժշկական գաղտնիք: Այդ արդյունքները հետազոտություն անցած անձի համաձայնությամբ կարող են հաղորդվել այն անձին, որի հետ նա մտադիր է ամուսնանալ: Իսկ սույն հոդվածի 3-րդ կետը սահմանում է. «Եթե ամուսնացած անձը մյուս ամուսնուց թաքցրել է ամուսնության պետական գրանցման պահին իր մոտ սեռավարակի (ընդ որում՝ մարդու իմունային անբավարարության վիրուսի), ինչպես նաեւ հոգեկան հիվանդության եւ թմրամոլության, թունամոլության առկայության փաստը, ապա մյուս ամուսինն իրավունք ունի ամուսնությունն անվավեր ճանաչելու համար դիմելու դատարան»։ Սեքսապաթոլոգ Մարիաննա Բեգլարյանը տեղեկացնում է, որ մինչեւ սեռական ակտի փորձ չլինի, մարդիկ չեն իմանա՝ իրենք ունեն սեքսուալ խնդիրներ, թե ոչ: Նա, սակայն, պնդում է, որ մինչ ամուսնությունը զույգերը պետք է ինֆորմացված լինեն սեռական կյանքից, քանի որ երբեմն հատկապես աղջիկների շրջանում որոշակի նախապատրաստման անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի շրջանցվեն որոշ հոգեսեռական խնդիրներ, օրինակ՝ վագինիզը (հիմնականում առաջանում է սեռական հարաբերությունների հանդեպ վախից). «Շատ դեպքերում կանայք ամուսնությունից հետո, երբ սկսում են ապրել սեռական կյանքով, բացահայտում են, որ իրենց մոտ առկա է վագինիզմ: Lավ կլինի, որ մինչ ամուսնությունը դիմեն մասնագիտական խորհրդատվության, որպեսզի, եթե հետագայում խնդիր առաջանա, չթողնեն, որ բարդանա, այլ անմիջապես դիմեն բժիշկներին»: Մենք հարցում անցկացրինք 10 ամուսնական զույգերի շրջանում, պարզելու՝ արդյո՞ք մինչ ամուսնությունը նրանք դիմել են մասնագիտական խորհրդատվության: Զույգերից 9-ը պատասխանեցին՝ ոչ, 1-ը՝ այո: «Շատ են դեպքերը, երբ ամուսինները երկար տարիներ չեն կարողանում երեխաներ ունենալ եւ դրանում մեղադրում են միայն կնոջը: Որպեսզի զերծ մնամ զրպարտությունից, մինչ ամուսնանալը գնացի բուժզննության»,- խոստովանում է 25-ամյա Անահիտը: Սեքսապաթոլոգը եւս տեղեկացնում է, որ շատացել են անպտղության վերաբեյալ մտահոգությունները, ընդ որում՝ ոչ միայն աղջիկների շրջանում: «Եթե համեմատենք վերջին տարիների ցուցանիշների հետ, ապա այսօր տղամարդկանց շրջանում անպտղությունը ահռելիորեն շատացել է: Նրանք նաեւ այս խնդիրներով են դիմում մեզ»,- ասում է նա: Մ. Բեգլարյանը նաեւ ընդունում է, որ այսօր երիտասարդներն ավելի իրազեկ են սեքսուալ խնդիրներից եւ ավելի համարձակ են մասնագետներին դիմելու հարցում: Նա խորհուրդ է տալիս բոլորին ավելի հաճախ դիմել բժիշկներին, ավելի շատ կարդալ եւ լինել իրազեկ սեքսուալ կյանքից, համացանցի միջոցով բուժումներ չանել, այլ լսել նաեւ մասնագետի խորհուրդը:
Կարդացեք նաև
ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ