Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Նիկողայոսի վանքը՝ ինչպես որ կա

Մարտ 01,2014 14:05

Իսրայելի Հոպպե (ներկայումս՝ Յաֆֆա) հին քաղաքում է գտնվում Սուրբ Նիկողայոսի հայոց վանքը: Այն Թել-Ավիվի հին մասում է:

Ժամանակին հայ ուխտավորները երկար ճանապարհ կտրելով՝ Յաֆֆայով էին հասնում Երուսաղեմ: Ինչ ասես, կարող էր նրանց պատուհասել: Ուխտավորները գիշերում էին Սուրբ Նիկողայոսի վանքում, հետո շարունակում ճանապարհը: Այս վանքը իբրեւ հիվանդանոց է ծառայել նաեւ Նապոլեոնի հիվանդ զինվորների համար:
Ըստ Երուսաղեմի Հայոց պատրիարքության միաբան Բառնաբաս վարդապետ Գանձակեցու «Հաջորդություն Պատրիարքացն Երուսաղեմի» գրքի, Աբրահամ Ա պատրիարքի օրոք եկեղեցին եղել է հայոց իրավասության ներքո:

St-3 St

Ժամանակին Հոպպեն եղել է եպիսկոպոսական քաղաք եւ կոմսության մայրաքաղաք:
Ասում են, թե արաբ պատմիչ եւ բանաստեղծ Աբդ ալ Ղանի Նաբլուսը, երբ 1694թ. ժամանել է Հոպպե` իջեւանել է Հայոց վանքում, անգամ մեծ ընդունելություն է գտել հայ միաբանների կողմից: Հետագայում նա իր աշխատության մեջ գոհունակությամբ է նկարագրել Հոպպեի վանքը:

1840թ. Մեսրոպ վարդապետը նորոգել է Հոպպեի վանքը: Այդ մասին եկեղեցու սանդուղքների վերին աստիճանի կամարի վրա հիշատակարան կա. «Ի պատրիարքութիւն Տ. Գաբրիել արքեպիսկոպոսին, ի վայելումն եւ յիշատակ ազգիս Հայոց. Յոպպեի Ս. Նիկողայոս վանքն նորոգեցաւ ի դրանէ մինրեւ ցվեր գեղեցիկ սենեկօք. ձեռամբ եւ աշխատութեամբ Տիգրանակերտցի Մեսրոբ վարդապետին, յամի Տեառն 1840»:
Վերջերս Հոպպեի Սուրբ Նիկողայոսի հայոց վանք այցելեցինք նաեւ հայաստանցի մի խումբ ուխտավորներ՝ տեր Զենոն եւ տեր Վահրամ քահանաների առաջնորդությամբ:
Ուխտավորներին ընդունեց Ավետիս վարդապետ Իփրաճեանը, որը մեն-մենակ հսկում է ողջ եկեղեցին ու պահպանում այն անցանկալի այցելություններից: Հայր Ավետիսը ներկայացրեց Սուրբ Նիկողայոսի պատմությունը, հայերի ներկայությունը այդ տարածքում, ինչպես նաեւ դրվագներ պատմեց Նիկողայոս սրբի կյանքից:

Ինչ վերաբերում է սուրբ Նիկողայոսին, նա Կաղանդ պապի նախատիպն է: Փոքր տարիքից կորցրել է հարուստ ծնողներին, նրան դաստիարակել է քեռին՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսը: Սուրբ Նիկողայոսը իր ողջ ունեցվածքը բաժանել է կարիքավորներին, որբերին, հիվանդներին ու բանտարկյալներին:
Սուրբ Նիկողայոսի վանք այցելության ժամանակ տեր Զենոնն ու հայր Ավետիսը միասին հնչեցրին եկեղեցու զանգերը: Ճոպանը կտրվեց, հայր Ավետիսն էլ այդ առիթով կատակեց, բայց հաճելի էր, որ հայերի այցելություն եղավ հայկական եկեղեցում: Զանգն էլ կրկին ամրացվեց ճոպանին:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31