Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայրենիք կվերադառնա, հենց տրվեն իր և իր ընտանիքի անվտանգության երաշխիքներ: Այս մասին հայտարարեց Յանուկովիչը Դոնի Ռոստովում քիչ առաջ ավարտված մամուլի ասուլիսում:
Նա վստահեցրեց, որ գործող նախագահ է, չի կարող իմպիչմենտ անվանել «այն ներկայացումը, որը տեղի ունեցավ խորհրդարանում», և չի մասնակցելու Ուկրաինայում մայիսին նշանակված նախագահական ընտրություններին:
«Ես ոչ մի տեղ չեմ փախել: Ես Կիևից տեղափոխվել եմ Խարկով»,- պատմեց Յանուկովիչը: Տեղափոխվելու ընթացքում իր վրա կրակել են ավտոմատ զենքից, իրեն «փակող» ավտոմեքենան ամեն կողմից գնդակոծված է եղել:
«Վախ ընդհանրապես չկար»,- ասաց Վիկտոր Յանուկովիչը՝ նշելով, որ Ռուսաստան թռչելը պայմանավորված է եղել անվտանգության նկատառումներով: «Ես Ռուսաստանում հայտնվեցի՝ հայրենասեր սպաների շնորհիվ, ովքեր կատարեցին իրենց պարտքը և ինձ օգնեցին՝ պահպանել կյանքս»,- ասաց Յանուկովիչը:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ չի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, բայց Ռուսաստան մուտք գործելուց հետո նրա հետ հեռախոսազրույց է ունեցել: Նրանք պայմանավորվել են հանդիպել, հենց Պուտինը հնարավորություն ունենա:
«Պուտինը հաստատե՞լ է, որ Ռուսաստանը Ձեզ համարում է նախագահ»,- լրագրողի հարցին Յանուկովիչը պատասխանեց, որ շարունակում է մնալ ժողովրդավար ճանապարհով ընտրված նախագահ: Իսկ Պուտինի վերաբերմունքը կհասկանա հանդիպումից հետո:
Լրագրողի հարցին, թե ինչու է Դոնի Ռոստովում է և ոչ Մոսկվայում՝ Յանուկովիչը պատասխանեց, որ եկել է Ռոստովի մոտ ապրող իր հին ընկերոջ մոտ ժամանակավոր ապաստան գտնելու:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում