Ո՞վ է ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը և ինչո՞ւ է այսքան աղմուկ բարձրացել նրա անվան շուրջ
«Թե՛ Շուշիի առանձնակի գումարտակում, թե՛ ազատամարտիկների շրջանակներում Սուրենին անվանում են զոհված ազատամարտիկ: Արցախյան թեժ մարտերի ժամանակ զոհվում է Սուրենի ընկերներից մեկը և թյուրիմացության պատճառով բոլորը կարծում են, թե դա Սուրենն է, և անգամ դին ուղարկում են տուն: Դագաղը տուն բերելուց մեկ ժամ առաջ Սուրենը հազիվ կարողանում է զանգել տուն և սգացող հորն ասել, որ ինքը դեռ ողջ է: Այս պատմությունը մնաց որպես Արցախյան պատերազմի ինչպես ցավալի, այնպես էլ զավեշտալի պատմություններից մեկը: Դե՛, այդպիսի խելառ ժամանակներ էին, մարդիկ էլ էին խելառ, պատմություններն էլ: Ո՞վ կարող էր մտածել, որ տարիներ անց ինչ-որ մեկին, ազատամարտիկների խմբերն իրար հակադրելու, երկրում արյունալի բախումներ հրահրելու նպատակով, կարող է պետք է լինել Սուրենի` Ազատամարտին մասնակցած լինելու փաստը դնել կասկածի տակ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ազատամարտիկ Արամ Մանուչարյանն՝ ի պաշտպանություն իր մարտական ընկերոջը:
Բանն այն է, որ վերջերս ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասում էր, թե Սուրեն Սարգսյան անունով դաշտային հրամանատարի չի ճանաչում: «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում վերջինս ասել էր. «Ես անցել եմ ողջ պատերազմը, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի, իսկ այնուհետև՝ ՊԲ հրամանատարների առաջին սերնդից եմ։ Ապա` մնացել եմ բանակում, տարիներ շարունակ ղեկավարել ՊԲ ամենախոշոր զորամասերը… ո՛չ Վանաձորի, ո՛չ էլ որևէ քաղաքի ու շրջանի կամավորական ջոկատներում նման մարտիկի, առավել ևս՝ «դաշտային հրամանատարի» չեն ճանաչում։ Եվ ընդհանրապես՝ ոչ ոք էլ չի ճանաչում, անգամ ՀՀ զինկոմիսարիատը… սրան «Խորհրդում» ընդգրկեցին որպես հանրահավաքներ վարող, ինքն էլ իրեն հրամանատար հռչակեց։ Սա է Սուրեն Սարգսյանը, ով անբարեխիղճ ու անպատասխանատու լրագրողների օգնությամբ դարձավ ոչ ավել, ոչ պակաս՝ «դաշտային հրամանատար»: Այսօր էլ մարտի 1-ին ժողովրդին հրապարակ է հրավիրում, իսկ իշխանություններին էլ սպառնում տասնապատիկ ուժգնության հակահարվածով»: Համանման հրապարակումներ՝ այլ ստորագրությամբ, եղան նաեւ www.1in.am կայքում:
Ի դեպ, երեկ մամուլի ասուլիսում անդրադառնալով Վարդան Ավետիսյանի դիտարկումներին, Սուրեն Սարգսյանն ասել էր. «Արդարանալու բան չունեմ, որտեղ և երբ եմ կռվել: Ուղղակի նրա «մուտիլովկեն» անհաջող է: Ես երբեք էլ չեմ ասել, որ հրամանատար եմ»: Պահելով մարտական ընկերոջ պատիվը, Արամ Մանուչարյանը մեզ հետ զրույցում հետեւյալ դիտարկումն արեց. «Իմ կարծիքով, քանի որ Սուրենը դաշտային հրամանատարների խորհրդի մամլո խոսնակն է և առաջինն է անդրադառնում երկրում ընթացող անցուդարձին, մյուս կողմից` ազատամարտիկ լինելով, շատ կոշտ և սկզբունքային է արտահայտվում որակումներում, դրա համար էլ առաջին հարվածն իրեն է ուղղվում: Վերջին ժամանակներում ինձ և իմ ընկերների համար խիստ մտահոգիչ է ինչ-ինչ ուժերի ձգտումը` ազատամարտիկների տարբեր խմբերն իրար դեմ հանելու, պատերազմի բովում կոփված եղբայրությունը սասանելու միտումը»: Դրանք, ըստ մեր զրուցակցի, դրսեւորվում են «բանսարկու-հրապարակումներով», թե իբր ազատմարտիկների մի խումբ ընդդեմ Երկրապահի խումբ է ստեղծում, իբր թե մեկ այլ հրամանատար էլ ընդդեմ այդ խմբի և երկրապահի է ինչ-որ խումբ ստեղծում. «Եվ չնայած բոլոր կողմերից շատ հստակ հնչեցվեց, որ ազատամարտիկները ոտքի ենք կանգնել` հանուն ժողովրդի պայքարի, հանուն Հայաստանի, հանուն երկրում տիրող այլանդակությունները վերացնելու, երկիրը երկիր դարձնելու, առճակատման տանող սադրանքների դեպքում ժողովրդին պաշտպանելու, և վերջապես, իրենց հավերժ պարտքը կատարելու համար: Եվ այս գործում կան ազատամարտիկների բոլոր կառույցներից ներկայացուցիչներ, և դա նոր կազմակերպություն չէ, այլ ամեն ազատամարտիկի պարտքի կատարում: Բայց անկախ սրանից` նորից ու նորից, զարմանալի համառությամբ խարդավանքները շարունակվում են»:
Կարդացեք նաև
Նման հրապարակումներն, ըստ, Արամ Մանուչարյանի, «պատվեր» են՝ «Հայաստանում արյունալի բախումներ հրահրելու համար»: «Շատ ավելի ցավալի է, որ այս խայտառակ հորձանուտ ներքաշվեց Սերժ Սարգսյանը: Անկախ իմ` իր նկատմամբ վերաբերմունքից, այդ մարդը զբաղեցնում է խիստ պատասխանատու դիրք և իրավունք չունի անհեթեթ պահվածք դրսևորելու, մանավանդ այսպիսի պայթյունավտանգ իրավիճակում, ինչպիսին ներկայումս է: Ի՞նչ է նշանակում ԵԿՄ համագումար տանել կամ այդտեղ հանդուրժել գող-ավազակ, մարդասպան մարդկանց ներկայությունը, ինչն էլ առիթ դառնա, որ գործակալներն էլ ազատամարտիկներին հարցնեն` այդ ո՞վ էր նստած համագումարում: Կարող է ինձ այս կամ այն երկրապահի պահվածք, խոսքը դուր չգա, բայց նա իմ մարտական ընկերն է, կասեմ իրեն, բայց ոչ թե մասնակից կդառնամ արտաքին ուժերի կողմից իրար վրա ցեխ նետելու նողկալի սադրանքին»,- ասաց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Слава Вазгену и Сержу Саргсянам.
Вечная слава Левону Т. Петросяну и Р. Кочаряну.
Герой тот кто нужен сегодня партии и правительству, а не тот, который был.