Գորիսի տարածաշրջանի Քարահունջ գյուղում ապրում է 1305 բնակիչ: Գյուղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, հողագործությունն ու այգեգործությունը: Ի տարբերություն գյուղի խոշոր ֆերմերների՝ փոքր ֆերմերները կաթի իրացման խնդիր ունեն այսօր: Գյուղապետ Լուսինե Ավետյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ գտել են խնդրի լուծման ճանապարհը: Դոնոր կազմակերպությունների՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գրասենյակի եւ Օրանժի օգնությամբ, նախատեսում են գյուղում կաթի հավաքման կետ հիմնել՝ սառնարանային տնտեսություն, որի առկայության դեպքում քարահունջցիներն այլեւս կաթի իրացման դժվարության առաջ կանգ չեն առնի:
Մյուս ծրագիրը, որը մտադիր են իրականացնել գյուղում, դա մրգի մշակման կետի հիմնումն է: «Չոր թթի բավականին լավ պահանջարկ կա, հիմնականում տուրիստներն են ցանկանում գնել, բայց եղանակի փոփոխության պատճառով գյուղացիները չեն հասցնում թութը չորացնել: Մենք ունենք բավականին լավ խնձոր, տանձ, կեռաս, թութ, սալոր, այդ բոլորը հնարավոր է չորացնել: Պտղի վերամշակման ծրագիրը նախատեսում ենք իրականացնել «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության հետ, քանի որ այդ կազմակերպությունը փորձ ունի եւ նմանատիպ ծրագիր իրականացրել է նաեւ Ստեփանավանում», – նշեց Լուսինե Ավետյանը եւ ավելացրեց, որ միջազգային կազմակերպությունների առաջարկով՝ մտածում են նաեւ գյուղում փոքր շուկա հիմնելու մասին, որտեղ կվաճառեն գյուղի բարիքները: Ծրագիրը նպատակ ունի Քարահունջում զարգացնել տուրիզմը, առավելեւս, երբ գյուղը գտնվում է Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի անմիջապես հարեւանությամբ եւ ունի լավ հնարավորություն տուրիստներին կանգառատեղի ծառայելու համար: Գյուղում մինչեւ օրս դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվել են բազմաթիվ այլ ծրագրեր, համայնքային իշխանություններն ակտիվորեն համագործակցում են տեղական եւ միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, սակայն համայնքն իր 21 մլն դրամ սուղ բյուջեով միշտ չէ, որ առաջարկվող ծրագրերը կարողանում է համաֆինանսավորել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հիմնել սառնարանային տնտեսություն Քարահունջում, դա կլինի մի փոքր դրական քայլ կաթնարդյունաբերության բնագավառում։ Բայց որպեսզի լուծել հիմնովին այդ խնդիրը զարգացած երկրների օրինակով, հարկավոր է տեղում հիմնել նաև կաթնամշակման փոքր արտադրություն, որտեղ մինչև 3տ կաթի մշակումը հավանաբար բավարար կլինի, քանի որ անհրաժեշտության դրպքում՝ այն կունենա երկրորդ և նույնիսկ երրորդ հերթափոխի հնարավորություն, ավելացնել միայն պահեստների և սառնարանների քանակը։ Ոչ բարդ սարգավորումներ կիրառելով նրա մոտավոր արժեքը կկազմի՝ 50 -ից մինչև 60մլն դրամ, կախված տեղում գոյություն ունեցող հնարավորություններից, որը 3-4 տարում ետ կբերի ծախսված գումարը, ունենալով եվրոպական նորմերին համապատասխան արտադրանք։