Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Մասնագիտությունների դիմակահանդես» նախաձեռնության եզրափակիչ փուլը. (Ֆոտոշարք)

Փետրվար 28,2014 22:05

Ոստիկանի մասնագիտությունը պատասխանատու է, կաշառք վերցնելն՝ անպատվաբեր, էլեկտրիկ դառնալու համար պետք են ֆիզիկայի լուրջ գիտելիքներ, հոգեբույժի համար լավագույն պարգեւն հիվանդների առողջությունն է. դպրոցական երեխաները մասնագիտությունների իրենց ընկալումները ներկայացրին կարճ ներկայացումների միջոցով, Հայաստանի մանուկներ հիմնադրամի ութ շահառու համայնքների ինը դպրոցների 55 8-րդ և 9-րդ դասարանցիներն էին մասնակցում Մասնագիտական կողմնորոշման ծրագրի «Մասնագիտությունների դիմակահանդես» նախաձեռնության եզրափակիչ փուլին:

PrevPhoto
NextPhoto

Միջոցառումն Անանիա Շիրակացու անվան ճեմարանում էր՝ ճեմարանի սաների հետ համագործակցությամբ: Այն մեկնարկեց դպրոցների տաղավարների ներկայացմամբ, հետո դպրոցականների կարճատեւ ներկայացումներով, ավարտվեց «Մասնագիտությունների դիմակահանդես»-ի արդյունքների ամփոփմամբ եւ մրցանակների հանձմամբ:

Ծրագրի նախաձեռնողները վստահ էին, որ այսպես մեծապես կօգնեն մասնագիտության ընտրության խնդրի առաջ կանգնած դպրոցականներին: Նախաձեռնության առաջին փուլին մասնակցել էր ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի Արագածավան, Արգինա, Արտենի, Դալարիկ, Լեռնագոգ, Մյասնիկյան, Շենիկ և Քարակերտ համայնքների դպրոցների ավելի քան 250 աշակերտ, նպատակը աշակերտներին աշխատաշուկայում առկա մասնագիտությունների, դրանց համար պահանջվող որակների մասին ծանոթացնելն էր:

Միջոցառումից ոչ մի երեխա դատարկաձեռն չգնաց. տարբեր անվանակարգերում հաղթած դպրոցների երեխաներն հնարավորություն ստացան այցելել Հայաստանի պատմամշակութային նշանակության տեսարժան վայրեր, չհաղթողներին գրքեր նվիրեցին:

Արագածավանի դպրոցից Շահբազ Ավետիսյանն արդեն ընտրել է իր մասնագիտությունը, որոշել է հաշվապահ դառնալ, չնայած որ ներկայացման մեջ խաղում էր ոստիկանի դերը, ասում է, որ հաշվապահի մասնագիտությունն ընտրել է մինչեւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրի մեկնարկը, սակայն  այժմ, շնորհիվ ծրագրի՝ շատ բան գիտի ոստիկանի մասնագիտության մասին եւ կարծում է, որ ամենահետաքրքիրներից է. «Սա լավ հնարավորություն էր սկսնակների համար, որպեսզի կողմնորոշվեն իրենց մասնագիտության ընտրության մեջ: Ներկայացման սցենարը մեր ղեկավարն է գրել, բայց մենք որոշակի փոփոխությունների ենք ենթարկել»,- ասում է նա եւ ավելացնում, որ այս մրցույթին մասնակցելը նաեւ շատ լավ հնարավորություն էր նոր շրջապատ եւ գիտելիքներ ձեռքբերելու համար:

Ավելացնենք, որ վերոնշյալ ծրագիրը իրականացվում է HSBC Future First նախագծի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախաձեռնությամբ 2013թ. փետրվարից: Ծրագրի շահառուներն են վերոնշյալ 8 գյուղերի 7-ից 11-րդ դասարանների շուրջ 1000 աշակերտները: Ծրագրի մեկնարկին Քարակերտ համայնքում հիմնվել է ժամանակակից կահավորմամբ ու տեխնոլոգիաներով հարուստ համայնքային ռեսուրս կենտրոն, որը համակարգում է դպրոցական թիմերի աշխատանքը: Ծրագրի աշխատակազմը բաղկացած է դպրոցական 16 մասնագետներից, համայնքային ռեսուրս կենտրոնի 2 համակարգողներից, ծրագրի փորձագետից և ընդհանուր համակարգողից:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728