Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջը ոստիկանապետը լուծեց սեփականաշնորհված շքամուտքի հարցը (Տեսանյութ)

Մարտ 01,2014 14:25

Օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է բացել Սայաթ-Նովա 23 եւ 25 շենքերի սեփականաշնորհված շքամուտքը, որը սեփականացնելուց հետո շքամուտքի տերը վարձակալությամբ էր տալիս:

Պարոն Գասպարյանին բնակիչները բողոքել են, որ տասը տարուց ավելի չեն կարողանում օգտվել իրենց սեփականաշնորհված մուտքից, եւ որ բոլոր կառույցներին՝ քաղաքապետարան, քաղաքաշինության նախարարություն, դատարաններ, բողոքներ են ներկայացրել, սակայն խնդիրը ոչ մի կերպ չի լուծվել ու չի լուծվել:

«Առավոտ»-ն իր 06.02.2014 թվականի «Տարոն Մարգարյանի խոստումն ընդամենը 5 օր է ուժի մեջ եղել» հրապարակմամբ անդրադարձել էր Սայաթ-Նովայի բնակիչների բողոքին: Բնակիչները մեզ հետ զրույցում անհանգստություն էին հայտնել, որ իրենց պատկանող շքամուտքը սեփականացրել են՝ քիչ չէ, մի բան էլ վարձով են տալիս՝ անտեսելով, որ բազմաբնակարան շենքերի մուտքերը օրենքով շենքի բնակիչների սեփականությունն են համարվում եւ որեւէ մեկը չի կարող դա միայնակ տնօրինել, սակայն ամսական 2500 դոլարով վարձով տրվող այս մուտքը տնօրինում է շենքի հետ ոչ մի կապ չունեցող ոմն Սուրեն Աղաբեկյան:

Ի պատասխան բնակիչների բողոքներին՝ Երեւանի քաղաքապետարանը, որի իրավասությունն է այս խնդիրը լուծելը, պատասխանել էր, որ կառույցն օրինական է, եւ ոչինչ չեն կարող անել:

Բնակիչներից մեկի՝ Արամայիս Մկրտչյանի խոսքերով՝ «Իսկական ոստիկանը պաշտպանեց ժողովրդի շահերը»՝ նկատի ունենալով Վ. Գասպարյանի արարքը: Ա. Մկրտչյանը պատմեց, որ Վ. Գասպարյանը, անցնելով Աայաթ-Նովա փողոցով, բնակիչների հետ զրույցի է բռնվել եւ իմանալով նրանց խնդրի մասին՝ անմիջապես կարգադրել է բացել:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31