Ճանաչված արձակագիր, Մարդ եւ Քաղաքացի Լեւոն Խեչոյանի առաջին գիրքը` «Խնկի ծառերը», լույս է տեսել 1991 թվականին: Նրա վերջին` «Մհերի դռան գիրքը» վեպի ազդօրինակը լույս տեսավ գրողի մահվանից տառացիորեն մեկ շաբաթ առաջ: Ցավոք, հեղինակին կորցրինք՝ հիվանդությունը խլեց նրան, տարավ մեզանից ու երկրային կյանքից, եւ Լեւոն Խեչոյանը գնաց ապրելու երկնային կյանքով:
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ արձակագրի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: «Մհերի դռան գիրքը» յուրատեսակ ուղերձ է առ երկրի ապագայով մտահոգ մարդիկ:
Հանդիսությունը բացվեց Լեւոն Խեչոյանի ձայնով. «Ես միշտ դեռեւս վաղ տարիքից մտածել եմ, որ արվեստագետը առաքյալի նման է երկիր գալիս: Ինչպես առաքյալը ուղարկվեց երկիր, որպեսզի մահկանացու մարդու, նրա փրկության համար աղոթք անի, այդպես էլ արվեստագետը՝ նկարիչը, երաժիշտը, գրողը երկիր են գալիս, մի գիրք են գրում, սիմֆոնիա են ստեղծում աղոթքի պես…»:
Կարդացեք նաև
Վեպի խմբագիր, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը ելույթում նշեց. «Շատ կարճ ժամանակ է անցել այն օրվանից, երբ մեր ընկերոջը հրաժեշտ տվինք: Լեւոնի առիթով մահը, ըստ էության, պայմանական մի բան է, ապացույցը իր թողած հիասքանչ գրական ժառանգությունն է, որոնցով մեր արձակի մտածողությունը մի նոր հեռանկարի մեջ է մտել: Ամենայն պատասխանատվությամբ կարող ենք ասել, որ Լեւոն Խեչոյանը ստեղծել է գործեր, որոնց տեղը արձակի մեծ վարպետների ստեղծագործությունների կողքին է»: Նա «Մհերի դռան գիրքը» վեպը որակեց որպես Լեւոն Խեչոյանի հավերժ վերադարձ եւ ոգեկոչում:
Բանաստեղծ, թարգմանիչ, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը Լեւոն Խեչոյանին մարդ-երեւույթ անվանեց, ասաց, որ երբեւէ մարդ-բնություն կապը այնքան տեսանելի չի եղել, որքան Լեւոնի դեպքում: Նրա ձեւակերպմամբ, բնաշխարհը առանց Լեւոն Խեչոյանի թափուր ու դատարկ է թվում:
« …Արդյոք Մհերի փակվելը չէ՞ր բացահայտում նաև աշխարհի ունայնությունը, ազգերի անհամաձայնությունից ծագած’ իրար հաջորդող պատերազմների էթնիկ բնաջնջումները, երկրաշարժերի անխուսափելիությունը, հեղաշրջումների անմտությունը, որ եկել, մեր օրերն էին հասել: Արդյոք Մհերի վախը’ քանի գնացող գիտական մեթոդներով անմահ դարձող ժամանակակից մեր մարդու համար չէ՞ր, որ էգերի ու որձերի խառնակության պատճառով համատարած ՁԻԱՎ-ի, ամուլ արգանդի և սերմնակաթ ամորձիքի պատճառով մարդն ամուլ անսերունդ էր մնալու: Արդյո՞ք կործանման եզրին հասած արդի մարդու հուսահատ, շիզոֆրենիայով բռնկված ուղեղի տրոհումը վերջիվերջո ատոմային ռումբը չի՞ լինելու: Արդյոք աշխարհից կտրված, անմահության ձգտող անժառանգ մարդու պատճառով չէ՞ր ճախարակի կանգնելուց հետո Մհերի` գոյաբանական աշխարհից հեռանալու մտադրությունը, որ բերելու էր նյութական տիեզերքի ավարտը: Արդյոք այս ամենը նման չէ՞ աշխարհահռչակ գիտնականների հաստատումներին, թե տիեզերքի վերջը և սկիզբը Մեծ պայթյունից է ծագել, որ այն է եղել հողագնդի ոչնչանալու` կրկին առաջանալու պատճառը, որ Մեծ պայթյունից է սկսելու նոր ժամանակի և նոր մարդու սկիզբը»,-գրել է Լեւոն Խեչոյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մոսկվայում ինձ ասել էին, որ կա Լևոն Խեչոյան անունով մի տաղանդավոր գրող: Երեկ Երևանում գրախանութում վերցրին նրա կարմիր կազմով գիրքն ու բացեցի պատահական մի էջ: Կարդացի այն մասին, որտեղ հեղինակը պատմում է, թե ինչպես իր հայրը իրեն՝ դեռահաս պատանուն նստեցնելով անվարժ ձիու վրա, ուղեկցում է նրան «մերաքունած» բառով: Սա, այս ոճը, ամենայն հավանականությամբ հայ գրող Խեչոյանի նոր խոսքն է հայ գրականության մեջ: Կարդալով այս խայտառակությունը, փորձեցի կարդալ նոր պոետներից որևէ բան, որ սիրտս չխառնի նախորդից: Կարեն Անտաշյանի գիրքը բացեցի, որը ձեռքս տվեց խանութի աշխատողը: Այստեղ էլ, բացելով պատահական մի էջ, կարդացի մի բանաստեղծություն, որտեղ հեղինակը պատմում է այն մասին, թե ինչպես էին իրենց գյուղի ջահելները «էշ քունում»: Ես հազար անգամ ներողություն եմ խնդրում այս տողերը կարդացող կանանցից, բայց սա այդ հեղինակների խոսքերն են: Ինձ բացատրե՛ք, պարոնայք քննադատնե՛ր, այդ ինպե՞ս է պատահում, որ դուքայսպիսի երկերին կանաչ լույս եք տալիս դեպի գրական դաշտ: Ես էլ չեմ զարմանա, եթե հանկարծ հայ նորօրյա բանաստեղծները իրենց երկերում գրեն սեփական մոր և կնոջ ներքին սպիտակեղենի մասին բալլադ ու ներկայացնեն հասարակությանը որպես գրականության գլուխգործոց: Ես հրաժարվում եմ Թումանյան-Տերյան-Չարենց-Շիրազ-Սևակ-Սահյանից հետո սրանց ճանաչել որպես հայ գրականություն: Ու եթե հայ ժողովուրդը այնքան է ստորացել, որ պիտի կարդա ու ճանաչի այս աղբանոցային գրականությունը,, ուրեմն նա ապրելու իրավունք չունի: