Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Սաֆարյանը Պետդեպարտամենտի զեկույցի մասին. «Արեւմուտքին պետք է, որ այս պահին ավելի ուժգին հիշեցնի ՀՀ իշխանությունների արատների մասին»

Փետրվար 28,2014 18:02

«Անցած տարիներին Պետդեպարտամենտի կողմից հրապարակված զեկույցները, որոնք մենք կարդացել ենք` թրաֆիքինգի, մարդու իրավունքների կամ ընտրությունների վերաբերյալ, անկեղծ ասած, երբեք մեծ կասկածների տեղիք չեն տվել, կասկածի տեղիք տվել են այդ զեկույցների հիման վրա կայացվող այդ զեկույցների վերջնական եզրակացությունները»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱՄՆ Պետդեպարտամենտի` մեր երկրի մասին այսօր հրապարակված Մարդու իրավունքների զեկույցը, որտեղ լրջագույն խնդիրներ են նշված, ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:

Ըստ զեկույցի հեղինակների՝ 2013 թվականի ընթացքում մեր երկրից չեն վերացել կոռուպցիան, խոշտանգումները, մարտի 1-ի տասը մահերի համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Զեկույցը նաեւ փաստում է, որ կառավարության գործունեության թափանցիկության պակաս կա, դատական համակարգի սահմանափակ անկախություն եւ այլն: 

Ըստ Ս. Սաֆարյանի. «Եթե հիմա մենք բացենք Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունների զեկույցները, որոնք կազմել են ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն, ԺՀՄԻԳ-ը, ապա կտեսնենք` լցրել են, թափել են, կեղծել են եւ այլն: Եվ կհասկանանք, որ այս երկրում ամենեւին էլ ընտրություն չի եղել: Բայց այն եզրակացությունները, այն հայտարարությունները, որոնք արվել են այդ զեկույցների վրա, կարծես թե լուծել են տվյալ պահի քաղաքական շահի խնդիրը»:
Պարոն Սաֆարյանը գտնում է, որ զեկույցներն ամենեւին համահունչ չեն եղել կամ չեն արտացոլվել դրանց հիման վրա արվող քաղաքական հայտարարություներում կամ որդեգրվող քաղաքական դիրքորոշումներում. «Այդ զեկույցները երբեք կասկածի տակ չեմ առել, այդ իշխանությունն է, որ աղանդավորի նման մեկնաբանել է զեկույցների այն հատվածները, որոնք իրեն ձեռնտու են եղել, իսկ այն հատվածները, որոնք իրեն ձեռնտու չեն, մեղադրել է նրանց` ինչ-ինչ նպատակներ հետապնդելու մեջ եւ կասկածի տակ է դրել:Բայց ինձ համար խնդիրը զեկույցներում երբեք չի եղել, խնդիրը զեկույցներից ազատվող հայտարարություններում է եղել: Այն ինչին անդրադարձել է ԱՄՆ-ն, անխոս է եւ անվիճելի»: Ըստ մեր զրուցակցի, սակայն, այդ զեկույցների քննարկման ինտենսիվությունը եւ դրանց շուրջ հանրային դեբատները ոչ միշտ են նույն ուժգնությունն ունենում. «Այն բանից հետո, երբ Հայաստանն ակնհայտ նշաններ ցույց տվեց Մաքսային միություն գնալու, Հայաստանի իշխանությունների հետ կապված սկսեցին տհաճ հրապարակումներ, հոդվածներ լինել, Սերժ Սարգսյանի անունը շոշափվում է այս կամ այն արատավոր երեւույթի հետ, բայց, երբ դրանից առաջ կար հայ-թուրքական արձանագրությունները, որտեղ Սերժ Սարգսյանը ստանձնել էր դրանք կյանքի կոչելու պարտականությունը, երբ կար, ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ այլն, այդ ժամանակ շատ քչերն էին հիշում կամ ակնարկում, կամ ավելի նեղ մասշտաբներով էր տեղի ունենում հրապարակված, անաչառ օբյեկտիվ ինֆորմացիայի քննարկումը: Եվ պատահական չէ, որ այս շրջանում դա բավականին քննարկվելու է եւ փորձ է արվելու նաեւ դրան քաղաքական մեկնաբանություն տալ` որպես Միացյալ նահանգների դիրքորոշում` Հայաստանի վարած արտաքին քաղաքականության նկատմամբ»:

Ստեփան Սաֆարյանի խոսքերով. «Բայց մի բան փաստ է, որ այս երեւույթների մասին հիմա ավելի բուռն են խոսելու, ավելի շատ մարդ է խոսելու, քան կարող էին խոսել 1-2 տարի առաջ: Զեկույցների բովանդակությունն իրականում չի փոխվել, փոխվում են դրանց քննարկման ինտենսիվությունը, դրանց հիման վրա տրվող գնահատականները եւ այդ դիրքորոշումներն, անշուշտ այս կամ այն կերպ բխելու են օրվա քաղաքական շահերից, արտացոլելու են առկա դժգոհությունները, դիտարկվելու են որպես մեսիջ, ուղերձ տվյալ երկրի իշխանություններին: Իրականում սա է փոխվել, իրականում չի փոխվել գնահատականները, դրանց խստությունը: Մեծ քաղաքականությունը երեւի թե հենց դա է, որ ասել այն եւ ասել այն ձեւով եւ այն պահին, երբ դա քեզ պետք է: Չեմ բացառում, որ արեւմուտքին պետք լինի, այս պահին մի փոքր ավելի ուժգնացած հիշեցնի այն արատների մասին, որոնք ունեն Հայաստանի իշխանությունները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728