Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ղրիմին կոչ է արել մնալ Ուկրաինայի կազմում՝ պահպանելով լայն ինքնավարությունը: Փոխանցում է «Լենտա.ռու» լրատվականը:
«Ռոսիա 24» հեռուստակայանով հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ Յանուկովիչը Ղրիմի բնակիչներին խնդրել է զերծ մնալ արյունահեղությունից: Երկրում տեղի ունեցող իրադարձությունները անվանելով «մի խումբ ծայրահեղականների» իշխանության բռնազավթում՝ նա ասել է, որ հասկանում է ղրիմցիների ինքնապաշտպանության խմբեր ստեղծելու միտումը, քանի որ նրանք ուզում են «պաշտպանել իրենց տներն ու ընտանիքները»:
Յանուկովիչը հայտնել է, որ փետրվարի 21-ին ճգնաժամը կարգավորելու իշխանության և ընդդիմության միջև ստորագրված համաձայնագիրը խախտել է ընդդիմությունը՝ դրանում մեղադրելով Արևմուտքին՝ Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներին և ԱՄՆ-ին:
Նա նշել է, որ չի պատրաստվում մասնակցել 2014թ. մայիսին կայանալիք Ուկրաինայի նախագահական ընտրություններին, քանի որ այն անօրինական է համարում:
Կարդացեք նաև
Ուկրաինայի 4-րդ նախագահը գտնվում է Դոնի Ռոստովում, որտեղ, նրա խոսքերով, իրեն ապաստան է տրամադրել իր ընկերը: Հետախուզման մեջ գտնվող Յանուկովիչը հայտնել է, որ Ուկրաինա կվերադառնա միայն այն դեպքում, եթե իր և իր ընտանիքի անվտանգության ապահովվման երաշխիքներ ստանա:
Ավելի վաղ Ուկրաինայի դատախազությունը հայտնել էր, որ մտադիր է քաղաքացի Վիկտոր Յանուկովիչին արտահանձնելու մասին հայց ներկայացնի, եթե հաստատվի, որ նա գտնվում է Ռուսաստանում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ