Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) կամ այլ կերպ ասած «գորշ գայլերի» կողմից Բաքըրքյոյում քաղաքապետի հայ թեկնածուի առաջադրումը շատերին է զարմացրել։
«Ակօս» թերթը զրուցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ազգայնականների ցուցակներով առաջադրված թեկնածուների հետ։
Նրանցից մեկը 67-ամյա Ներսես Երամյանն է։ Հայրը հայ է, մայրը՝ հույն։ Կրթությունն ստացել է Մարմարայի համալսարանում. Ատամնաբույժ է։ Որոշ ժամանակ դասավանդել է համալսարանում, զբաղվել է առևտրով, իսկ այժմ աշխատում է որպես ատամնաբույժ։
«Հայերեն կարդալ չգիտեմ, սակայն շատ լավ եմ խոսում։ Մայրս հույն էր, դրա համար հունարեն էլ շատ լավ գիտեմ։ Հայաստան երբեք չեմ այցելել, առիթ չի եղել։ Հունաստանում էլ Թուրքիայի մասին լավ էի արտահայտվում»,-ասում է նա։
Ինքն իրեն բնութագրում է որպես համայնքը և Թուրքիան սիրող ազգայնական։ «Հավատացյալ մարդ եմ, ամեն կիրակի եկեղեցի եմ գնում, աղոթում։ Թուրքիայում ենք բնակվում, և պետք է սիրենք այն։ Մեր կրոնները տարբեր են, սակայն հայրենիքը նույնն է»,-ասում է հայ թեկնածուն։
Հարցին, թե ինչո՞ւ է ընդգրկվել «Ազգայնական շարժում» կուսակցության շարքերում, պատասխանում է. «Իսկ ինչո՞ւ ոչ»։
Երամյանի համոզմամբ՝ այս կուսակցությունն ամենամոտն է իր համայնքին։
«Եթե ապրում ենք այս երկրում, պետք է սիրենք մեր հայրենիքը։ Մենք Աթաթուրքի զավակներն ենք։ Նա է մեզ հասցրել այստեղ, եթե Աթաթուրքը չլիներ, չգիտեմ՝ որտեղ կլինեինք»,-ասել է նա։
MHP-ի մյուս հայ թեկնածուն 41-ամյա Էլմաս Կիրակոսն է, որը ծնվել է Ամասիայում, բայց մեծացել է Բաքըրքյոյում։ «Եկեղեցի եմ գնում, ճանաչում եմ իմ Աստծուն, ես հայ եմ և երբեք ինքնությունս չեմ թաքցրել։ Թուրքիայի քաղաքացի եմ, սակայն արմատներով հայ եմ։ Ես սիրում եմ իմ հայրենիքի դրոշը, ուրախ եմ, որ ապրում եմ Թուրքիայում, հպարտ եմ, որ Աթաթուրքի զավակն են»,-ասում է նա։
Մանրամասները կարող եք կարդալ` «Թերթ.ամ»-ի կայքում