Փետրվարի 28-ին Մոսկվայի Հայ Առաքելական Ս.Պայծառակերպության եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ 1988թ-ի փետրվարի Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին մասնակցեց ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արա Բադալյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, հայ համայնքային կառույցների ղեկավարները եւ երիտասարդական միությունների ներկայացուցիչներ:
Դեսպան Եսայանն իր խոսքում նշեց. «26 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանական իշխանությունները սկսեցին խաղաղ հայ բնակչության ոչնչացմանն ուղղված քաղաքականություն, որի շարունակությունն էին 90թ.-ին Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում կազմակերպված հայ բնակչության ջարդերը: Չնայած ոճրագործության ողջ եղելությանը և արձագանքին, կատարվածը մինչև այսօր չի ստացել համարժեք գնահատական»:
Միջոցառմանը Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի հոգևորականների կողմից մատուցվեց հոգեհանգստի պատարագ:
Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, ով ընդգծեց ռուս հասարակությանը Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի և հայ ժողովրդի պատմության այլ ողբերգական իրադարձությունների ճիշտ ներկայացման կարևորությունը: Արքեպիսկոպոս Ներսիսյանը կարևորեց նաև պատմական փաստերի խեղաթյուրմանը հակազդելուն ուղղված քայլերի նշանակությունը՝ այս համատեքստում հիշատակելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից շահարկվող այսպես կոչված «Խոջալուի դեպքերը»:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ