Փետրվարի 28-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի 26-րդ բազմաբնակարան շենքին կից մանկական խաղահրապարակից կատարվել է առեւտրական կրպակների տեղափոխում: Այդ աշխատանքներում ներգրավված էր թվով 7 տրանսպորտային միջոց եւ տեխնիկա: Վագոն-տնակների տարհանման ժամանակ վիճաբանություն եւ միջադեպեր չեն եղել: Բերդի մանկական խաղահրապարակում առեւտրական կրպակների առկայության խնդրի, այդ առթիվ քաղաքի բնակիչների բողոքի մասին մենք գրել ենք 2012թ. հունիսի 19-ին:
Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը հայտնեց, որ 2013թ. մարտի վերջին քաղաքապետարանում կրպակատերերը ստորագրությամբ պարտավորվել են սեփական միջոցներով խաղահրապարակն ազատել կրպակներից, սակայն դա չի արվել: 29 վագոն-տնակների տեղափոխումը կատարվել է քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:
Կարդացեք նաև
Հ. Մանուչարյանն ասաց,որ խաղահրապարակը ծառայելու է միայն մանուկների հանգստի համար, այնտեղ պաղպաղակ կամ հյութեր վաճառելու համար կրպակներ, սառնարաններ չեն տեղակայվելու Խաղահրապարակը սալիկապատվելու է, տեղադրվելու են նստարաններ: Իսկ առեւտրի կրպակները տեղափոխվում են քաղաքային շուկայի համար նախատեսված տարածք, որի սեփականատերը նրանցից 2 տարի վարձավճար չի գանձելու: Բերդի քաղաքապետն ասաց, որ քաղաքի փողոցների մայթերը եւս ազատվելու են առեւտրական կրպակներից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ