Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է արտագաղթը ձեռնտու ՀՀ իշխանություններին

Փետրվար 28,2014 18:06

«Այն երկրում, որտեղ համախառն ներքին արդյունքի մեկ երրորդը կախված է արտագաղթից, ապա իշխանությանը ձեռնտու պետք է լինի արտագաղթը»,-այսպիսի կարծիք է հայտնում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Շարքային քաղաքացու համար էլ է ակնհայտ այն փաստը, որ տրանսվերտներն ու դրսից եկող մյուս միջոցները ՀՀ պետական բյուջեն լցնելու հարուստ աղբյուր են:

Արտագաղթի տեմպերի աճի մասին վկայում է նաև վիճակագրությունը: Այն, որ ՀՀ-ում մշտական բնակություն հաստատող անձանց թիվը տարեցտարի նվազում է, սա փաստում են նաև Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած թվային տվյալները: Օրինակ`2014-ի հունվարի 1-ի դրությամբ` ՀՀ-ում մշտական բնակություն է հաստատել 3 միլիոն 17 հազար 400 մարդ:  Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9500 մարդով պակաս է:  2013-ի հունվարի 1-ին ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 26 հազար 900 մարդ:

Aravot.am-ի հետ զրույցում ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն, սոց. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը ևս անդրադարձավ այս խնդրահարույց հարցին և ընդունեց այն հանգամանքը, որ արտագաղթի պարագայում մեր երկիր հսկայական գումարներ են մուտք գործում: Նա համադրեց այն փաստերը, որ մեր բնակչության մեկ երրորդից ավելին աշխատում է դրսում և այն, որ երկու միլիարդ դոլարի չափով փոխանցումներ են լինում դեպի Հայաստան` ՀՀ մեր միգրանտներից իրենց ընտանիքներին: Այնուհետև պարոն Պողոսյանը նշեց. «Այս երկու փաստերի համադրման դեպքում չնայած արտագաղթը մեծ վնաս է հասցնում մեր տնտեսությանը, քանի որ ակտիվ մասն է արտագաղթել, բայց զուտ նեղ ֆինանսական առումով այն գումարները, որ դրսից ստանում ենք, մեղմում է սոցիալական լարվածությունը ՀՀ-ում: Այս առումով դա ձեռնտու է  իշխանություններին: Այդ երկու միլիարդ դոլարի չափով փոխանցումերը մեր բյուջեի կեսի չափ են ու եթե չլինեին, այդ դեպքում իրավիճակն ավելի պայթյունավտանգ կլիներ և ավելի սուր կլիներ սոցիալական տնտեսական իրավիճակը»:

Բայց այս իրավիճակում պարոն  Պողոսյանը լուրջ վտանգներ է տեսնում ու նշում. «Բոլոր դեպքերում հասարակությունը սկսում է թուլանալ: Փորձը ցույց է տալիս, որ արտագաղթածները մի որոշ ժամանակ հետո գումար չեն ուղարկում, այլ իրենց ընտանիքի անդամներին են տանում Հայաստանից: Սա մեծ կորուստ է Հայաստանի համար, այն վտանգում է նաև ՀՀ անվտանգությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728