Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր իշխանությունները մինչեւ չհայտնվեն Յանուկովիչի վիճակում, ԱՄՆ Պետդեպի զեկույցներից վատ չեն զգա

Փետրվար 28,2014 19:15
vardan harutyunyan

ՀՀ ոստիկանությունը ձերբակալությունների ու հարցաքննությունների ժամանակ քաղաքացիներին ծեծի է ենթարկում. սա ԱՄՆ Պետդեպի փետրվարի 27-ին 2013 թվականի Մարդու իրավունքների զեկույցում է նշված։

Զեկույցում նկարագրված փաստերը հղում են արվել իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին, որոնց փոխանցած տվյալներով` ոստիկանական բաժանմունքներից բանտեր տեղափոխված մեծ թվով անձինք հայտարարել են, որ ոստիկանության աշխատակիցներն իրենց խոշտանգել ու ահաբեկել են, հիմնականում`խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով:

«Ես կարծում եմ, որ զեկույցն օբյեկտիվ է, այն արտացոլում է մեր իրականությունը, վստահ եմ, որ Ամերիկայի կարգի երկիրը, որեւէ բան հորինելու կամ օդից վերցնելու խնդիր չունի իր առջեւ դրած: Այն, ինչ գրված է զեկույցում, մենք բոլորս` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի դա գիտի: Դա կարող էր նորույթ լիներ օտարի համար, մենք բոլորս գիտենք, ինչ երկրում ենք ապրում, եւ ինչպես են իրականացվում նախաքննություններն ու հետաքննությունները, դատավարությունները, թե ինչպես են Հայաստանում ընթանում ընտրությունները, այս ամենը մենք լավ գիտենք: Զեկույցում հղում կա նաեւ եվրոպացիների` ընտրությունների մասին զեկույցին, որտեղ դրական շեշտադրումներ կան, բայց դրա հետ մեկտեղ նշում են այնպիսի խախտումների մասին, որ խոսել ընտրությունների մասին ու դա ընտրություն ներկայացնել, արդեն  ծիծաղելի է»,-Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

ԱՄՆ Պետդեպի զեկույցում նաեւ նշվել է մեր դատարանների` մեղմ ասած`կողմնակալ լինելու մասին: Այս առնչությամբ էլ պարոն Հարությունյանն ասաց, որ կրկին որեւէ նոր բացահայտում չկա. բոլորին էլ հայտնի է, որ Հայաստանի դատարանները  բացարձակապես կախված են գործադիր եւ քաղաքական իշխանության կամքից. «Իշխանությունների կամքով դատարանները կայացնում են ցանկացած դատավճիռ, ցանկացած քաղաքացու եւ ցանկացած քաղաքական ընդդիմադիրի նկատմամբ: Այդպես եղել է 2008 թվականին, դրանից առաջ եւ այսօր»:

Հայաստանից տեղեկատվության հասանելիությունն ու դրա օբյեկտիվության մակարդակը գնահատելով էլ իրավապաշտպանը նշեց, որ ՀՀ  իշխանությունները պետք է հասկանան` մենք ապրում ենք 21-րդ դարում, այս ժամանակաշրջանում հնարավորություններն այնքան մեծ են ու շատ, որ որեւէ բան թաքցնել հնարավոր չէ` ո՛չ կեղծ դատավարություն, ո՛չ խոշտանգում ոստիկանական բաժանմունքներում, ոչինչ հնարավոր չէ թաքցնել. «Ամեն ինչ ձայնագրվում կամ նկարահանվում է, այն ինչ 20-30 տարի առաջ կարող էր հրաշք համարվել, այսօր առօրյա է, եւ այս առօրյայի պայմաններում բնական է, որ այդ կարգի տեղեկատվությունը, կամ որեւէ կարգի ոտնձգությունը դառնում են հանրության սեփականություն, որից հետո հասարակական կազմակերպությունների եւ միջազգայինի կառույցների ուշադրության կենտրոնում»:

Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ արժեք ունեն այս զեկույցները, որոնք ամեն տարի հրապարակվում են, անօրինականությունները նշում են, սակայն մեր երկրում ոչինչ չի փոխվում, պարոն Հարությունյանն ասաց. «Ամեն տարի «քսերոքսային» տարբերակով, թեթեւակի փոփոխություններով կրկնում են իրար, եւ դա շարունակվելու է կրկնվել: Բայց զեկույցները գրվում են` արձանագրելու իրականությունը, եւ դրան համապատասխան վերաբերմունք է ձեւավորվում Հայաստանի նկատմամբ` միջազգային կառույցների ու այլ պետությունների կողմից: Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա դա կարող էր տեղի ունենալ այն դեպքում, երբ որ մեր իշխանությունները սկսեն արժեւորել այն արժեքները, որոնցով առաջնորդվում են միջազգային կազմակերպությունները, կամ եվրոպական երկրները: Քանի դեռ մեր իշխանութուններն այդ ամենը չեն արժեւորում, նրանք այդ զեկույցներից իրենց վատ էլ չեն զգա, նրանք շարունակում են ապրել իրենց կյանքով` կտրված իրականությունից: Այնքան ժամանակ այդպես կապրեն, մինչեւ չհայտնվեն Յանուկովիչի կարգավիճակում, այդ ժամանակ կգան նոր մարդիկ, նոր արժեքներով, եւ այդ զեկույցները կկարողանան ազդել ոչ միայն Հայաստանի նկատմամբ ձեւավորված կարծիքների վրա, այլեւ Հայաստանի ներսում փոփոխությունների առիթ կդառնան»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Ծեծ, ծեծն ինչ է որ…Այնպիսի դրվագների տեսագրություններ եմ ուղարկել Սպիտակ տուն մեծ ախպորը, որ ոչինչ այլևս պետք չէ ավելացնել, քաղաքակիրթ հայոց ասպետիկներ, որձահայ ուժային և աստվածային հայահանճարներ:Դարի կոմեդիա, մարդկության շիբ:

  2. Hayk says:

    Мы живем в самой прекрасной стране,г.Арутюнян!! ….Странно, что Вам понравились люди с автоматами ((((! Жаль!

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728